Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդը յուրաքանչյուր պետության եւ հասարակության շարժիչ ուժն է»

Հոկտեմբեր 12,2022 12:30

Ասում է քաղաքագետ, ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վարդան Լաբլաջյանը

– Վարդան, գիտեմ, որ տարաբնույթ երիտասարդական ծրագրերի եք մասնակցում։ Դրանք ձեզ ի՞նչ են տալիս։

– Յուրաքանչյուր ուսանող եւ երիտասարդ, իմ կարծիքով, պարտավոր է մասնակցել երիտասարդական ծրագրերի, կրթական փոխանակումների` առաջին հերթին մոտիվացվելու, ապա՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Եվրոպական տարաբնույթ փոխանակման ծրագրերի եմ մասնակցում՝ ինձ հետ Հայաստան բերելով նորը, եւ եվրոպական երկրներում ծածանելով հայկական եռագույնը։ Երիտասարդական ծրագրերը տալիս են գիտելիքներդ ճիշտ եւ նպատակային օգտագործելու հնարավորություններ, ուղիներ են բացվում քո մասնագիտական առաջընթացի համար եւ մեծ փորձ ունեցող մասնագետներից կարողանում ես քաղել այն կարեւոր հմտություններն ու գիտելիքները, որոնք ամբողջ կյանքում պիտանի են լինում։ Ցանկանում եմ, որ երիտասարդները ձգտեն եւ լծվեն կարեւոր առաքելության։

– Ըստ ձեզ, ինչքանո՞վ է կարեւոր երիտասարդների մասնակցությունը պետականության պահպանման գործընթացին։

– Երիտասարդը յուրաքանչյուր պետության եւ հասարակության շարժիչ ուժն է։ Ինչպես ասում են՝ երիտասարդներն են կարծրացած քաղաքական համակարգերի թոքերն ու առաջմղիչ թնդանոթը, առանց որոնց չի՛ կարող եւ չկա՛ քաղաքականություն։ Երիտասարդները պատասխանատու են օրվա անցուդարձից մինչեւ քաղաքական կարեւոր որոշումների վրա ազդելու, սահմանների պաշտպանությունից մինչեւ դիվանագիտական պորտֆոլիոներ ապահովելու գործին մղվելու կարեւոր առաքելությանը։

– Լինելով ակտիվ երիտասարդ, եւ հաշվի առնելով ժամանակակից կյանքի պահանջները՝ շատ ենք զիջում մեր ժամանակին:

– Ժամանակին համընթաց քայլելը շատերը փորձում են ներկայացնել որպես եվրոպական արժեքների տեղայնացում հայ հասարակության շրջանում։ Մենք սիրում ենք քննարկել վատը, բացասական օրինակներ բերել՝ չկենտրոնանալով այն դրականի վրա, ինչը կարող ենք վերցնել ժամանակակից աշխարհից։ Եթե մեզ համար Էմիրաթների ծաղկից օրինակ վերցնելը կարող է դառնալ պետության գիտակրթական զարգացման համար հնարավորություն, ապա մենք հենց այսօր պիտի սկսենք առաջ շարժվել այդ երկրի օրինակով, եթե եվրոպական կրթական համակարգը թույլ կտա հաղթահարել այն բացը, որ գոյություն ունի մեր կրթական համակարգում, ապա հենց հիմա պետք է ուղեւորվել Եվրոպա՝ կրթական փորձն ու փոխանակումը Հայաաստան բերելու նպատակով։

– Ո՞ւմ գաղափարներն են ձեզ վրա ազդեցություն թողել։

– Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Սինգապուրի առաջնորդի գաղափարախոսությունն ու տեսլականը, պետություն կառուցելու օրինակն ու կայուն հասարակություն կառուցելու մեծագույն քայլերը։ Տեխնոլոգիաների եւ աշխարհաքաղաքականության զարգացման հարցում Լի Քվան Յուն հրաշալի մեկնարկ տվեց իր երկրում, իսկ իր արտահայտած մտքերն ինձ համար ոգեշնչող ուժ են։ Նա մեկ անգամ խոսել է տաղանդների մասին, նշելով, որ միայն նրանց ներգրավմամբ կարող ես ունենալ զարգացած պետություն եւ հասարակություն։ Այսօր Հայաստանն ունի տաղանդներին գնահատելու եւ նրանց շնորհիվ նոր մի աստիճան բարձրանալու կարիք։

– Խնդրում եմ նաեւ անդրադառնաք ՈՒԳԸ միջազգային 8-րդ գիտական նստաշրջանի աշխատանքներին։ Քանի՞ երկրից են մասնակիցները եւ գիտաժողովն ի՞նչ կտա երիտասարդ գիտնականներին։

– Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության գիտաժողովի հանդիսավոր բացման արարողությունը։ Կարեւոր է նշել, որ միջոցառումը իր բնույթով եզակի է, նվիրված ԵՊՀ ամենահին կառույցի հիմնադրման 75-րդ ամյակին, եւ այս դժվարին ժամանակաշրջանում այն գալիս է երիտասարդ գիտնականներին տրամադրելու նոր հարթակ, հնարավորություն, եւ որ ամենակարեւորն է՝ դեպի առաջադիմություն մղող կարեւոր ուղի է ապահովելու։ Որպես ՈՒԳ ընկերության արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, այս տարի ստացել ենք արտասահմանյան մասնակիցների զեկուցումների մոտ 30 հայտ, որը խոսում է կառույցի դերի ու նշանակության, վստահության եւ ամրության մասին։ Ցավոք, պատերազմական իրավիճակից ելնելով՝ շատերը կզեկուցեն հեռավար տարբերակով, իսկ հոդվածները կտպագրվեն ՈՒԳԸ պարբերականի ամենամյա համարներում եւ կփոխանցվեն բոլոր երիտասարդ գիտնականներին ու հետազոտողներին։

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31