Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական հանդիպում ոչ թե բանակցող, այլ՝ թելադրող Էրդողանի հետ

Հոկտեմբեր 12,2022 12:00

Պրահայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն Էրդողանն օգտագործեց, որպեսզի այժմ էլ ի ցույց դնի Հայաստան-Ադրբեջան խնդիրների կապվածությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ

1991թ. դեկտեմբերին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի որեւէ իշխանություն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չի ներկայացրել նորանկախ Հայաստանում: Սակայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, քանի որ Անկարան պաշտոնական Երեւանի առջեւ մշտապես առաջ էր քաշում հարաբերությունների կարգավորման մի շարք նախապայմաններ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության հրաժարումից մինչեւ թուրքական իշխանության համար վճռորոշ նշանակության՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, բնականաբար, Բաքվի համար ընդունելի պայմաններով:

Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ որոշակի շփումներ եղել են՝ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր առիթներով: Սակայն թուրքական իշխանությունները հավատարիմ մնալով «եղբայրական» Ադրբեջանի պահանջներին՝ ի վերջո, ապացուցեցին, որ առաջնայինը ոչ թե հարեւան երկրի հետ խնդիրները լուծելն է, այլ թուրքական շահին համահունչ՝ տարածաշրջանային առաջնահերթությունները: Այսօրվա Թուրքիան Սերժ Սարգսյանի իշխանավարման՝ «ֆուտբոլային դիվանագիտության» տարիների Թուրքիան չէ, թեեւ այն ժամանակ էլ Անկարան ապացուցեց, որ առանց ԼՂ-ի խնդրի ադրբեջանամետ լուծման՝ որեւէ զիջման պատրաստ չեն գնալու:

Այսօր արդեն Անկարան հանդես է գալիս ոչ թե բանակցողի, այլ՝ թելադրողի, առնվազն, պահանջներ ներկայացնողի դիրքերից: Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան պատմական հանդիպումը, բայց սա Հայաստանի անկախությունից ի վեր Երեւանի համար ամենաանբարենպաստ շրջանն էր: Հայաստանի որեւէ իշխանության կառավարման տարիներին, ՀՀ իշխանության որեւէ ներկայացուցիչ այսպիսի թույլ դիրքերից չի հանդիպել թուրքական իշխանության որեւէ ներկայացուցչի հետ:

Դեռ մինչեւ Էրդողան-Փաշինյան հանդիպումը, Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց. «Ե՛վ մեր, ե՛ւ թուրքական կողմը չենք բացառել իմ եւ Էրդողանի հանդիպումը։ Չբացառել նման հանդիպումը դեռեւս չի նշանակում, որ հանդիպումը կկայանա, բայց չի էլ նշանակում, որ չի կայանա։ Կախված է մի քանի հանգամանքներից։ Կա ԵՄ-ի կողմից կազմակերպված միջոցառում, որտեղ հրավիրված ենք ե՛ւ Թուրքիան, ե՛ւ մենք։ Ե՛վ մենք, ե՛ւ իրենք պետք է որոշենք այդ գագաթաժողովին մասնակցելու վերաբերյալ կամ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, եւ մասնակցելու դեպքում հանդիպումը կկայանա, թե՝ ոչ, այլ խնդիր է։ Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, պատրաստվում եմ մասնակցել գագաթաժողովին, իսկ հանդիպումն այս պահին կարող եմ ասել, որ բացառված չէ»։ Նա նաեւ հավելել էր, որ հանդիպման օրակարգում կլինեն սահմանների բացման, հարաբերությունների կարգավորման հարցերը։ Իսկ հարցին, թե կքննարկվի՞ Արցախի հարցը, Փաշինյանը պատասխանել էր. «Երբ որ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն։ Դա կախված է նաեւ մեր զրույցից։ Դա մեր առաջին հանդիպումն է լինելու, եւ հարցերը կախված են այն բանից, թե ինչպես կգնա հանդիպումը»:

Փաշինյան-Էրդողան հանդիպումից 2 օր առաջ թուրքական իշխանամետ «Sabah»-ը հայտնեց, որ Էրդողանը Փաշինյանին ուղերձներ կհղի՝ կապված Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս հանդիպումները տեղի ունենան ոչ թե երրորդ երկրներում, այլ Թուրքիայում եւ Հայաստանում: Նաեւ հայտնում էին, թե ակնկալվում է, որ Էրդողանը նաեւ կխոսի Հայաստանի ու Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հարցերի շուրջ: Ըստ «Sabah»-ի՝ սպասվում էր, որ Էրդողանի օրակարգում կլինի նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հնարավորինս արագ կյանքի կոչելու հարցը:

Պրահայում՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման առիթը Էրդողանն, այսպես ասած, պաշտոնապես, ամբողջ աշխարհի առջեւ, օգտագործեց, որպեսզի այժմ էլ ի ցույց դնի՝ Հայաստան-Ադրբեջան խնդիրների կապվածությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման Անկարան կապել էր ԼՂ խնդրի հետ: Հիմա Անկարային անհրաժեշտ է ավելին…

Ի՞նչ «մեկնարկային» դիրքորոշումներով կայացավ Փաշինյան-Էրդողան հանդիպումը, որո՞նք էին պաշտոնական Երեւանի ուղերձները՝ այդ խիստ կարեւոր հանդիպումից առաջ:

Փաշինյանը Պրահա մեկնելուց մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ծավալուն անդրադարձ կատարեց ղարաբաղյան կարգավորման գործընթացին, եւ իր նախորդների «սխալների» վրա բարդելով այսօրվա իրավիճակի պատասխանատվությունը, իրականում, Փաշինյանը ուղերձների շարք ներկայացրեց Անկարային: Ինչպես, օրինակ, բացատրել այս «մեղադրանքը». «Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, ըստ էության, ՀՀ բանակցողները զրոյացրին 1991թ. անկախության հանրաքվեն, զրոյացրին 1990թ. օգոստոսի 23-ին ընդունած ՀՀ Անկախության հռչակագիրը…»: Դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ Փաշինյանն անտեսում է, որ իր նախորդի իշխանավարման ժամանակ ինքնորոշման սկզբունքը բանակցային սեղանին է եղել, ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետությունների իշխանությունները մի քանի առիթներով իրենց տարածած համատեղ հայտարարություններում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, այլ սկզբունքների հետ միասին, ընդգծել են, իսկ մի առիթով էլ Ալիեւը հրապարակավ դժգոհել է, որ «կուլիսներում միջազգային հանրությունն իրեն ստիպում է ճանաչել ԼՂ-ն»:

Փաշինյանը Էրդողանի եւ Ալիեւի հետ բանակցությունների մեկնելուց առաջ իր պարտքը համարեց ընդգծել, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այսինքն, դրանից հստակ բխեցրեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Բաքվի պահանջն արդեն Հայաստանը կասկածի տակ դնել չի պատրաստվում:

Հաջորդ կարեւոր ուղերձը, որ Փաշինյանը հղեց, հետեւյալն է՝ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը: Նրա նախապայմանը սա է, եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ԱՊՀ-ի ստեղծման մասին 1991թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա, ապա Հայաստանը պատրաստ է այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման: Ապա` հավելեց, սահմանների դեմարկացիան առանձին գործընթաց է, բայց դելիմիտացիան այդ հենքը ճանաչելու դեպքում շատ արագ կարելի է իրականացնել. «Եթե ընդունում ենք 1991թ. դեկտեմբերի 18-ի իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, սա նշանակում է, որ դելիմիտացիան կարելի է շատ արագ անել, որովհետեւ այն քարտեզի վրա նշումն է: Դեմարկացիան արդեն այլ խնդիր է, որովհետեւ կարող է համապատասխան կոռեկցիաներ արվեն»:

Նկատենք, որ ՀՀ սահմանների ճանաչման հստակ պահանջ Փաշինյանը, կարծես առավելապես, դրեց ոչ թե Ադրբեջանի վրա, այլ՝ ՀԱՊԿ-ի, ընդգծելով, որ Երեւանն ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական: Մի կողմից Փաշինյանն, անշուշտ, արդարացիորեն իր դժգոհությունն արտահայտեց այդ կազմակերպությունից, որը վերջին երկու տարիների իր համառ անգործությամբ ապացուցեց, որ բացառապես պաշտպանում է Ադրբեջանի շահերը, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային մի կառույցում, որտեղ դաշնակից որեւէ երկիր Հայաստանի տարածքային ամբողջականությունը հրապարակավ պաշտպանելու ցանկություն չունի:

«Վերջերս ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել: Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձեւակերպեցի, իմ արձագանքն այն էր, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա զուտ բառախաղ չէ: Նաեւ հավելեց. «Մենք ակնկալում ենք իրավիճակի հստակ քաղաքական գնահատական: Երբ մենք նախկինում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ ՀՀ-ի անվտանգության վերաբերյալ (ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է), մենք ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է: Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք այդ ժամանակ բնականաբար դիմեցինք ՀԱՊԿ-ին, եւ մեզ համար շատ տարօրինակ մի արձագանք ստացանք, որ սահմանը դեմարկացված կամ դելիմիտացված չէ: Այստեղից հարց ծագեց՝ այդ դեպքում այն կարմիր գիծը որտեղո՞վ էր անցնում»:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանը դեռ այն ժամանակ հստակ ձեւակերպել է այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը: «Սա կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ՀԱՊԿ-ի համար, քանի որ ասել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով: Եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն»,-ասաց նա: Ապա, կրկին անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի թեմային. «Այդ սահմանները կոորդինատներով հայտնի են, այդ սահմանները Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք 1991թ. դեկտեմբերի 18-ի համաձայնագրով (վավերացված է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի խորհրդարանների կողմից) այդ գոյություն ունեցող սահմանները սահմանվել են որպես պետական սահմաններ… Երբ ասում են՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, թե դուրս չի գա, հարցի սխալ ձեւակերպում է: Հարցը հետեւյալն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս կգա՞, թե՞ չի գա, կամ ՀԱՊԿ-ը կֆիքսի՞ իր պատասխանատվության գոտին, իր կարմիր գիծը Հայաստանում»,-նշեց նա: «Այսինքն՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտը պետք է արձանագրի, եւ ագրեսիայի ակտի վերացման հստակ ճանապարհային քարտեզ պետք է ներկայացվի: Եվ այսպիսով պետք է ֆիքսի այն կարմիր գիծը, որը դե յուր ֆիքսված է, որը ՀԱՊԿ-ի անկյունաքարն է»,-ամփոփեց նա:

Պաշտոնական Երեւանի պահանջները ՀԱՊԿ-ից պարզ էին ու հստակ: Սակայն, որո՞նք են պաշտոնական Երեւանի քայլերը՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի հարձակումների, որոնք իրականացրել են Ադրբեջանի ստորաբաժանումները եւ որոնց հովանավորն է Թուրքիան… Թե՞ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտն իրականացնողների նկատմամբ պետք է առավել մեղմ գտնվել:
Փաշինյանը որոշեց գնալ Անկարայի հետ բանակցությունների, բայց նա որեւէ նախապայման չներկայացրեց, գոնե հրապարակավ, օրինակ, եթե Անկարան այս կամ այն հարցում զիջի, ապա պաշտոնական Երեւանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման:

Մինչդեռ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների վրա աչք փակելը, կամ ադրբեջանական կողմից ակնհայտ սանձարձակ պահվածքի առիթով բարձրացած աղմուկը փոքր-ինչ նվազեցնելը, նշանակելու է՝ ունենալ էլ ավելի հանդուգն դիրքերից հանդես եկող բանակցողներ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի կողմից, շարունակական պահանջներ՝ ուղղված պաշտոնական Երեւանին, իսկ եթե թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացրած մոտեցումները կյանքի չկոչվեն, ապա կունենանք մշտական լարվածություն Հայաստանի սահմանին:

Ահա, այսպիսի մեկնարկային «բազայով» էլ Փաշինյանը մեկնեց Պրահա՝ բանակցելու Էրդողանի ու Ալիեւի հետ:

Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31