Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինին ապավինելը սխալ է

Հոկտեմբեր 12,2022 15:00

Բայց եկեք հասկանանք, թե ինչու են Արցախի ԱԺ պատգամավորները դիմել այդ քայլին

Անցած շաբաթ տեղի ունեցավ մի «միջադեպ», որը լրատվական հոսքի մեջ կորելով, քննարկման առարկա չդարձավ: Արցախի խորհրդարանի պատգամավորները հանդես էին եկել հայտարարությամբ, որի առաջին կետում ասված է. «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը եւ դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին եւ այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան»: Այո, ԼՂՀ-ի հռչակումը, Խորհրդային միության փլուզման ֆոնին, ուներ լուրջ իրավական հիմքեր: Ուկրաինայի մարզերի «վերամիավորումը» ՌԴ-ին որեւէ իրավական հիմք չունի՝ բավական է ասել, որ Ռուսաստանը չունի պետական ինքնիշխանություն այդ մարզերի հանդեպ:

Այդպիսով, Արցախի՝ առնվազն երեք դար տեւող ազատագրական պայքարի, 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի եւ 2022-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի 4 մարզերի բռնակցման միջեւ զուգահեռը կոռեկտ չէ: Ես կասեի նույնիսկ՝ հակառակը. ցանկացած նախկին կայսրության կամ Ադրբեջանի նման մինի-կայսրության հավակնություններն իրենից ազատագրված գաղութի հանդեպ եւ փորձը՝ այդ հավակնություններն իրականացնել ուժային ճանապարհով «մերձեցնում են» Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին: Ապավինել, որ Կրեմլը կազդվի այդ զուգահեռից եւ կասի՝ «դե, ուրեմն, եկեք Արցախի Հանրապետության անկախությունն էլ ճանաչենք», իրատեսական չէ: Պետություններն առաջնորդվում են շահերով, ոչ թե հուզական զուգահեռներով: Իսկ Արցախի հարցում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը շատ կետերում համընկնում են:

Այդքանով հանդերձ` ինձ անցած շաբաթ զարմացրել էր հայաստանյան քաղաքական գործիչների եւ ֆեյսբուքյան ստատուսագիրների ցասումը, հեգնանքը, ատելության դրսեւորումները Արցախի ժողովրդի ներկայացուցիչների այդ հայտարարության կապակցությամբ: Հասկանում եմ, որ արցախցիներին հայհոյելը «թրենդային» է մեր հասարակության համար եւ ոչ բացահայտորեն խրախուսվում է Հայաստանի իշխանությունների կողմից: Կարծում եմ, Երեւանի փողոցներում շատերդ տեսել եք, թե ինչպես են «տեղացիները» արձագանքում, երբ լսում են Արցախի բարբառը, շատերն անգամ նկատողություն են անում՝ «սա մե՛ր երկիրն է»: Չեմ ուզում օրինակներ բերել առօրյա կյանքից՝ կրքեր չբորբոքելու նպատակով, բայց կարծում եմ, երեսպաշտորեն թաքցնել դա՝ նույնպես իրատեսության դրսեւորում չէ:

Սակայն այն մարդկանց, որոնք կուրացած չեն արցախցիների հանդեպ այդ բացասական հույզերից, առաջարկում եմ փոքր-ինչ մարդկային վերաբերմունք դրսեւորել Արցախում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ եւ հասկանալ, թե ինչու են նրանք դիմում նման սխալ եւ հուսահատ քայլի: Եթե Հայաստանի իշխանությունները փաստացի ասում են՝ «մենք ձեզ հետ գործ չունենք՝ գնացեք, բանակցեք Ադրբեջանի հետ» (շատ լավ իմանալով, որ Ադրբեջանը «բանակցելու է» Էնվեր-փաշայի ոճով), երբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասում է՝ «ՀՀ-ն այլեւս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ իրավունքները ապահովելու», բնական չե՞ք համարում, որ արցախցիները, որոնց գլխին կախված է ոչնչացման եւ արտաքսման միանգամայն իրական վտանգը, կառչում են փրկության ցանկացած հնարավորությունից: Իսկ այդ հնարավորությանը, նրանց թվում է, Ռուսաստանն է, որի զինծառայողներն այսօր լավ թե վատ ապահովում են հարաբերականորեն կայուն վիճակը:

Դա, իհարկե, պատրանք է՝ դիմել Պուտինին, ինչպես եւ ցանկացած երկրի ղեկավարին, որ նա ապահովի մեր անվտանգությունը, անիմաստ է: Եկեք հիշենք, թե մեր պատմության ընթացքում քանի՜ անգամ ենք դիմել եւ ինչ հետեւանքների է դա բերել: Համոզված եմ, որ հայերի անվտանգությունը, վերջին հաշվով, կարող են ապահովել միայն հայերը՝ դարերի երկար ու ձիգ պատմությունից մենք, հավանաբար, կարող ենք այդ պարզ հետեւությունն անել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aha says:

    … ինչպես են «տեղացիները» արձագանքում, երբ լսում են Արցախի բարբառը, շատերն անգամ նկատողություն են անում՝ «սա մե՛ր երկիրն է»:

    I remember when 2021 during local elections in Kapan, the candidate from the leading political force (civil contract) would yell in the microphone and to the crowd listening to him ‘Albanians will not dictate us what to do’. He was of course referring to Karabakhtsis and Robert and Serj!

    I don’t know when this anti-karabakh mood developed in Armenia but it is in essence a disease that significantly harmed us. It also speaks to the complete absence of political maturity of the average Armenian citizen. Since 1988 Armenia has been in a conflict to defend the rights of Karabakh Armenians and one still thinks that they are Albanians (the official Azerbaijani thesis), not Armenians? How mentally retarded can one be?

    • Հայկ համբարձումեան says:

      You are disregarding the fact that these theses have been actively propagated and amplified by foreign (in this case western) funded media, with a very specific agenda. An agenda who is practically winning, unless a miracle or a major upheaval happens, the chances of which seem very slim right now

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31