Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի ղեկավարությամբ այս օրերին գտնվում է Հայաստանում։ Պաշտոնական այցի շրջանակներում պատվիրակության անդամները այցելել են նաև Տավուշի մարզկենտրոն Իջևան։
Համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդումը և Իջևան-Վալանս համագործակցությունը։ Ի նշան երկու քաղաքների միջև ստեղծված բարեկամության՝ դեռևս տարիներ առաջ, Իջևաի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվել է Վալանս անունով։
Քույր քաղաքների միջև հաճախակի կազմակերպվում են փոխայցելություններ՝ կրթական և մշակութային ծրագրերի շրջանակներում։ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի համար այս դժվար օրերին ցանկացել են լինել հայ ժողովրդի կողքին։
Կարդացեք նաև
«Ֆրանսիան կանգնած է հայ ժողովրդի կողքին։ Մեր այցելությամբ ցանկանում ենք աշխարհի ուշադրությունը սևեռել դեպի Հայաստան։ Ուզում եմ շեշտել,որ այսուհետ ևս մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները և համագործակցությունը հայ ժողովրդի հետ»,- հավելեց Դարագոնը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ