Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամս. «Թոշակի անցնելուց հետո պատրաստվում եմ ապրել Բաքվում»

Հոկտեմբեր 11,2022 23:23

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

 

Վերջին ամիսներին ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են մի քանի հոդվածներ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի վիճահարույց հայտարարությունների, արտասահմանյան ճանապարհորդությունների և դրամահավաքների վերաբերյալ:

Մինչև 2022 թվականի հունվարի 1-ին քաղաքապետ դառնալը՝ Daily News-ը 2021 թվականի փետրվարի 6-ին հրապարակեց հոդված՝ «Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու Էրիկ Ադամսն արտասահմանյան ճանապարհորդություններ է կատարել դեպի կոռուպցիայի պատմություն ունեցող երկրներ»։ Թերթը գրել է, որ «Բրուքլինի ավանի նախագահ Էրիկ Ադամսը հազարավոր դոլարների ճանապարհորդական և այլ օգուտներ է ստացել Չինաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից՝ երեք երկրներ, որոնք իրենց քաղաքացիներին ճնշելու լավ փաստագրված պատմություն ունեն»:

Ադամսը խոստովանել է, որ ութ անգամ մեկնել է Թուրքիա։ 2015 թվականի օգոստոսին թուրքական կառավարությունը հազարավոր դոլարներ է վճարել Բրուքլինի  ավանի  նախագահ Ադամսին վեց օրով Թուրքիա այցելելու համար, որտեղ նա ստորագրել է քույր քաղաքի պայմանագիր Ստամբուլի Ուսքյուդար շրջանի հետ: Թրքական հյուպատոսությունը վճարել է մինչև 4999 դոլար նրա ավիատոմսերի, հյուրանոցային ծախսերի և վերգետնյա տրանսպորտի համար՝ համաձայն Ադամսի բացահայտման՝ քաղաքի Շահերի բախման խորհրդին (COIB)։ Համաշխարհային զբոսաշրջության հիմնադրամ կոչվող կազմակերպությունը, որը հյուրընկալել էր Ադամսին Անթալիայում (Թուրքիա), նշված էր որպես մինչև 4999 դոլար ճանապարհորդական ծախսեր վճարող, բացահայտել է Daily News-ը:

2016 թվականին «Ադրբեջանի զբոսաշրջության նախարարությունը վճարել է մինչև 4999 դոլար, որպեսզի Ադամսը չորս օրով այցելի իր մայրաքաղաք Բաքու, համաձայն ավանի  նախագահի բացահայտմանը Շահերի բախման խորհրդին», հաղորդում է Daily News-ը: «Ինձ համար մեծ պատիվ է ժամանել Ադրբեջանի մեր քույր քաղաքը», ասել է Ադամսը հայտարարության մեջ:

Նյու Յորքի լուրերի ծառայությունը բացահայտել է, որ ըստ քարոզարշավի ֆինանսավորման արձանագրությունների, «անհատների նվիրատվությունները, որոնք առնչվում են ներգաղթյալների համայնքների կազմակերպություններին, որոնց նա սիրաշահել էր այս ճանապարհորդություններով, հետագայում ուղղվել են Ադամսի քաղաքապետի քարոզարշավին»։

2018 թվականի մարտին, իր քաղաքապետի նախընտրական հանձնաժողովն ստեղծելուց անմիջապես հետո, «Ադամսը մասնակցել է  պարսկական Նոր տարին՝ Նովրուզը, տոնող երեկույթի Baku Palace ճաշարանում, Sheepshead Bay [Նյու Յորք]», ըստ Նյու Յորք քաղաքի  լուրերի ծառայության։ Ադամսն ասել է ադրբեջանցիների ցնծացող բազմությանը. «կառավարության պաշտոնից թոշակի անցնելուց հետո ես պատրաստվում եմ  ապրել  Բաքվում»: Նա ստացել է 7000 դոլար նախընտրական նվիրատվություն:

2018 թվականի հուլիսին Ադամսը դրամահավաք է անցկացրել Մանհեթենի «Ալի Բաբա» թուրքական ճաշարանում՝ հավաքելով 16000 դոլար։ Թուրք գործարար Մուրադ Գյուզելը 2018 թվականի հուլիսի 12-ին Ադամսին տվել է 5000 դոլար, իսկ հաջորդ ամիս՝ լրացուցիչ 5100 դոլար։ Այնուամենայնիվ, Ադամսի նախընտրական շտաբն ստիպված է եղել վերադարձնել 8100 դոլարը Գյուզելին, քանի որ գերազանցվել էր 2000 դոլարի նախընտրական նվիրատվության սահմանը: Նաև հուլիսին «Թյուրքեն» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Բեհրամ Թուրանը 3000 դոլար է նվիրաբերել Ադամսին, հաղորդում է Նյու Յորք քաղաքի լուրերի ծառայությունը:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը մեջբերել է Ադամսի խոսքերը. «Թուրքիան մեծ դեր է խաղացել մարդկության ձևավորման գործում… Ես թուրք ժողովրդի բարեկամն եմ»:

Քաղաքապետ Ադամսի ամենամոտ ընկերներից է քրեական անցյալ ունեցող հայ  ճաշարանապետ Ժան «Ջոնի» Պետրոսյանցը։ Politico-ն հաղորդել է, որ նա «ութ տարի առաջ մեղադրվել է փողերի լվացման գործով դաշնային դատարանում: Նա և իր երկվորյակ եղբայրը՝ Ռոբերտը, մեղադրվել են 11 հոդվածներով՝ չեկերի կանխիկացման սխեմային մասնակցելու համար, որը ներառում էր բժշկական վճարային ընկերությունները: Ջոնի Պետրոսյանցն իրեն մեղավոր է ճանաչել այդ մեղադրանքներից մեկում և դատապարտվել պայմանական ազատազրկման և հասարակական աշխատանքի, իսկ նրա եղբայրը դատապարտվել է վեց ամսվա բանտարկության դաշնային բանտում: Մեկ այլ մեղադրյալի հետ նրանցից բռնագանձել են մոտ 700 հազար դոլար»։ Պետրոսյանց եղբայրներին և քաղաքապետ Ադամսին հաճախ են միասին տեսնում մասնավոր ակումբներում և  ճաշարաններում։

2022 թ․ օգոստոսի 22-ին «Նյու Յորք թայմս» թերթը ծավալուն հոդված է հրապարակել՝ «Էրիկ Ադամսը մութն ընկնելուց հետո․ մասնավոր սեղան և արատավոր ընկերներ» վերնագրով։ Թերթը գրել է, որ հունիսին քաղաքապետն առնվազն 14 գիշեր անցկացրել է Մանհեթենի հեղինակավոր «Լա Բայա» ռեստորանում, որը ղեկավարում են Պետրոսյանց եղբայրները։ Ադամսը սովորաբար այնտեղ անցկացնում է օրական երեքից չորս ժամ և հեռանում փակվելուց շատ հետո: «Նյու Յորք թայմսը» գրել է, որ եթե քաղաքապետը չի վճարել իր ճաշերի համար, ապա խախտել է քաղաքի բարոյագիտության կանոնները։ Բացի այդ, «Առանց անդամավճարներ վճարելու մասնավոր ակումբների մուտքի հնարավորությունը կարող է հանգեցնել բարոյագիտության կանոնների խախտումների», ասել է [Ռիչարդ] Բրիֆֆոն՝ Շահերի բախման խորհրդի նախկին նախագահը»:

«Լա Բայա» ճաշարանի խմիչքի արտոնությունը գրանցված է Մարիաննա Շահմուրադյանի անունով, որը մի քանի երեխաներ ունի Ռոբերտ Պետրոսյանցից, հայտնում է «Նյու Յորք թայմսը»։ 2018 թվականի ապրիլին Շահմուրադյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Ադամսի քարոզարշավին, որից 3000 դոլարը վերադարձվել է նրան՝ 2000 դոլար նվիրատվության սահմանը գերազանցելու համար։

Քաղաքապետի հայկական կապերից ևս մեկը Ռոն Թորոսյանի հետ է, որը PR ընկերություն ունի Մանհեթենում։ Նա խնդրահարույց դեմք է, որը լոբբիստական աշխատանք է կատարել Թուրքիայի կառավարության համար, ինչպես ես հայտնել եմ 2017 թվականին։

Daily Beast-ը հոդված է հրապարակել Թորոսյանի մասին՝ «Ինչո՞ւ է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը կցված այս «թունավոր» PR գուրուին» վերնագրով: Նրան նկարագրել են որպես «հարձակողական PR ղեկավար», որը «հայտնի է իր փողոցային կռվարար գործելաոճով»։ Քաղաքապետի ընտրությունների գիշերը նա շքեղ հաղթական երեկույթ է կազմակերպել՝ միայն անդամների համար նախատեսված մասնավոր ակումբում, որտեղ քաղաքապետ Ադամսը բազմիցս մասնակցել է որպես Թորոսյանի անձնական հյուր: Քաղաքապետին և Թորոսյանին ներկայացրել է Ժան Պետրոսյանցը, հաղորդել է Daily Beast-ը: «Յոթ նախկին աշխատակիցներ, որոնք առանց ներկայանալու զրուցել են Daily Beast-ի հետ՝ վախենալով Թորոսյանի հաշվեհարդարից, նրան բնութագրել են որպես «թունավոր» մարդ, որից Նյու Յորքի ապագա քաղաքապետը պետք է հեռու մնա»։

«Նյու Յորք թայմսը» գրել է, որ «քաղաքապետ լինելու իր կարճ ժամանակահատվածում Ադամսը երբեմն խրվել է բարոյագիտության պղտոր ջրերի մեջ: Այն բանից հետո, երբ նա խոստացավ վճարել իր դեպի Պուերտո Ռիկո ուղևորության համար, խոստովանեց, որ թռչել է ձեռնարկատիրոջ անձնական ինքնաթիռով: Ավելի ուշ նա ասաց, որ վճարել է իր տեղի համար, սակայն փաստաթղթեր չներկայացրեց»: Բացի այդ, «Շահերի բախման խորհուրդը որոշել է, որ Ադամսը չի կարող իր եղբորը՝ Բեռնարդին տալ 210000 դոլար վարձատրությամբ աշխատանք՝ որպես քաղաքապետի անվտանգության բաժնի ղեկավար: Բեռնարդ Ադամսն այնուհետև վերահասցեավորվեց խորհրդատուի պաշտոնում՝ 1 դոլար աշխատավարձով»:

Մնում է տեսնել, թե արդյոք իր բազմաթիվ «պղտոր» գործարքներով քաղաքապետ Ադամսը կկարողանա ավարտել իր պաշտոնավարման ժամկետը և իրականացնել իր երազանքը՝ թոշակի անցնելով Բաքվում…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31