Արմեն Այվազյանը պայմանագրային զինծառայող էր: Նա անմահացել էր երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմում, Ջրականի թեժ մարտերի ժամանակ: Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Արմենը ծնվել էր Մալիշկայում՝ 1984թ, նա սիրող ամուսին էր ու լավ հայր, հարգված շրջապատում:
Օրերս լրացավ նրա մահվան երկրորդ տարելիցը, որի առիթով հավաքվել էին հարազատներն ու Արմենի մտերիմները: Այժմ նրա կինը՝ Գայանե Ալեքսանյանը երկու երեխաներին միայնակ է մեծացնում: Նա պատմում է, որ ամուսինը պարբերաբար արտագնա աշխատանքի էր մեկնում, սակայն որդու ծնվելուց հետո ծառայության էր անցել ՀՀ Զինված ուժերում, մասնավորապես՝ Վայքի զորամասում։
Կարդացեք նաև
Գայանեի խոսքով, Արմենին և նրա զինակից ընկերներին հետնահանջ հրաման էր տրվել, սակայն, նրանք չենթարկվելով հրամանին, շտապել էին վիրավորներին օգնություն ցուցաբերել, բայց, ոչ նրանց էին կարողացել օգնել, ոչ էլ հնարավոր էր եղել վերադառնալ:
Գայանեն հուզված պատմեց, որ միշտ ամուսնուն խնդրում էր հնարավորության դեպքում թեկուզ կարճատեւ, բայց զանգել, իսկ Արմենն ասում էր. «Որ օրը չզանգեմ, իմացի՝ էլ չկամ»: Հիմա Արմեն Այվազյանը չկամ ու կինն ու զավակները չեն հաշտվում նրա ֆիզիկական բացակայության հետ, բայց մի բան իրենց համար հստակ է՝ նա անմահացել է, որ իր ընտանիքը ապրի հայրենիքում՝ խաղաղ երկնքի ներքո:
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ