Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա մեղադրում է հայ կանանց դեռ 2018 թվականին իր նախաձեռնած խաղաղության արշավին չմիանալու մեջ եւ դա բնութագրում որպես «մեռելային լռություն», ասաց. «Նախ, նրա այդ նախաձեռնությանը ոչ միայն հայ կանայք չեն միացել, այլեւ Մեհրիբան Ալիեւան, որին խնդրում էր Շուշիում միասին մուղամ լսել եւ թեյ խմել: Ճիշտ է, Մեհրիբանը Շուշիում թեյ խմեց, բայց առանց Աննա Հակոբյանի: Չգիտեմ՝ ինչով է բացատրվում նրա ոչ առողջ ակտիվությունը վերջին ժամանակաշրջանում: Մինչեւ այդ էլ նա ինչ-որ հայտարարություններով ի հայտ եկավ: Ճակատագրի հեգնանքով, ես 2014 թվականի տարվա հայուհին եմ եւ երեւի իրավունք ունեմ որպես հայուհի արձագանքել տիկնոջ անհեթեթություններին: Այդ կոչումը ես իմ գործընկեր Անժելա Էլիբեգովայի հետ միասին ստացել եմ «Հայատյացությունը Ադրբեջանում» գրքի համար եւ ֆունդամենտալ աշխատանքի համար արժանացել «Տարվա հայուհի» բարձրագույն կոչմանը: Եվ եթե տիկինը հայուհիներից հաշիվ է ուզում պահանջել, ես որպես հայուհի, իրավունք ունեմ արձագանքել: Նա նշում է իր նախաձեռնությունները, որոնք հայ կանանց սրտերում եւ մտքերում ոչ մի տեղ չգտան եւ հավանության չարժանացան: Եկեք սկսենք ամենասկզբից:
Աննա Հակոբյանի նախաձեռնությունների շարանն սկսվեց նրանով, որ առաջինը նա դիմեց այն հայերին, որոնք չեն ապրում Հայաստանում, իրենց դատարկ բնակարանները ձրի տան բոմժերին: Դա արդեն խոսում էր նրա մտադրությունների մակարդակի մասին: Այդ առաջին նախաձեռնությունը լիովին տապալվեց կես ժամ անց:
Հաջորդ նախաձեռնությունն այն էր, որ նա մեծամտորեն ասաց, թե այն մարդիկ, ում հետ նախորդ կյանքում մոտիկ է եղել կամ կոֆե է խմել, թող չմտածեն, թե կարող են պաշտոն ստանալ, որովհետեւ իրենք ամեն ինչ ազնիվ են անելու: Ու դրանից հետո ամբողջ կառավարական ապարատը եւ ԱԺ-ն լցվեցին նրա բարեկամներով, ընկերներով եւ ոչ կոմպետենտ ու անմակարդակ կոնտինգենտով:
Այնուհետեւ Աննան որոշեց բանակ մտնել եւ մեկ անգամ Տավուշի գնդերից մեկը տարավ իր ընկերուհու աճեցրած ելակը: Հիշում ենք, որ հայկական բանակն այսուհետեւ Աննայի նախաձեռնությամբ ելակ է ուտելու արտահայտությունը: Դա եղավ մեկ անգամ, բայց բանակը բարոյալքեց հավերժ: Ելակի պատմությունն էլ ասեմ, որ մութ կետեր չման: Աննա Հակոբյանի ընկերուհին Տավուշում ուներ ելակի ջերմոցներ: Եվ որովհետեւ դրա զգալի մասը չէր վաճառել, Աննայի միջոցով այդ համարյա փչացող ելակը վաճառվել էր բանակին:
Կարդացեք նաև
Հետո եղավ «Ժպիտների քաղաքը», երբ այս տիկինը սկսեց երեխաներին քաղցկեղից բուժել: Բայց հետո պարզվեց, որ նա անհեթեթ քայլերով խոչընդոտում է այդ գործին, ինչից նեղացավ ու դուռը շխկացնելով գնաց:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, որը հիշատակում է իր գրության մեջ, նա խոսեց այն մասին, որ այդ տղաները զոհվեցին հանուն ոչնչի: Իսկ դա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանների անսասանությունն էր, Ջերմուկից, Կապանից, Վերին Շորժայից, Իշխանասարից, Սեւ լճից մի քանի հարյուր կիլոմետր հեռու ռազմաճակատը: Այսինքն, այդ տղաները նրա համար էին զոհվել, որ Նիկոլ ընտրող զանգվածը արդեն սահմանամերձ Ջերմուկում, Կապանում, Շորժայում եւ մյուս վայրերում հանգիստ քներ, որ իրենց գլխին ռումբեր չթափվեն, ինչը հիմա տեղի է ունենում:
Հետո որոշեց զինվոր-զինվոր խաղալ: Եթե հիշում եք, նա շատ հաճախ գնում էր 3-րդ բանակային կորպուս, սելֆիներ էր անում, ինչ-որ կրակել էր սովորում: Խաղաղություն տենչացող մարդը կրակել չի սովորում, զինվորական համազգեստով չի ֆռֆռում ու չի պատրաստվում ռազմական գործողությունների: Այսինքն, նա մի կողմից մեզ համոզում է զենքը վերածել զարդերի, մյուս կողմից ի ցույց աշխարհի եւ մեզ, գնում է զինվորների հետ խրամատ մտնում ու մեզ ասում, թե կրակել է սովորում:
Դե, Էրատոյի խայտառակ պատմությունը բոլորս գիտենք: Մայրը, որ մտածում է 20 տարեկանի ադրբեջանցի եւ հայ ծնողների մասին, դրա համար իր սեփական 20 տարեկան որդուն պահում էր Գորիսի բունկերներում, որ հանկարծ Աշոտիկը չմրսի, չվիրավորվի, չհիվանդանա եւ առհասարակ, մատը փուշ չմտնի:
Իհարկե, նա երկու պատճառով իրավունք ունի գանգատվել, որ մենք իր մեսիջները սխալ ենք հասկացել: Առաջինը, որ ինքը սխալ մեսիջներ է հղում ու այդ մեսիջները չի կարելի ճիշտ ընկալել: Երկրորդ, եթե նա ուրիշ բան ուներ ասելու բացի նրանից, ինչ մենք հասկացանք, ուրեմն ունի պրոբլեմ` իր ճիշտ մեսիջները հասանելի ձեւով ձեւակերպում, որպեսզի մենք հասկանանք: Այսինքն, ինչ է նշանակում` տղաները զոհվել են հանուն ոչնչի ու հիմա այս խայտառակ պարտությունը փորձում է ծախել մեր վրա, թե ես ժամանակին ասում էի: Բայց աղջիկ ջան, դու ժամանակին մեզ ուրիշ բան էիր ասում: Համոզում էիր, թե եկեք չկռվենք, ինչ պետք է` տանք ու ամեն ինչ «օկ» կլինի: Եվ քո այդ խոսքերի վրա քո ամուսինը սաբոտաժի է ենթարկել ամբողջ ռազմական գործողությունները: Օրը կգա եւ կձեւավորվի իսկական, ճիշտ, գործող քննիչ հանձնաժողով: Եվ քո ամուսնու ու քո անձնական դերը այս խայտառակ պարտության մեջ կբացահայտվի: Ու դուք պատասխան կտաք»,- ասաց Արմինե Ադիբեկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ