Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ոստիկանության ամբողջ համակարգը չփոխվի, նրա մի հատվածի բարեփոխումը ռիսկի տակ է». Արթուր Սաքունց

Հոկտեմբեր 11,2022 21:01

«Եթե ոստիկանության ամբողջ համակարգը չփոխվի, նրա մի հատվածի բարեփոխումը ռիսկի տակ է։ Հիմա ներդրվել է պարեկային ծառայությունը, բայց մյուս բլոկներում բարեվարքության ստուգումը, վեթթինգը չկան»,- այս մասին այսօր կայացած բանավեճի ընթացքում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Բանախոսը կարծում է, որ Հայաստանը չի հասել այն մակարդակին, որ ոստիկանությունը դիտվի բարեփոխված, քանզի  իր ղեկավարած կառույցը ստացել է պարեկների կողմից բռնության դեպքի ահազանգ, ինչը սակայն իր բնորոշմամբ բացառություն է, ոչ թե օրինաչափություն։

«Ներքին գործերի նախարարություն ստեղծվելու դեպքում ոստիկանապետին նշանակելու է վարչապետը, ինչի նկատմամբ ես վերապահում ունեմ, քանզի անորոշ է, թե ինչ նշանակություն է ունենալու նրանց հարաբերությունը։ Գործառութային առումով պետք է ակնհայտ լինի, թե ով ինչ ցուցում կամ հրաման կարող է տալ ոստիկանապետին։ Ամեն դեպքում, ներքին գործերի նախարարությունը սիստեմատիկ փոփոխություն է, կարևոր քայլ է»,- ասաց Սաքունցը։

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը փաստեց, որ բարեփոխումները որոշ բաներ փոխել են, սակայն դեռ չեն հասել սպասված ցանկալի արդյունքին. «Նախկին համակարգը սովետական ուժային կառույց էր, որը անարդյունավետ է, ինչպես ակնհայտ է ռուս-ուկրաինական պատերազմից։ Նախկին համակարգում ճանապարհային ոստիկանն ընկալվում է որպես տուգանող, ոչ թե անվտանգություն ապահովող»,- ասաց նա։

Այնուամենայնիվ Իոաննիսյանը ճիշտ է համարում ամեն ինչ նորից սկսելու քաղաքականությունը։ Նրա կարծիքով նոր համազգեստի, նոր կրթության, նոր ծառայողների ներգրավման արդյունքում բազմաթիվ դրական փոփոխություններն ակնհայտ են։

«Բազմաթիվ խնդիրներ կան հանցագործությունների բացահայտման հարցում. վերջին հինգ տարվա ընթացքում կատարված սպանություններից ընդամենը 27 տոկոսն է դատարան հասել, գողության դեպքերի’ 11 տոկոսը։ Կա նաև խոշտանգումների խնդիրը, ինչը փաստում է, որ ոստիկանությունը հանցագործություններ բացահայտելու մեթոդներ չունի»,- ասաց Իոաննիսյանը։

Բանախոսը նաև շեշտեց, որ ոստիկանության բարեփոխումների նկատմամբ միջազգային ուշադրությունն աննախադեպ է.«Վերջերս հանդիպում եմ ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի հետ, քննարկման առանցքում հայ-ադրբեջանական հարցերն էին, սակայն զրուցակիցս սկսեց դետալներով, մանրամասն հարցնել ոստիկանության բարեփոխումների ընթացքի մասին։ Այսինքն, բոլոր թեմաներից ԱՄՆ փոխպետքարտուղարն ընտրեց հենց ոստիկանության բարեփոխումների թեման»,- ասա։ Իոննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31