Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաճիկէն ոչ մի յոյս մի ունենաք…նորա ուղեղը քարէ ժայռից է». յուրահատուկ ցուցադրություն՝ Կոմիտասի ու Չոպանյանի մտերմության մասին

Հոկտեմբեր 11,2022 20:45

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ բացվել է մի բացառիկ ցուցահանդես՝ նվիրված Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին: Այն կրում է «Դարից երկար» խորագիրը:  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ  Կոստանդյանը նշեց, որ  ցուցահանդեսի հիմքում Կոմիտաս-Արշակ Չոպանյան կապն է, ցուցադրության նյութերը բերվել են մեծ մասամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, ներկայացված են նյութեր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Հայաստանի ազգային պատկերասրահից եւ Հայաստանի պատմության թանգարանից:

Նրա ձեւակերպմամբ, գաղտնիք չէ, թե ինչ մեծ դերակատարություն է ունեցել Չոպանյանը Կոմիտասի կյանքում: Հավելեց, որ առաջիկա ամիսներին ցուցադրության հիմքի վրա կստեղծվեն կրթական ծրագրեր՝ տարբեր տարիքային խմբերի համար:

Ցուցահանդեսի համադրող, Գրականության եւ արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանը ներկայացնելով ցուցահանդեսի առանձնահատկությունը նշեց, որ այն Արշակ Չոպանյանի եւ Կոմիտասի ընկերության մասին է, մի ընկերություն, որը սկիզբ է առել 1901թ՝ նրանց առաջին հանդիպումից ու շարունակվում է անգամ մինչեւ հիմա, երբ նրանք չկան: Նշեց, որ ցուցադրությունը տարբերվում է մյուսներից. «Սովորաբար ցուցադրության մեջ գլխավոր հերոսները, գործող անձինք  ցուցանմուշներն են: Այս ցուցադրության մեջ ունենք գրաֆիկական կոլաժներ, որոնք հավասար հանդես են գալիս որպես գործող անձինք: Ամեն գրաֆիկական կոլաժը մի պատմություն է իրենց կյանքից, եւ ունենք  6 տարբեր թեմաներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է որեւէ դրվագ: Դուք տեսնում եք գրաֆիկական պատմությունը, հետո մտնում եք տաղավարի մեջ, ու տեսնում՝ արտեֆակտը, պատմությունը հավաստող փաստաթուղթը»:

Տիկին Հարոյանը ներկայացրեց 6 թեմաները, որոնցից առաջինը կոչվում է «Սպասված եւ երազված մարդը», եւ դա  Չոպանյանի բնորոշումն է Կոմիտասին, երբ 1901-ին Փարիզում առաջին անգամ հանդիպում է նրան. «Չոպանյանը գրել է, որ այդ հանդիպումը շատ տպավորիչ ու ցնցող է եղել, ու նման զգացում ունեցել է նաեւ այն ժամանակ, երբ Մխիթարյանների մոտ հանկարծ հայտնաբերել է մեր  միջնադարյան քնարերգուների ձեռագրերը: Եվ ի՞նչն է կապում Չոպանյանին ու Կոմիտասին: Չոպանյանը հզոր անձնավորություն էր, ու ինչպես Կոմիտասը, նաեւ ես բազմաժանր էր՝ հրատարակիչ էր, գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ: Պատահական չէ, որ նրան անվանում էին մեր դեսպանը: Չոպանյանը մի ամբողջ ինստիտուտի, դեսպանության գործ է արել: Ցավում եմ, որ այսօր նրա մասին քչերը գիտեն, մինչդեռ ժամանակին ամենահայտնի հայերից մեկն է եղել, որը  մեծ շրջապատ է ունեցել եւ ֆրանսիական մտավորականության, եւ քաղաքական գործիչների շրջանում: Նա հսկայական գործ է արել  նաեւ կապված հայկական հարցի ճանաչելիության, Եղեռնից փրկված հայերի համար, եւ հենց իր շնորհիվ էր, որ Նանսենյան անձնագիրը ճանաչվեց հայերի համար»:

Ցուցահանդեսի երկրորդ թեման երկու անհատականությունների երկրորդ հանդիպումն է Փարիզում, 1906թ, երբ Չոպանյանը կազմակերպում է Կոմիտասի առաջին մեծ համերգը, ինքն էլ զեկուցումով հանդես գալիս:Համերգը բեկումնային է լինում Կոմիտասի կյանքում, որովհետեւ նրան միջազգային ճանաչում է բերում: «Այդ համերգից հետո էր, որ Ռոմեն Ռոլանը, Սեն-Սանսը եւ հայտնի երաժշտագետները ճանաչեցին գնահատեցին Կոմիտասին: 1906թ դեկտեմբերի 6-ին տեղի է ունենում համերգը, եւ իրենք նաեւ համերգաշար են ունենում Եվրոպայում՝ Շվեյցարիայից մինչեւ Իտալիա:  Երկրորդ թեմայի անվանումն է «Հայ երաժշտության հաղթարշավը»: Ի դեպ, այդ համերգները մեծ արձագանք ունեցան ոչ միայն հայկական թերթերում, այլեւ այդ ժամանակի միջազգային մամուլում:

Երրորդ թեման նրանց հանդիպումն է ներկայացնում Էջմիածնում, նամակագրություն, ապա Կաթողիկոսի մահից հետո, նոր ընտրությունների առիթով Չոպանյանի այցը Էջմիածին՝ որպես պատգամավոր: Չոպանյանը շատ հետաքրքիր մի նկատառում է անում. հոդվածներից մեկում գրում է, որ Էջմիածին գալով հասկացել է, թե ինչքան նեղ է այն  Կոմիտասի համար: Ի դեպ, Չոպանյանը շատ է աշխատել, որ Կոմիտասին պահի Փարիզում, սակայն չի ստացվել, որովհետեւ ոչ եկեղեցին է  կարողացել գումար հատկացնել, ոչ էլ հայ մեծահարուստները:

Հաջորդ թեման կոչվում է «Աղետից առաջ», որտեղ ներկայացված է իրենց վերջին հանդիպումը 2004թ.՝ Փարիզում: Այդ տարին նշանավորվում է նրանով, որ Կոմիտասը մասնակցում է երաժշտագիտական մեծ համաժողովի, նրա ելույթը մեծ արձագանքի է արժանանում:  Ի դեպ, այդ տարի նա ձայնագրում է ձայնապնակ Արմենակ Շահմուրադյանի հետ, որտեղ հիմնականում հոգեւոր երգեր են Եվ այդ ձայնապնակը հալածանքների պատճառ է դառնում Կոմիտասի դեմ, եկեղեցին վատ է ընդունում, ասելով որ վաճառքի եք հանել հոգեւոր երգը: Ի պաշտպանություն Կոմիտասի՝ «Բյուզանդիոն» թերթում Չոպանյանը «Անկրօն որոշում մը» վերնագրով հոդված է գրում եւ նշում, որ եկեղեցու որոշումը հայհոյանք է գեղեցիկի  դեմ:

Մեր մյուս թեման էլ կոչվում է «Աղետ»: Այս թեմայով ներկայացված է ընդամենը մեկ ցուցանմուշ, որը բերվել է Հայաստանի պատմության  թանգարանից: Դա հայտնի համրիչն է Չանզըրի աքսորականների: 101 ուլունքահատըիկի վրա փորագրված են 1915թ աքսորված հայ մտավորականների անունները,  համրիչի առաջին հատիկի վրա էլ Կոմիտասի անունն է: Նաեւ մի-երկու գրություն ունենք, դրանցից մեկը Չոպանյանինն է: Նա իրեն մեղավոր է համարում, որ իր խորհրդով Կոմիտասը Էջմիածնից Պոլիս գնաց, ինչը ճակատագրական եղավ Կոմիտասի համար:

Վերջին թեման անվանել ենք «Դարից երկար»: Դա  այն մեծ գործունեության մասին է, որ Չոպանյանն իրականացրեց Կոմիտասի հիվանդությունից եւ մահից հետո՝ կապված Կոմիտասի ժառանգության հրապարակման եւ Հայաստան տեղափոխման հետ: Եվ իսկապես,Կոմիտասի ժառանգության այն հատվածը, որ եկավ Հայաստան, փրկվեց»,-նշեց Ցուցադրության համադրողը:

Տիկին Հարոյանը ի թիվս այլնի, տեղեկացրեց, որ ժամանակին թուրքերը եւս Կոմիտասին առաջարկել են իրենց երաժշտության նմուշները հղկել, սակայն Կոմիտասը հրաժարվել է: Նա Չոպանյանին գրած նամակում պատմում է այդ մասին, ասում է կարող եմ. «Բայց չպիտի ընեմ» : Արշակ Չոպանյանին ուղղված 1912թ դեկտեմբերի 15-ին գրված մեկ այլ նամակում Կոմիտասը գրում է. «Տաճիկէն ոչ մի յոյս մի ունենաք, մի սպասէք, նորա ուղեղը քարէ ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրուելու համար պիտանի եւ ոտքի տակը սալայատակելուն յամար…»:

Հավելենք, որ «Դարից երկար» խորագրով ցուցահանդեսը կտեւի մինչեւ տարվա վերջ, չի բացառվում, որ կերկարացվի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31