Սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2019 թվականին, բուժօգնություն է ստացել 1800 մարդ։ Այս մասին հոկտեմբերի 11-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը։
Նա հավելեց, որ տարեցտարի ավելանում է ծրագրում ընդգրկված մարդկանց թիվը, եթե ամբողջ 2019թ. օգնություն է ստացել ընդամենը 350 քաղաքացի, ապա այս տարվա հոկտեմբերի տվյալներով, ծրագրում ընդգրկված է 500 մարդ։ Աղաջանյանը հայտնեց, որ ընդլայնվում է նաև ծրագրի աշխարհագրությունը, այն իրականացվում է Երևանի երեք բժշկական կենտրոններում ու արդեն նաև Գյումրիում, որտեղ օգնություն է ստացել 40 քաղաքացի։
Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Վիգեն Բաբիկյանը հույս հայտնեց, որ ծրագրին կմիանան նաև Վանաձորի, Գորիսի և Ստեփանակերտի բժշկական կենտրոնները։
Կարդացեք նաև
Կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանն ընդգծեց, որ կաթվածի բուժումը համարվում է պետպատվերի ծրագրի մի մաս, սակայն իշեմիկ կաթվածի բուժման նորագույն մեթոդները, այդ թվում անոթի լուսանցքի բացման տակտիկաները, օգնում են խուսափել հաշմանդամությունից, բայց դա թանկ է, ուստի առանց պետական ֆինանսավորման գրեթե անհնար է բուժում իրականացնել։
Արմինե Աղաջանյանը վստահեցրեց, որ դեպք չի եղել, որ քաղաքացին ընդգրկված լինի ծրագրում և ֆինանսավորման պատճառով օգնություն չստանա։ Նա նշեց, որ 2019-ին պետբյուջեից ծրագրի համար հատկացվել է 650 միլիոն դրամ, իսկ 2021-ին՝ 1 միլիարդ 100 միլիոն դրամ, իսկ 2022 թվականին՝ արդեն 1 միլիարդ 400 միլիոն դրամ։
«Մինչ ծրագրի մեկնարկը մեկ հիվանդանոցում կաթվածից մահացությունը միջինում կազմում էր 30-40 տոկոս, ծրագրի մեկնարկից հետո այս ցուցանիշը իջավ մինչև 20 տոկոս»,-ասաց նա։ Նունե Եղիազարյանը կարևորեց այն հանգամանք, որ ծրագրի ներդրմամբ կաթվածի նկատմամբ մեծացավ ուշադրությունը, ինչպես պետական համակարգի, այնպես էլ բժշկական կենտրոնների ու բժիշկների շրջանում: «Հաշվի առնելով, որ խոսքը շտապ բուժօգնության մասին է, պետք է ակտիվ աշխատել ոչ միայն նյարդաբանների, այլ նաև շտապօգնության բժիշկների հետ, որպեսզի նրանք արագ հայտնաբերեն կաթվածի նշանները և արագ հասցնեն մոտակա բժշկական կենտրոն։ Կարեւոր է նաև աշխատել քաղաքացիների հետ, որպեսզի նրանք ինքնուրույն և արագ բացահայտեն արտաքին նշանները»,-հավելեց Եղիազարյանը։
Վիգեն Բաբիկյանի խոսքով՝ Երևանի երեք խոշոր բժշկական կենտրոններում մահացության մակարդակը չի տարբերվում այսօր Կանադայի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ցուցանիշներից։
Ալբերտայի կանադական համալսարանի նյարդաբանության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլու խոսքով՝ բուժված հիվանդների 80 տոկոսի կենսամակարդակը բարելավվել է, նրանք վերադարձել են բնականոն կյանքի։ Այս ցուցանիշը նույնպես մոտ է Կանադայի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ցուցանիշին։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ