Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ, չկա նման բան, Գյումրին երեք քաղաքապետ չունի»․ հեռացող ՔՊ-ական փոխքաղաքապետի ասուլիսը

Հոկտեմբեր 11,2022 18:16

Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը հեռանում է․ նա պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատրաստվում է դառնալ Ազգային Ժողովի պատգամավոր՝ ԿԸՀ նախագահ ընտրված Վահագն Հովակիմյանի փոխարեն։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վահագն Հովակիմյանին առաջադրել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Պատգամավոր դառնալու հերթը հասել է Դավիթ Առուշանյանին, նա է ընտրացուցակում հաջորդ համարը։

Այսօր Դավիթ Առուշանյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, նա ամփոփեց իր արած ու չարած աշխատանքները, կարևորեց մամուլի դերը պաշտոնյաների գործունեության մեջ, շնորհակալություն հայտնեց խնդիրները բարձրաձայնած քաղաքացիներին, իր թիմին, գործընկերներին, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին։

Որքան էլ զարմանալի է՝ Դավիթ Առուշանյանը քննադատաբար մոտեցավ նաև իր գործունեությանը՝ նշելով, որ նպատակադրված ծրագրերի քիչ մասը հասցրեց ի կատար ածել։

«Այն, ինչ խնդիրներ դրել եմ իմ դիմաց կարճաժամկետ, դրանք լուծել եմ կամ գործընթացի մեջ են․ սպորտդպրոցների շինարարության հետ կապված աշխատանքներ են ընթանում, ֆինանսը կա, կառավարությունն արդեն տրամադրել է, մրցութային փուլում է։

Այն, ինչ չեմ հասցրել անել, միանշանակ շատ-շատ է, ինչ նպատակներ ունեի այստեղ անելու, շատ քիչ մասին եմ հասել, այնպես չէ, որ շատ գոհ եմ իմ աշխատանքից, որ փայլուն փոխքաղաքապետ եմ եղել։ Ես ինքս իմ հանդեպ քննադատորեն եմ մոտենում, որովհետև հնարավոր չէ հասնել այն ամենին, ինչը պատկերացնում ես ու ցանկություն ունես անելու»,-ասաց նա։

Նա իրեն միաժամանակ ռեֆորմներ սիրող պաշտոնյա համարեց, որը չվախենալով քննադատություններից՝ պայքարեց բացօթյա առևտրի դեմ, մայթերը «ազատագրեց»։

Ըստ նրա, եթե չես գնում լուրջ ռեֆորմների, կառավարումն իներցիոն ձևով գլորվում է։ Դավիթ Առուշանյանի ասելով՝ ճիշտ է՝ ժամանակը փոխելու է Գյումրին՝ ուզես, թե չուզես, սակայն քաղաքային իշխանությունը նրա համար է, որ արագացնի այդ փոփոխությունները։

Ըստ բանախոսի, հինգ տարի առաջ ոչ մեկը չէր պատկերացնում, որ Գյումրին կդառնա զբոսաշրջային կամ տեղեկատվական տեխնոլոգիաների քաղաք։

Դավիթ Առուշանյանը նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կարևորել է քաղաքի արտաքին տեսքը, լուսավորումը, կանաչապատումը, ծայրահեղ վատ պայմաններում գտնվող մարզադպրոցների վերանորոգումը, Գյումրու եկամուտների ավելացումը։ Նրա տեղեկացմամբ՝ քաղաքի սեփական եկամուտներն անցած տարվա համեմատությամբ 43 տոկոսից ավելի է աճել, որը կազմում է գրեթե 231 միլիոն։

Դավիթ Առուշանյանը նաև վստահեցրեց, որ ինքը Ազգային ժողովում դառնալու է Գյումրու դեսպանը․ օրենսդիր աշխատանքում ևս շարունակելու է Գյումրու զարգացմանը նվիրված իր գործունեությունը։

«Միանշանակ վստահեցնում եմ՝ ես Գյումրիից չեմ գնում, ուղղակի աշխատանքիս վայրն եմ փոխում, նպատակը մնում է նույնը»,-ասաց նա։

Բանախոսն անդրադարձ կատարեց նաև Գյումրու կոալիցիոն կառավարմանը, որը ստանձնել է «Բալասանյան դաշինքը» ՔՊ-ի հետ համատեղ։ Նա վստահեցրեց, որ թեև կան տարաձայնություններ, բանավեճեր, սակայն դրանք ի շահ քաղաքի զարգացման են։

Այն դիտարկմանն  ի պատասխան էլ, թե ինտրիգային պատմություններ են տեղի ունենում քաղաքապետարանում, որոնք երբևէ չեն եղել նախկինում, Դավիթ Առուշանյանն ասաց․«Ինտրիգները, որոնց մասին քաղաքում խոսում են, երբևէ անձնական չեն եղել, անձնական հարցի շուրջ երբևէ բանավեճ չենք ունեցել, բոլոր բանավեճերը միտված են եղել քաղաքի զարգացմանը, ուղղակի մոտեցումներ են տարբեր։ Միանշանակ առողջ բանավեճեր են եղել և ի շահ քաղաքի են եղել, բնականաբար չի կարող որևիցե տեղ աշխատանքային գործընթաց լինի ու բանավեճ չլինի։ Եթե բանավեճ ու որևէ հարցի շուրջ քննարկում չկա, ուրեմն այն վատ հետևանքների է տանելու»։

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանի գյումրեցիներից շատերի այն ընկալումները, թե Գյումրին երեք քաղաքապետ ունի, ամեն մեկն իրեն կառավարիչ է զգում․ Դավիթ Առուշանյանը պատասխանեց․ «Գյումրիում չկա երեք քաղաքապետ, կա քաղաքապետ ու երկու փոխքաղաքապետեր, բայց քանի որ հուշագրում գրված է՝ համատեղ կառավարում, մենք միանշանակ մեծ ներդրում ունենք Գյումրի քաղաքի կառավարման մեջ, բայց դա չի նշանակում, թե Գյումրին ունի երեք փոխքաղաքապետ։ Գյումրու քաղաքապետը Վարդգես Սամսոնյանն է»։

Թե ո՞վ կփոխարինի Դավիթ Առուշանյանին, ՔՊ վարչությունում դեռ քննարկվում է։

Դավիթ Առուշանյանը կարևորում է այնպիսի անձի թեկնածության առաջադրումը, որը կկարողանա մամուլի հետ ճիշտ շփվել, կարևորել լրագրողների դերն ու նրանց հետ լավ աշխատել։

Ի դեպ, լրագրողներից մեկը Գյումրու փոխքաղաքապետին հորդորեց փոխանցել իր թիմին՝ «մանկամիտ անձի» չնշանակել պաշտոնի։

Գյումրու փոխքաղաքապետը հակադարձեց, որ իրենց թիմում մանկամիտներ չկան, որի հետ սակայն չհամաձայնեցին ներկաներից ոմանք։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31