Հոկտեմբերի 10-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և «Բարզանի» բարեգործական հիմնադրամը ստորագրեցին Շեյխանի ճամբարի բոլոր վրանները փոխելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կառավարության որոշմամբ եզդի փախստականներին օգնելու նպատակով հատկացված գումարներով և «Բարզանի» հիմնադրամի համատեղ միջոցներով: Ստորագրման արարողությանը հաջորդեց 10-ից ավելի տեղական առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի և «Բարզանի» բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդի համատեղ մամուլի ասուլիսը:
Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը` «Բարզանի» բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ՀՀ կառավարությունը, չնայած իր առջև ծառացած մարտահրավերներին, հավատարիմ է մնում հումանիտար արժեքներին և այս կերպ իր փոքր ներդրումն է ունենում եղբայրական եզդի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու հարցում:
«Բարզանի» բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդը իր ելույթում շնորհակալություն հայտնեց եզդի փախստականներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշումը ուղերձ է միջազգային հանրությանը չդադարելու օգնել Իրաքյան Քուրդիստանում ապաստանած փախստականներին և ներքին տեղահանված շուրջ 1 միլիոն անձանց։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով և «Բարզանի» հիմնադրամի ջանքերով Շեյխանի ճամբարում գործող 3 դպրոցների մոտ 1000 աշակերտների համար ձեռք բերել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ