«Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին գոհ մնաց իր տեսածից։ Հասկանալով մեր ատոմակայանի վիճակը` հիմնական շեշտը դրեց այն բանի վրա, որ մենք բավականին մեծ գործ ենք արել` վերանորոգել ենք անվտանգության սարքավորումները, որոշ մասը փոխել ենք և բարձրացրել մեր ատոմակայանի ընդհանուր անվտանգությունը։ ՀԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու համար իրականացված նոր ծրագրով 170 մլն դոլարից 120 մլն. դոլարն օգտագործվել է անվտանգության ապահովման վրա»,– այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց ատոմային էներգետիկայի փորձագետ, ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը։
Նա ընդգծեց, որ ՀԱԷԿ–ի ռազմավարական ծրագրով նախատեսված է նոր ատոմակայանի կառուցումը, որը բավականին երկարատև գործընթաց է, այն մոտավորապես կտևի 10-12 տարի: Որպեսզի ՀԱԷԿ-ը չկորցնի մասնագետներին և ռեսուրսների ներուժը, որոշվել է երկարացնել ՀԱԷԿ–ի կյանքը՝ մշակված հատուկ հայեցակարգի միջոցով։ Ռուսատոմէներգիայի հետ մշակվել է համատեղ տեխնիկատնտեսական առաջադրանք, որը հետագայում պետք է քննարկվի և ընդունվի ՀՀ կառավարության կողմից:
Սևիկյանի պնդմամբ` Գրոսիի այդ հայտարարությունից հետո Թուրքիան պետք է որ դադարեցնի շահարկել ատոմակայանի անվտանգության խնդիրը, քանի որ, ըստ նրա, շուրջ 50 տարվա շահագործման ընթացքում երբևէ որևէ վթար չի եղել։
Գերա Սևիկյանի պնդմամբ, նույնիսկ վթարի դեպքում Մեծամորի նման ատոմակայանների հնարավոր վնասը չի կարող համեմատվել, օրինակ, Չեռնոբիլում տեղի ունեցած աղետի հետևանքների հետ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին անցյալ շաբաթ այցելել էր Հայկական ԱԷԿ և տպավորվել անձնակազմի մասնագիտական պատրաստվածությամբ, անվտանգության միջոցառումներով։ Նա խոստացել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի իր աջակցությունը Մեծամորի ԱԷԿ-ին:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ