ՀՀ սահմանամերձ համայնքների հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին տրամադրվում է դասագրքերի գումարների ամբողջական փոխհատուցում` պետական բյուջեի միջոցներից: Դասագրքերի վարձավճարների փոխհատուցման ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության N 1444-Ն որոշման պահանջների։
Ըստ այդմ` դասագրքերի վարձավճարի աջակցություն են ստանում ՀՀ սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում սովորող աշակերտները: Հաշվի առնելով, որ ՀՀ բոլոր դպրոցներում 1-4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը ստանում են անվճար, սահմանամերձ համայնքներում պետական աջակցության ծրագիրն իրականացվում է 5-12-րդ դասարաններում սովորողների համար: Աջակցությունից օգտվում են նաև նշված սահմանամերձ համայնքներում բնակվող միգրանտ սովորողները:
Բացի դրանից` ՀՀ բոլոր դպրոցներում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողները ևս ստանում են դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցում, որն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով` «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Տվյալ հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում ու հաստատվում տնօրենի կողմից:
Նշենք նաև, որ յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 20-ը, ԿԳՄՍ նախարարությունը հաստատում է սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը։ Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի՝ մեկից ավելի հրատարակչությունների կողմից հրատարակվող դասագրքերի պարագայում կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, որոնք դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:
Գրադարանում պահվող, երաշխավորված և գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին: Ուսհաստատության բոլորին տեսանելի վայրում փակցվում է տվյալ ուսումնական տարում գործածության երաշխավորված դասագրքերի ներդրումային գումարի չափի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի հրամանի պատճենը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ