Լրահոս
Օրվա լրահոսը

18 անվճար հնարավորություն Հայաստանի երիտասարդների համար. ԵՄ-ն ուսման լայն հնարավորություններ է առաջարկում

Հոկտեմբեր 11,2022 18:12

ԵՄ-ն ուսման լայն հնարավորություններ է առաջարկում «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի միջոցով, այդ թվում՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների փոխանակումներ եվրոպական համալսարաններում։ Փոխանակումները կազմում են ձեր օգտված ծրագրի մաս են կազմում և կարող են տևել մեկ կիսամյակից մինչև մեկ տարի: Ձեր կրած ծախսերը ևս ծածկվում են: Դուք կարող եք նաև դիմել «ԷՐԱԶՄՈՒՍ+» կրթաթոշակի՝ եվրոպական լավագույն համալսարաններում մագիստրոսի կոչում ստանալու համար:

Փոխանակումների համար այցելեք ձեր համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին. այնտեղ ձեզ կպատմեն, թե ձեր առարկայի հետ կապված ինչ հնարավորություններ կան և կօգնեն դիմել:

Մագիստրատուրայի համար անհրաժեշտ է ծանոթանալ «ԷՐԱԶՄՈՒՍ ՄՈՒՆԴՈՒՍ» համատեղ մագիստրոսական ծրագրերի կատալոգին, որտեղ թվարկված են գալիք ուսումնական տարում «ԷՐԱԶՄՈՒՍ» կրթաթոշակներ առաջարկող դասընթացները (ներկայումս նշված է 163 դասընթաց), այնուհետև կապ հաստատեք համալսարանի հետ՝ դասընթացի և կրթաթոշակի համար դիմելու նպատակով։

Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի ազգային գրասենյակը պատրաստ է օգնել ձեզ ցանկացած տեղեկատվության հարցում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել նրանց վեբկայք, հետևել նրանց ֆեյսբուքյան էջին, գրել նրանց [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 91 216258 հեռախոսահամարով։

Եվրոպայի քոլեջի կրթաթոշակներ

Եվրոպայի քոլեջը մեծ թվով հետբուհական կրթության կրթաթոշակներ է առաջարկում Հայաստանի և Եվրոպական հարևանության քաղաքականության այլ երկրների բուհերի շրջանավարտներին: Արևելյան գործընկերության երկրների ուսանողների համար էլ հասանելի են կրթաթոշակներ, որոնք ֆինանսավորվում են «EU4Youth» ծրագրի կողմից: 2023-2024 ուսումնական տարվա համար հայտերի ընդունումը կմեկնարկի 2022 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2023 թվականի հունվարի կեսերին: Դուք կարող եք նախապես գրանցվել coleuropenatolin.eu կայքում՝ հայտերի ընդունման մեկնարկի մասին հիշեցում ստանալու համար:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ Թագավորության երիտասարդներին և բարեկամության կամուրջներ է կառուցում նրանց միջև։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ներկայացնել այդ համագործակցության շոշափելի արդյունքները և նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը։ Ներկայումս ակտիվ գործող դեսպանների թիվն անցնում է 500-ը, նրանք ներկայացնում են ավելի քան 34 տարբեր ազգություններ։ Նրանցից 95-ը Հայաստանից են (սեղմեք այստեղ՝ նրանց ծանոթանալու համար): Ցանցը բաց է 16-ից 26 տարեկան երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են հանրային դիվանագիտությամբ և իրազեկման աշխատանքներով: Հայտերի ընդունումը տեղի է ունենում ամեն տարի, սովորաբար՝ աշնանը:

Քաղաքացիական ակտիվիստների, երիտասարդ առաջնորդների և կամավորների համար

«ԷՐԱԶՄՈՒՍերիտասարդական փոխանակումներ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ը միայն ուսանողների համար չէ: Վերջին տարիներին Հայաստանից հազարավոր երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ են մասնակցել «ԷՐԱԶՄՈՒՍ+»-ի համատեղ երիտասարդական նախագծերին (փոխանակումներ, դասընթացներ, քաղաքականության շուրջ բանավեճեր, կամավորություն): «ԷՐԱԶՄՈՒՍ+» երիտասարդական փոխանակումները բաց են 13-ից 30 տարեկան բոլոր ցանկացողների համար և տևում են 5-ից 21 օր: Այս փոխանակումները տեղի են ունենում երիտասարդական կազմակերպությունների միջոցով, իսկ դրանց ուղղակիորեն որպես անհատ դիմելն անհնար է: Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն» ծրագրի տեղեկատվական կենտրոնի հետ՝ այցելելով նրանց վեբկայք կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարելով +374 94 525254 հեռախոսահամարով, կամ գրելով [email protected] էլ. փոստի հասցեին։

 Եվրոպական կամավորական կորպուս

Արտերկրում փորձ ձեռք բերելու եղանակներից մեկը Եվրոպական համերաշխության կորպուսի միջոցով կամավորական աշխատանքն է: Սա տարբեր մշակույթներ ճանաչելու և նոր ընկերներ ձեռք բերելու յուրօրինակ միջոց է, որը միաժամանակ հնարավորություն է տալիս օգնել ուրիշներին և ձեռք բերել նոր հմտություններ: Դուք պետք է լինեք 17-ից 30 տարեկան և պատրաստ լինեք արտերկրում անցկացնել երկու շաբաթից մինչև 12 ամիս: Կամավորական ծրագրերը կարող են իրականացվել Եվրամիության կամ նրա գործընկեր երկրներից ցանկացածում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, երիտասարդությունը, սպորտը, երեխաները, մշակութային ժառանգությունը, արվեստը, կենդանիների պաշտպանությունը կամ շրջակա միջավայրը: Դիմելու ընթացակարգին և կամավորության հարյուրավոր հնարավորություններին ծանոթացե՛ք Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում:

Քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ

ԵՄ-ը Հայաստանի և Արևելյան գործընկերության մյուս երկրների քաղաքացիական հասարակության երիտասարդ առաջնորդներին ու ակտիվիստներին աջակցում է «ԱլԳ քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ» ծրագրի միջոցով: Ամեն տարի ծրագիրն օգնում է քաղաքացիական հասարակության 20 ակտիվիստների՝ իրենց համայնքներում դրական սոցիալական փոփոխությունների հասնելու ջանքերին՝ առաջարկելով հարմարեցված ուսուցում, 5000 եվրո դրամաշնորհներ և գործնական կապերի ընդլայնման հնարավորությունների հասանելիություն: 2017 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր ընտրված մասնակիցների և նրանց հետաքրքրության ոլորտների մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտերի ընդունումը, որը ներկայում բաց է մինչև հոկտեմբերի 15-ը, սովորաբար տեղի է ունենում ամեն տարի աշնանը: Թարմացումներին հետևեք այստեղ:

EU4Youth-ի շրջանավարտների ցանց

«EU4Youth»-ի շրջանավարտների ցանցը միավորում է «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի, EU4Youth-ի դրամաշնորհային նախագծերի, «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցի, ինչպես նաև Արևելյան գործընկերության երիտասարդներին ուղղված այլ տարածաշրջանային ծրագրերի երիտասարդ (18-30 տարեկան) շահառուներին: Ցանցը շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում կապ հաստատել Հայաստանի անապահով երիտասարդների հետ ու աջակցել նրանց իրենց համայնքներում ավելի ակտիվ դառնալու և ԵՄ շարժունակության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու հարցերում: Դիմումների ընդունումը տեղի է ունենում տարին մեկ անգամ, սովորաբար՝ աշնանը, յուրաքանչյուր երկրից ընտրվում է մինչև 15 շրջանավարտ՝ 10 ամսով ծրագրին մասնակցելու համար:

Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը

Այս ծրագիրն աջակցում է սակավ հնարավորություններ ունեցող 13-ից 29 տարեկան երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր բնակվում են Գյումրի, Ամասիա, Թալին, Երևան, Վարդենիս, Ճամբարակ և Վանաձոր համայնքներում: Ծրագիրն ակտիվ է նշված համայնքների դպրոցներում, որտեղ հիմնել է բանավեճի ակումբներ և աշխատում է աշակերտական խորհուրդների հետ, ինչպես նաև ստեղծել է շուրջ 100 երիտասարդների համախմբող վեց «ՍՔԱՅ» ակումբ՝ համայնքային խնդիրները բացահայտելու, համայնքային ծառայության և սոցիալական ձեռներեցության նախագծերի մասին մտքեր փոխանակելու, այդպիսիք պլանավորելու և իրականացնելու նպատակով։

Դեռևս դպրոցում սովորողների համար

«ԷՐԱԶՄՈՒՍերիտասարդական փոխանակումներ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ը միայն ուսանողների համար չէ: Ծրագիրը նաև առաջարկում է երիտասարդական փոխանակումներ, որոնք բաց են բոլոր 13-ից 30 տարեկանների համար: Գործողությունները կարող են ներառել սեմինարներ, վարժանքներ, բանավեճեր, դերախաղեր, բացօթյա գործողություններ և այլն: Այս փոխանակումները կազմակերպվում են երիտասարդական կազմակերպությունների միջոցով, իսկ դրանց ուղղակիորեն՝ որպես անհատ դիմելն անհնար է: Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն» ծրագրի տեղեկատվական կենտրոնի հետ՝ այցելելով նրանց վեբկայք կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարելով +374 94 525254 հեռախոսահամարով, կամ գրելով [email protected] էլ. փոստի հասցեին։

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց

Թբիլիսիում գտնվող Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցն Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի աշակերտներին առաջարկում է երկամյա միջազգային բակալավրիատի ծրագիր՝ Եվրոպական միության կողմից վճարվող ամբողջական կրթաթոշակներով, ներառյալ վճարների, կեցության և արձակուրդներին տուն ճանապարհորդելու հետ կապված ծախսերը: Տեղերը սահմանափակ են՝ տարեկան ընդամենը 35-ը, ուստի դիմելու համար պետք է բավարարեք որոշակի պայմանների և անցնեք մրցութային գործընթացով: 2018 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր դպրոցում ուսանելու համար կրթաթոշակ է ստացել 145 աշակերտ, ովքեր այն ավարտել ու ստացել են ՄԲ դիպլոմ և շարունակել իրենց ուսումն աշխարհի լավագույն համալսարաններում: Ուսանողների հաջորդ խումբը կհավաքագրվի 2023-2025 թթ. ՄԲ ծրագրին միանալու նպատակով:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

«Երիտասարդ եվրոպացի դեսպաններ» նախաձեռնությունը բաց է 16 տարեկանից բարձր երիտասարդների համար, այնպես որ, եթե դուք հետաքրքրված եք Եվրոպայով և նրա արժեքներով, ցանկանում եք ձեռք բերել նոր հմտություններ և ընկերներ, ապա կարող եք դիմել և միանալ այս ցանցին, որը համախմբում է ավելի քան 500 երիտասարդների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և ԵՄ անդամ երկրներից ու Միացյալ Թագավորությունից: Նկատի ունեցեք, որ 16-17 տարեկան թեկնածուները կարող են մասնակցել նախաձեռնության առցանց գործունեությանը և իրենց երկրներում տեղական գործողություններին, բայց ոչ միջազգային ճանապարհորդություններին: Հայտերի ընդունումը տեղի է ունենում ամեն տարի, սովորաբար՝ աշնանը:

Պրակտիկայի հնարավորություններ և դասընթացներ

ԷՐԱԶՄՈՒՍ+ պրակտիկայի հնարավորություններ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ն աջակցում է բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների, ինչպես նաև նորաթուխ շրջանավարտների (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) աշխատանքի տեղավորմանը և պրակտիկային արտերկրում: Բայց ձեր պրակտիկան պետք է համապատասխանի ձեր կրթական աստիճանին և, հնարավորության դեպքում, ինտեգրված լինի ձեր ուսումնական ծրագրի հետ, ուստի եղած հնարավորությունները ստուգեք ձեր համալսարանի հետ: Պրակտիկան կարող է տևել 2 ամսից մինչև 12 ամիս, իսկ ձեր ծախսերը հոգալու համար հասանելի են «ԷՐԱԶՄՈՒՍ+» դրամաշնորհներ։

Արտերկրում պրակտիկան կամ ուսումը նաև հասանելի են, եթե դուք ներկայումս ընդգրկված եք մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում: Արտերկրում ձեզ կտեղավորեն կա՛մ աշխատավայրում, կա՛մ մեկ այլ ՄԿՈՒ հաստատությունում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ժամանակաշրջաններով՝ որպես ձեր ուսման մաս: Պարզելու համար, թե արդյոք այդ հնարավորությունները հասանելի են ձեզ, կապվեք ՄԿՈՒ հաստատության հետ։

«Blue Book» պրակտիկայի ծրագիր

Տարին երկու անգամ ԵՄ-ն առաջարկում է հնգամսյա վճարովի պրակտիկա Եվրոպական հանձնաժողովում, նրա ծառայություններում և գործակալություններում, որոնք հիմնականում տեղակայված են Բրյուսելում, բայց նաև՝ Լյուքսեմբուրգում և Եվրոպական միության այլ քաղաքներում: Այս հնարավորությունը գործում է հիմնականում ԵՄ քաղաքացիների համար, սակայն սահմանափակ թվով տեղեր են հատկացված նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Դուք կարող եք դիմել, եթե ցանկացած մասնագիտության շրջանավարտ եք, չունեք ԵՄ հաստատությունում, մարմնում, գործակալությունում կամ պատվիրակությունում աշխատելու ավելի քան վեց շաբաթվա աշխատանքային փորձ և վարժ տիրապետում եք անգլերենին, գերմաներենին կամ ֆրանսերենին: Իմացեք ավելին։

Շումանի անվան պրակտիկայի հնարավորություն Եվրոպական խորհրդարանում

Տարին երկու անգամ Եվրոպական խորհրդարանն իր քարտուղարության շրջանակում առաջարկում է պրակտիկայի տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ Եվրոպական միության անդամ չհանդիսացող երկրներից դիմորդների համար: Պրակտիկայի տևողությունը հինգ ամիս է, որին կարող է մասնակցել 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք, ով ունի համալսարանական կրթություն և դիպլոմ: Շումանի անվան պրակտիկայի նպատակն է նպաստել մասնակիցների եվրոպական կրթությանն ու մասնագիտական ուսուցմանը, ինչպես նաև պատկերացում փոխանցել Եվրոպական խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ: Դիմելու վերջնաժամկետներն են ամեն տարի մայիսի վերջին և հոկտեմբերին: Անցե՛ք այս հղումով՝ ավելին իմանալու համար:

Երիտասարդ մասնագետների համար

ԷՐԱԶՄՈՒՍ երիտասարդ ձեռներեցների համար

Երիտասարդ հայ ձեռներեցները կարող են միանալ «ԷՐԱԶՄՈՒՍ երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրին, որը բաց է բոլոր նրանց համար, ովքեր նախատեսում են բիզնես հիմնել կամ դա արել են վերջին երեք տարվա ընթացքում: Ծրագիրն ուղղված է օգնելու սկսնակ ձեռներեցներին վերապատրաստվել Եվրոպական միության երկրների ձեռնարկատիրություններից մեկում` փոքր և միջին ձեռնարկությունները կառավարելու համապատասխան հմտություններ ձեռք բերելու նպատակով։ ԵՄ-ն հոգում է փոխանակման ծախսերի 75%-ը, իսկ 25%-ը՝ ինքը՝ ձեռնարկատերը: Անցե՛ք այս հղումով՝ Հայաստանին վերաբերող կոնտակտային տեղեկատվության համար:

Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում

Եթե մտածում եք զբոսաշրջության կամ տեխնոլոգիաների ոլորտում նոր ընկերություն ստեղծելու մասին կամ պարզապես խանդավառորեն հետաքրքրված եք զբոսաշրջության և տեխնոլոգիական թեմաներով, ծանոթացեք EU4Business-ի «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում առկա հնարավորություններին, որն առաջարկում է 5000 եվրոյից մինչև 50,000 եվրո դրամաշնորհներ, ինչպես նաև խորհրդատվություն, միջոցառումներ և գործնական կապերի զարգացման հնարավորություններ: Այցելեք ծրագրի կայքէջ՝ սպասվող հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Բուհերի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց համարվող ԵՄ ԹՈՒՄՈ համալիրը կմիավորի գործընկերներին՝ հաղթահարելու Հայաստանի բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև անջրպետը՝ միմյանց կապելով ուսանողներին, հետազոտողներին ու մասնագետներին՝ միաժամանակ խթանելով նորարարությունը և ձեռներեցությունը։ Դուք արդեն կարող եք դիմել ԹՈՒՄՈ լաբորատորիաներ, որը 18 տարեկանից բարձր երիտասարդ մասնագետների և համալսարանականների համար անվճար կրթական ծրագիր է և աջակցում է նոր թվային դարաշրջանը ձևավորող տեխնոլոգիաներն ու թեմաներն ուսումնասիրող համագործակցային նախագծերին, ինչպես նաև ապագա ծրագրավորողներ պատրաստող «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոց:

EU4Business (ԵՄը՝ բիզնեսի համար)

Եթե դուք հիմնում եք կամ ունեք փոքր բիզնես, «EU4Business» նախաձեռնությունը ձեզ առաջարկում է վարկերի և դրամաշնորհների լայն ընտրանի՝ կախված ձեր բիզնեսի տեսակից և չափից, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ, որոնք կօգնեն ձեր բիզնեսը տեղափոխել զարգացման հաջորդ մակարդակ։ Այցելեք EU4Business-ի կայքէջ և ամբողջական տեղեկատվություն ստացեք գործընկեր բանկերի ու այն ծրագրերի մասին, որոնց կարող եք դիմել, ինչպես նաև ծանոթացեք հաջողակ շահառուների օրինակներին։

Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման

 ԵՄ-ն աջակցում է հմտությունների զարգացմանը և ձեռնարկատիրությանը Կապան, Դիլիջան և Իջևան համայնքներում, որոնք ընտրվել են «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում երեք պիլոտային ծրագրեր իրականացնելու համար.

  • Կապան. քաղաքի պատմական երկաթուղային կայարանում ստեղծվում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ 12-18 տարեկան երեխաների համար նախատեսված անվճար կրթական համալիր, որը մասնագիտացած է մշակումների և տեխնոլոգիաների ոլորտում: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին, բայց մինչ այդ դասընթացները հասանելի են Կապանի Թումո տուփում։
  • Դիլիջան. խորհրդային շրջանի լքված կարի ֆաբրիկան կվերածվի ձեռնարկությունների և անհատների համար ժամանակակից բազմաֆունկցիոնալ տարածքի՝ Դիլիջանի քաղաքապետարանի, IDeA հիմնադրամի, Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ:
  • Իջևան. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ՝ UATE-ի և COWO-ի հետ համագործակցությամբ ստեղծվել է «ԻննոԻջևան» հարթակը, որտեղ տեղակայվել են նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, «Իրական դպրոց»-ը, որը մասնագիտական հնարավորություններ է առաջարկում վերապատրաստումների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և «կոշտ» ու «փափուկ» հմտությունների զարգացման միջոցով, ինչպես նաև բիզնեսի և անհատների համար համատեղ աշխատանքային տարածք։

EU4Youth (ԵՄը՝ երիտասարդների համար)

«EU4Youth» ծրագիրը շուտով կմեկնարկի մի շարք նախագծեր, որոնք ուղղված կլինեն հատկապես անապահով համայնքներում երիտասարդների շրջանում թվային հմտությունների զարգացմանը, ինչպես նաև սոցիալական ձեռներեցության և կարիերայի կառավարման հմտությունների զարգացմանը՝ կապված կանաչ և թվային տնտեսություններում երիտասարդական ձեռներեցության խթանման հետ: «EU4Youth»-ի նախագծերի նախորդ ալիքի շրջանակներում միայն 2021 թվականին Հայաստանում իրականացվել է հմտությունների զարգացման շուրջ 300 միջոցառում, երիտասարդները ստացել են աշխատանքային փորձ աշկերտության և պրակտիկայի միջոցով, մյուսները ստացել են դրամաշնորհներ իրենց բիզնես գաղափարների իրականացման համար, մինչդեռ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում հիմնվել է գյուղական նորարարությունների գիտելիքի երեք կենտրոն, որոնք մինչ օրս երիտասարդներին ապահովում են ինտերնետ հասանելիությամբ, ուսուցմամբ և հմտությունների զարգացմամբ։ Համայնքային ծրագրերն աջակցում են նաև անապահով երիտասարդներին, ինչպիսին Արագածոտնի մարզի եզդի փոքրամասնությունը: Հետևեք EU4Youth-ի կայքէջին՝ առաջիկա հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

Որպես ոգեշնչում

Հարյուրավոր հայ երիտասարդներ պատրաստ են ձեզ ոգեշնչել և նոր գաղափարներ տալ։

Դավիթը «ԷՐԱԶՄՈՒՍ+»-ի երկու փոխանակումների է մասնակցել Իտալիայում՝ որպես սննդի անվտանգության գծով դոկտոր, գիտաշխատող: Այժմ նա ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարն է։

Ռազմիկը եղել է երիտասարդ եվրոպական դեսպան։ Այժմ նա՝ որպես EU4Youth-ի շրջանավարտ, Արագածոտնի լեռնային գոտիներում գտնվող իր գյուղի երիտասարդներին օգնում է օգտվել այն հնարավորություններից, որոնցից նա այդքան օգուտ է քաղել:

Լիլիթը շահել է Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի կրթաթոշակ և այժմ Ֆրանսիայում ավիատիեզերական ճարտարագիտություն է ուսանում:

Սամվելը վերապատրաստվել է «EU4Youth» ծրագրի շրջանակներում, որպեսզի զարգացնի Տավուշի մարզում բնական և էկոլոգիապես մաքուր արտադրանք արտադրող իր սոցիալական ձեռնարկությունը, և այժմ հայկական մեղր է վաճառում Դուբայում:

Իջևանից Արմանը EU4Youth-ի տրամադրած ֆինանսավորման և վերապատրաստման շնորհիվ նորարարական բիզնես է մշակել լեռնային զբոսաշրջության ոլորտում։

Զոյան մարքեթինգ և սոցիալական մեդիայի կառավարում է սովորել «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում ստեղծված Սևանի նորարարական բիզնես կենտրոնում:

Euneighbourseast

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31