Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանում մեծ թափով մեկնարկել է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը․ ըստ ղեկավարի՝ այն դառնալու է օրինակելի և ապրելու համայնք

Հոկտեմբեր 11,2022 19:00

Դեռ մեկ տարի էլ չկա, ինչ Նոյեմբերյանում ավագանու ընտրություններ են եղել և նոր իշխանություններ ձևավորվել, արդեն նկատելի է՝ բարեփոխումներն ու բարենորոգումները համայնքում ամենօրյա արդյունք են ապահովում։

Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը Aravot.am-ի հետ զրույցում անկեղծանում է՝ իշխանության գալու հաջորդ օրվանից արդեն ամբողջ թիմով ձեռնամուխ են եղել իրենց տված նախընտրական խոստումերի իրականացմանը, իրենք պատասխանատու են՝ իրենց տրված վստահությունը պահելու և ամրապնդելու հարցում։

«Նոյեմբերյանը մեր երկրի դարպասներից է, ստրատեգիական նշանակություն ունեցող համայնք, և հատկապես սահմանամերձ բնակավայրերում զգացվում է բարենորոգումների կարիքը։ Այս խնդիրների լուծման համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու։ Ուրախ եմ ասելու, որ իմ քաղաքական թիմը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, իմ կողքին է և աջակցելու է մեր համայնքի զարգացմանը մեր ղեկավարման ամբողջ ընթացքում։ Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերով Նոյեմբերյանը դառնալու է օրինակելի և ապրելու համայնք»,- ասում է նա։

Այստեղի բոլոր՝ 2 քաղաքային և 17 գյուղական բնակավայրերում արդեն մեկ ամսից ավելի է՝ մեկնարկել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացը։ Արսեն Աղաբաբյանը ուրախությամբ է նշում, որ կարողացել են կառավարությանը ներկայացնել բարեփոխումների մեծ փաթեթ, քանի որ ունեցել են նշանակալի՝ ավելի քան 110 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն «Ապրելու» հիմնադրամի կողմից։

«Սուբվենցիոն ծրագրերով հնարավորություն է ստեղծվում լուծել համայնքի համար կարևոր ենթակառուցվածքային խնդիրներ՝ այդպես ապահովելով համայնքի բնականոն կյանքը, ստեղծելով հնարավորություններ տնտեսական գործունեություն ծավալելու, մշակութային, կրթական, սպորտային կյանքը բարելավելու համար»,- ասում է նա։

Ապա մատնանշում է՝ Ոսկեվանում և Կողբում արդեն սկսել, իսկ Բագրատաշենում ավարտին են մոտենում մշակույթի տների տանիքների , նախասրահի և դահլիճի վերանորոգման աշխատանքները։ Կոթիում ընթանում են փողոցների սալապատման աշխատանքները։

«Ասֆալտապատվել են Նոյեմբերյան բնակավայրի Բարեկամության, գերեզմանատուն տանող փողոցները, սկսվել է Բագրատաշեն և Կողբ բնակավայրի փողոցների ասֆալտապատումը, շարունակվում է Դովեղ բնակավայրի 8-րդ փողոցի սալապատման աշխատանքները, ինչը հնարավորություն է տալիս բնակավայրի բնակիչներին հեշտությամբ լուծել իրենց սոցիալական և կենցաղային խնդիրները»,- հավելում է Արսեն Աղաբաբյանը։

Այս ամենը, ըստ համայնքի ղեկավարի, դեռ սկիզբն է։ Շուտով կսկսվի Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Զորական բնակավայրերով անցնող ներհամայնքային և միջպետական ճանապարհների լուսավորության համակարգի կառուցումը։ Հովնանյան հիմնադրամի աջակցությամբ էլ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվելու է Բերդավանի 82 հա խաղողի այգիները ոռոգող «Բերդավան 1» պոմպակայանի համակարգը։

Նույն սուբվենցիոն ծրագրերով արդեն 2023 թվականին նախատեսվում է նաև Նոյեմբերյանի թիվ 1, թիվ 2, Կողբի թիվ 1, թիվ 2, Բերդավանի, Զորականի, Պտղավանի, Այրումի, Արճիսի և Կոթիի մանկապարտեզների բակերի վերանորոգում, կահավորում և ներառական հարմարեցումը։
«Մոտ 900 միլիոն դրամի ծրագիր ենք իրականացնելու այս տարի։ Մենք հավատում ենք, որ այս ճանապարհով, մեր համայնքը ամեն օր ավելի լավը դարձնելով, մարդկանց համար այստեղ ապրելու ու արարելու հնարավորություններ ստեղծելով՝ կարողանալու ենք մեր երկրի «դարպասն» ավելի ամուր պահել։ Այս դժվար իրավիճակում նոյեմբերյանցին պետք է ամուր կառչած մնա իր հողին և զարգացնի իր համայնքը»,- ասում է Արսեն Աղաբաբյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31