Ադրբեջանցի պատվիրակներին հունից հանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմայով ընթացիկ հարցերի շուրջ բանավեճի ժամանակ պատվիրակների սուր քննադատությունները Ադրբեջանցի հասցեին:
Եվ որպես այսպես ասած «զենք» նրանցից որոշները սկսեցին օգտագործել Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդիրները:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց. «Ադրբեջանի դերն ու նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում վերջին շրջանում կտրուկ աճել է: Ինտենսիվ աշխատանք է տարվում հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Արդեն Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահն ավելի ակտիվորեն են ներգրավված միջնորդական առաքելության գործընթացում: Դրա վկայությունն է նրանց և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հաջողված հանդիպումն անցյալ շաբաթ Պրահայում»:
Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց՝ ի վերջո ո՞ւմ է ձեռնտու այն փոթորկը, որն արվում է: Նրա կարծիքով՝ նրանց, որոնք իր ձևակերպմամբ՝ հակադրվում են Ադրբեջանի ներդրմանը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում: Ըստ Հուսեյնովի՝ նրանք միայն Ադրբեջանի դեմ չեն աշխատում, այլ վնասում են նաև Եվրոպային. «Նրանք, ովքեր իբր մտածում են Հայաստանի մասին և դիմում են նման մտացածին ճանապարհների, իրականում գործում են Հայաստանի և հայ ժողովրդի դեմ»:
Կարդացեք նաև
Ելույթի ավարտին նա հայտարարեց. «Մի խանգարեք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին: Մի խանգարեք մեծ խաղաղությանը, որը տեղի է ունենում: Խուսափեք գործողություններից, որոնք խոչընդոտում են այն օգուտներին, որոնք Ադրբեջանը կտա Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»:
Ադրբեջանի պատվիրակները համառորեն պնդում էին, թե հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութում այն, ինչ պատկերված է, դեռ չի նշանակում, որ դա իրականությանն է համապատասխան, այլ նրանք փորձում էին համոզել վեհաժողովին, թե դա ցույց կտա հետաքննությունը։
Նշենք, որ ԵԽԽՎ-ի բոլոր ելույթ ունեցող պատվիրակները՝ բացառությամբ թուրք և ադրբեջանցիների, խստորեն քննադատեցին Ադրբեջանին: Ավելին, նրանք իրենց ելույթներում մշտապես բարձրացնում էին նաև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության խնդիրները:
Օրինակ՝ ֆրանսիացի պատվիրակ Բերնար Ֆուրնիերը վեհաժողովին հորդորեց, որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող պատերազմը իրենց ուշադրությունը չշեղի նրանից, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում:
Խոսելով Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում դերակատարության մասին՝ նա ասաց. «Իհարկե, Ուկրաինայում պատերազմը հանգեցնում է ՌԴ-ի՝ այդ տարածաշրջանում դերի նվազեցմանը: Բայց հիշենք՝ Ռուսաստանն էր, որ 2020-ին ի վիճակի եղավ պարտադրել հրադադար»:
Ֆրանսիացի պատվիրակը հայտարարեց. «Այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո են ընթանում բանակցություններ վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Մինչ օգոստոսի վերջ նա լավատես էր, սեպտեմբերի կեսերին տեղի ունեցած մարտերը կասկածի տակ են դնում այդ լավատեսությունը։ Միանշանակ չէ, որ Եվրոպական միությունը միայնակ կարող է օգնել երկու պատերազմող կողմերին հասնել խաղաղության համաձայնագրի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ