Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի փոխմարզպետը նոր սկանդալում է հայտնվել

Հոկտեմբեր 11,2022 17:09

Aravot.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը իրեն պատկանող և Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող 1 հեկտար արոտավայրի վրա ապօրինի կառուցել է արևային կայան։

Ապարանի ավտոկայանի տարածքում կատարում է ապօրինի շինարարություն եւ յուրացրել է նախկին «Գորգ-Ֆաբրիկայի» շենքը։

Գայի 3 հասցեի բնակելի շենքի ամբողջ առաջին հարկում արտադրամասեր է հիմնել և խանգարում է բնակիչներին:

Ոստիկանություն ներկայացված հաղորդման հիման վրա կատարված ստուգումներով պարզվել է, որ նշված արևային կայանը կառուցվել է Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողատարածքի վրա, որը 2002թ.-ին 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրվել է Ապարան քաղաքի բնակիչ Վրեժ Փարվանյանին։

Եվ առանց համապատասխան թույլտվության 2021թ. մարտ ամսին կառուցվել է արևային կայան:  Մեր տեղեկություններով՝ Վրեժ Փարվանյանը Արագածոտնի մարզպետի տեղակալի հայրն է:

Պարզվել է նաև, որ Ապարան քաղաքի Բաղրամյան 36 հասցեում գտնվող 960 քմ. տարածքով ավտոկայանի շենքը հանդիսանում է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի սեփականությունը, որը վարձակալական հիմունքներով տրվել է «Ապարան Ջուր» ՍՊԸ-ին, իսկ նշված ընկերության տնօրենը հանդիսանում է Ապարան քաղաքի բնակիչ Վահրամ Դավթյանը, որն առանց համապատասխան շինթույլտվության, նշված տարածքում կատարում է շինարարական աշխատանքներ, որոնք 2021թ. դեկտեմբերի 8-ին հայտնաբերվել են Ապարանի համայնքապետարանի աշխատակիցների կողմից, սակայն չեն կասեցվել կատարվող շինարարական աշխատանքները:

Aravot.am-ի հետ զրույցում փոխմարզպետ Էդգար Փարվանյանը մեր թվարկած տեղեկությունները որակեց բամբասանք: Նա հերքեց, թե իրեն պատկանող արոտավայրում արեւային կայան է կառուցվել, այն էլ՝ ապօրինաբար: Ինչ վերաբերում է Վրեժ Փարվանյանին վարձակալության տալու մասին տեղեկությանը, մեր զրուցակիցը հաստատեց, որ վերջինս իր հայրն է, բայց ասաց՝ վերջին 15 տարում նա ապրում է Բեռլինում: Էդգար Փարվանյանն ասաց, որ ոչ ի պաշտոնե, ոչ անձնական հետաքրքրություն չունի, որ նման տեղեկություններ ճշտի, ասաց՝ բարոյականություն չունեցող մարդիկ են նման տեղեկություններ ու բողոքներ տարածողները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31