Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում հաջողությամբ անցկացվել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Հոկտեմբեր 11,2022 16:51

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադային մասնակցել է 12 երկիր ներկայացնող 307 մասնակից՝ Արգենտինայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է, որ Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը հաջողությամբ է անցել։ Օլիմպիադային մասնակցել է 12 երկիր ներկայացնող 307 մասնակից՝ Արգենտինայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:


Օլիմպիադան կազմակերպվել է երկու փուլով: Առաջին փուլը, որն անցկացվել է միաժամանակ 12 մասնակից երկրներում, ներառել է թեստ՝ ելակետ սահմանելու համար: Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի երկրորդ՝ եզրափակիչ փուլն անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ «Սինոփսիս Արմենիա»-յի ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ փուլ դուրս եկած 12 երկրից 24 մասնակից պայքարել է գլխավոր մրցանակների համար՝ հաղթահարելով բարդ լուծումներ պահանջող ճարտարագիտական դժվարին առաջադրանքներ: Այդ 24 մասնակցից 11-ը Հայաստանից են, իսկ 13-ը` այլ երկրներից:

«Օլիմպիադայի մասնակիցների՝ միկրոէլեկտրոնիկայի բնագավառում գիտելիքների մակարդակը տարեցտարի բարձրանում է, ինչը վկայում է այն մասին, որ օլիմպիադան ծառայում է իր հիմնական նպատակին», – ասել է Օլիմպիադայի ծրագրերի հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-յի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա»-յի նախաձեռնությամբ։ ««Սինոփսիսը» հավատարմորեն և հետևողականորեն իր ներդրումն է ունենում միկրոէլեկտրոնիկայի կրթության զարգացման մեջ», – ասել է «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ, «Սինոփսիս Արմենիա»-յի նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը: «Նման մրցույթներն ու օլիմպիադաներն օգնում են պարզել միկրոէլեկտրոնիկայի մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ կրթական ծրագրերում և ուսումնական նյութերում անհրաժեշտ ճշգրտումներ անելու համար»։


Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան անցկացվել է Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի՝ աշխարհի խոշորագույն տեխնիկական մասնագիտական կազմակերպության, Ստուգման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE tttc) հետ համագործակցությամբ: Հատկանշական է, որ «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը 2022 թվականի սեպտեմբերի 27-ին 53-րդ միջազգային թեստային համաժողովի (ITC) բացման լիագումար նիստում ստացել է IEEE TTTC Lifetime Contribution Medal՝ միկրոէլեկտրոնիկայի կրթության առաջխաղացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Վիվա-ՄՏՍ-ը, տասնյոթերորդ անգամ անընդմեջ, Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի գլխավոր գործընկերն է։ Հիմնական աջակիցներն են «Յունիքոմփ»-ը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Օլիմպիադայի հովանավորներից են՝ ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը։

«Ժամանակակից քաղաքակրթությունը, մեզ ծառայող իր ենթակառուցվածքով, հենվում է միկրոէլեկտրոնիկայի ձեռքբերումների վրա: Ապագայում մեր կախվածությունը միկրոէլեկտրոնիկայից ավելի է ուժեղանալու: Վիվա-ՄՏՍ-ն ունի երկարաժամկետ զարգացման իր տեսլականը, և մենք աշխատում ենք ներդաշնակեցնել այն՝ բոլոր շահառուների հետ, քանի որ E2E (End-to-End` համապարփակ) լուծումներ առաջարկող ընկերություն ենք: Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի զարգացումը կբերի կյանքի որակի բարելավման, մրցակցային առավելության, հայրենիքում մնալու, կայանալու, երեխաներ մեծացնելու, երկիրը շենացնելու հնարավորության»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի հաղթողների անունները հայտարարվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Մատենադարանի դահլիճում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ.

Առաջին մրցանակակիր է դարձել արգենտինացի Իգնասիո դե Պեդրոն.

Երկրորդ տեղը զբաղեցրել է սերբ Վասիլիե Նոսովիչը.

Երրորդ երկու մրցանակներ շնորհվեցին՝ –

Ռոդրիգո դո Նասիմենտո Տոլեդոյին Բրազիլիայից

Արմեն Բաբայանին Հայաստանից

Օլիմպիադան բացահայտում է մինչև 30 տարեկան ամենավառ և տաղանդավոր ուսանողներին:

Օլիմպիադայի նպատակներն են.

խթանել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը,

ստեղծել երիտասարդ մասնագետների համաշխարհային համայնք,

հասկանալ միկրոէլեկտրոնիկայի գիտելիքների մակարդակը և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել կրթական ծրագրերում,

բարձրացնել Հայաստանի տեսանելիությունն ու Հայաստանի մասին իրազեկումը՝ որպես միկրոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոն։

«Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան դարձել է Հայաստանի բրենդային իրադարձություններից մեկը վերջին 17 տարիների ընթացքում: Միայն այն փաստը, որ առաջին փուլում օլիմպիադաներն անցկացվում են տասնյակ երկրներում և հաղթողներն այցելում են Հայաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին, մեծացնում է Հայաստանի տեսանելիությունը ողջ աշխարհում՝ որպես Միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ ամուր ավանդույթներ ունեցող երկիր»,- ասում է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադայի թեմաները ներառել են՝ «Թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում», «Անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում», «Կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա» և «Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրներ»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը՝ microelectronicsolympiad.org հղմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31