Արմեն Բիլյանը գլխավոր դատախազից պահանջում է համակարգն առողջացնելու խոստումներն ապացուցել գործով՝ արդարության վերահաստատումով
Գլխավոր դատախազի պարտականությունները նոր ստանձնած Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 20-ին ասել է. «Առաջին հերթին ինձ (…) կարեւոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաեւ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»:
Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման փուլում եւս, հունիսի 29-ին Վարդապետյանն անդրադարձել էր մինչդատական վարույթում առկա խնդիրներին, այլ խոսքով անարդար և պատվերով կատարված նախաքննությունների համատարած երեւույթին:
«Իմ բարձրաձայնած յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ ես ունեմ լուծման մեխանիզմներ, միշտ չէ, որ դրանք բացառապես օրենսդրական են կամ իրավական, շատ հաճախ դրանք կազմակերպական են, գործնական են և շատ հաճախ դա ուղղակի տեսանկյունի փոփոխությունն է»,- նշել էր նա:
Կարդացեք նաև
Նա հույս էր հայտնել, որ «չի լինի արդարադատություն, որը մենք չենք իրականացրել»:
Մինչդատական՝ աչք ծակող անարդար «նախաքննություններից» և դատախազության կողմից նրանց հակաօրինական «հսկողություններից» մեկը 2016թ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկան Գագիկ Մկրտչյանին «սպանելու» կապակցությամբ իմ նկատմամբ հարուցված աղաղակող շինծու և կեղծ մեղադրանքն է:
Այդ մեղադրանքը հիմնովին հերքվեց առաջին ատյանի դատավարության ժամանակ, քննչական մարմնի և ապա դատախազության կողմից ներկայացված «ապացույցները» ջախջախվեցին և Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ինձ արդարացրեց ոստիկան Մկրտչյանին ոչ միայն «սպանած», այլեւ նրա վիրավորվելու փաստի հետ որեւիցե կապ ունեցած լինելու մեղադրանքից:
Բայց դատախազությունը, ԱՌԱՆՑ ՈՐԵՒԻՑԵ ՆՈՐ «ԱՊԱՑՈՒՅՑ» ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ (նոր ապացույց պարզապես չեր կարող գոյություն ունենալ, Վերաքննիչ դատարանից պահանջեց վերահաստատել մեղադրանքը և վերջինս, ԱՌԱՆՑ ԳՈՐԾԸ ՎԵՐԱՔՆՆԵԼՈՒ, պարզապես բավարարեց այդ պահանջը և ինձ դատապարտեց 25 տարվա ազատազրկման: Եթե նորանշանակ Գլխավոր Դատախազն անկեղծ է նախաքննական մարմինների և իր ղեկավարած գերատեսչության անարդար ավանդույթներին վերջ դնելու իր մտադրությունում, նա պետք է սկսի մինչ այժմ թույլ տրված անօրինություններն ուղղելու վճռակամությամբ:
Ինչպես բազմաթիվ այլ գործերի, նույնպես և իմ «գործի» պարագայում նոր ղեկավարությամբ Գլխավոր դատախազությունը «հեծանիվ հորինելու» կարիք չունի: Նա տիրապետում է գործի բոլոր իրական հանգամանքներին և մանրամասներին: Իմ հարցում դատախազության անցած վեց տարիների վարքագիծը եղել է ոչ թե ճշմարտությանը բավարար չտիրապետելու, այլ, ամբողջովին տիրապետելով հանդերձ, բացահայտ կեղծիքի և անօրինականության դիմելու գիտակից որոշման հետեւանք:
Սխալն ու անարդարությունն ուղղելու համար նրան ընդամենը պետք է գործի կապակցությամբ «նոր հանգամանքների» ի հայտ գալը փաստել, հանգամանքներ՝ որոնք իրականում նոր չեն, նրանց նա սկզբից լիովին տիրապետել է:
Իմ և նմանօրինակ գործերը լակմուսի թուղթ են նոր գլխավոր դատախազի համար:
Այս հարցով եւս նա պետք է ունենա «լուծման մեխանիզմներ» և անի այնպես, որ «չլինի արդարադատություն, որը մենք չենք իրականացրել»:
Առանց այս հարցում արդարության վերահաստատման, նոր Գլխավոր դատախազի հայտարարությունները մնալու են թղթի կտոր:
Մամուլի հաղորդագրություն