Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել են հայկական համազգեստով դիվերսիոն խմբեր, անգամ խոսել են հայերեն»․ հրամանատարի մանրամասները՝ Հադրութի ուղղության մասին

Հոկտեմբեր 11,2022 16:28

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվեց ՊԲ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հերթական վկան հարցաքննվեց՝ Կարեն Առուստամյանը։ Նա դատարանին հայտնեց, որ Իշխան Վահանյանին ճանաչում է, ծառայել են Արցախի միեւնույն պաշտպանական շրջանում եւ ծառայողական հարաբերությունների մեջ են եղել։

Ըստ վկայի՝ հոկտեմբերի 10-ին հակառակորդը դիվերսիոն խմբերի միջոցով ներթափանցումներ է իրականացրել ոչ միայն Հադրութի ուղղությամբ․ «Եղել են նաեւ այնպիսի դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստներ են կրել։ Նաեւ խոսել են հայերեն, ինչպես հետո պարզվել է։ Մարտական գործողությունների ակտիվ փուլն ամսի տասին է սկսվել, որից հետո ստորաբաժանումները, կրելով կորուստներ Նորաշենի, Սարիշենի, Խուռհատի ուղղություններով, նահանջել են «Թութակ» տեղամաս։ Ինձ այսքանն է հայտնի»։

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել:

Նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը, նշանակվելով ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:

«Չեմ կարող ասել՝ վիրավորվելո՞ւ պատրվակով, թե իրականում, բայց իմացել եմ, որ Իշխան Վահանյանը թողել է տեղանքն ու հայտնվել հոսպիտալում։ Ավելի ուշ գումարտակի սպաների եւ պաշտպանական շրջանի սպայական կազմի հետ հանդիպելով՝ իմացել եմ, որ մեր զորքերից եղել են շրջափակման մեջ գտնվածներ։ Ցավոք, զոհվել են»,-պատմեց վկա Կարեն Առուստամյանը։

Դատախազի հարցին ի պատասխան նա հայտնեց, որ պատերազմի ժամանակ ինքը դիվիզիայի հրամանատար է եղել։ Հարցին՝ կա՞ իրավական հիմք, որ Ջրականի ուսումնական գումարտակի ծառայողները պատերազմի ժամանակ կարող են ներգրավվել պաշտպանությունում, Առուստամյանը դրական պատասխան տվեց։

Զոհված զինվորների ծնողներից մեկը բորբոքվեց, բղավեց, որ 15 օրվա զինծառայողին են տարել մարտերի, ինչից հետո դուրս եկավ նիստերի դահլիճից։

Կարեն Առուստամյանը նաեւ նշեց՝ իրեն հայտնի չէ դեպք, որ մարտական գործողություններում ներգրավվել են զինվորական երդում դեռեւս չտված նորակոչիկները։ Մեկ այլ ծնող էլ այս խոսքերից բորբոքվեց, բղավեց, որ սուտ է ասում․ «Քո պատմածներն արդեն անգիր գիտեմ, եկել ես ստով լցնե՞ս մեր ականջները»։ Դատավորը տիկնոջը նկատողություն տվեց, ապա հեռացրեց նիստերի դահլիճից։

Հարցին՝ համադրելով ձեր տեղեկություններն ու շփումները, ուսումնական գումարտակի անձնակազմը պատրաստ եղե՞լ է մարտական առաջադրանքներ կատարելուն, Կարեն Առուստամյանը պատասխանեց․ «Շատ ավելի լավ կլիներ վեց ամիս պատրաստվեին։ Եթե ոչ, ստացվում է՝ ոչ լիարժեք»։ Իսկ թե այս դեպքում ինչո՞վ է պայմանավորված եղել հրամանատարության՝ այդ անձնակազմին մարտական գործողություններում ներգրավելու որոշումը, Կարեն Առուստամյանը նշեց․ «Այդ անձնակազմը ներգրավվել է, զբաղեցրել պաշպանական շրջանը։ Բայց հաշվի առնելով հակառակորդի՝ օր օրի զարգացումները, ստացվել է այնպես, որ պաշտպանական շրջանի տվյալ հատվածը դարձել է առաջնագիծ։ Դրանց դիմաց պաշտպանության էին անցել տվյալ զորամասի առաջին գումարտակը եւ 4-րդ հրաձգային գումարտակը, որոնք մինչեւ ամսի 17-ն իրականացրել են պաշտպանություն, որից հետո շրջափակումից դուրս ենք հանել եւ տեղափոխել X տեղամաս»։

Դառնալով Իշխան Վահանյանի գործողություններին՝ Կարեն Առուստամյանը նշեց, որ նրա վիրավորվելու փաստն իրեն հայտնի չի եղել այդ պահին․ «Օրվա ընթացքում 100 վիրավորի չեմ կարող հիշել։ Գուցե ասվել է ինձ այդ մասին, բայց չեմ հիշել։ Գուցե չեն հասցրել ասել»։

Ինչ վերաբերում է քրեական գործում առկա տեղեկություններին, որ Վահանյանը վիրավոր զինվորներին դուրս բերելու պատրվակով հեռացել է Ջրականի հրամանատարական կետից եւ չի վերադարձել՝ պատճառաբանելով իր իսկ վիրավորումը, Կարեն Առուստամյանն ասաց, որ իրեն հայտնի չեն եղել նման մանրամասներ։ Նրան հայտնի չէր նաեւ, որ Վահանյանը վերադարձել է ծառայության եւ զբաղվել նահանջած զինվորների որոնումներով։

Դատախազը նաեւ նշեց․ «Քրեական գործով հիմնավորվել է, որ Խուռհատ սարից նահանջելու ընթացքում 5-րդ գումարտակի անձնակազմի մի մասը, չիմանալով հակառակորդի տեղակայումը, շարժվել է դեպի Հադրութ, մյուսը՝ դեպի Սարիշեն գյուղ։ Վերջինս կարողացել է դուրս գալ հակառակորդի կրակից եւ շրջափակումից, իսկ մյուսը չի կարողացել։ Եթե Հադրութ իջած ստորաբաժանումն ունենար համապատասխան կապի միջոց եւ ղեկավարում, հնարավոր կլինե՞ր ուղղորդել՝ տվյալ ուղղությամբ նահանջ չկատարել»։ Կարեն Առուստամյանը նշեց․ «Եթե տվյալ ստորաբաժանման հրամանատարը տեղյակ լիներ վտանգավոր ուղղության եւ հակառակորդի տեղակայման մասին եւ ունենար կապի միջոց, բնականաբար, այլ ճանապարհով նահանջ կաներ»։

Դատավորը հետաքրքրվեց՝ հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։ Կարեն Առուստամյանը պատասխանեց․ «Ունեցել ենք, որքանով որ ունեցել ենք․․․համապատասխան դռոնների եւ դիտարկումների, վերադասների տեղեկատվության միջոցով։ Եղել են ուղղություններ, որտեղ հատուկ նշանակության վաշտեր են օգտագործվել հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31