Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանն իր ձևավորումից ի վեր վարել է հակահայ պետական քաղաքականություն. Արթուր Թովմասյան

Հոկտեմբեր 11,2022 16:09

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ողջույնի խոսքը «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան,
Մայր աթոռ Սուրբ էջմիածնի քարոզչության կենտրոնի ղեկավար Հայր Գարեգին Համբարձումյան,
Գիտաժողովի կազմկոմիտեի հարգելի համանախագահներ, անդամներ, մասնակիցներ, ներկաներ,

Թույլ տվեք նախ հատուկ շնորհակալություն հայտնել Թիմուր Այտիբերովին և Վլադիմիր Բեսոլովին այս սրբազան հողում գտնվելու համար։

Ողջունում ենք բոլորիդ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում և կարևորում «Արցախի հոգևոր- մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը:

Հարգելի´ ներկաներ,

Այսօր Արցախը կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման վտանգների, այլև գոյաբանական սպառնալիքների առջև։

Բացահայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանն իր ձևավորումից ի վեր (1918 թ.) վարել է հակահայ պետական քաղաքականություն, որի հիմքում եղել և շարունակում է մնալ հայ ինքնության և մշակութային արժեքների ոչնչացումը։

Դեռևս 1920-ական թվականներից առկա են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և հոգևոր ժառանգության միտումնավոր և չքողարկված կերպով անդառնալի վնաս հասցնելու, դրա հիմնահատակ ոչնչացման և յուրացման փաստագրված դեպքեր, որոնք նախադեպ են հանդիսացել 2020 թվականի աշնանային պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան 1-ին պատերազմի զոհվածների հուշահամալիրների նկատմամբ նոր ուժգնությամբ վայրագությունների:

Դատապարտելի են նաև Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ագրեսիվ արշավի նպատակը հայկական պատմական հիշողության և մշակութային ներուժի ոչնչացումը և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության յուրացումն է:

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները բազմիցս ահազանգել են Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր և նյութական ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման դեպքերի, հայկական հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման մասին:

Համոզված ենք, որ այս ահազանգերի արդյունքում միջազգային հանրությունը և միջազգային կառույցները բավարար չափով տեղեկացված են կատարվածի մասին: Դեռևս 2020թ․ արյունոտ աշնան ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության թիրախավորումը միջազգային հանրության կողմից արժանացել է համապատասխան դատապարտող գնահատականների:

Այս համատեքստում մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի,ԱՄՆ մտահոգություններն Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարևորության մասին հայտարարությունները: Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը:

Մեծապես գնահատում ենք հումանիտար այս խնդրի լուծման շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում:

Արցախի հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համաշխարհային մշակութային և հոգևոր ժառանգության անբաժան մասն է կազմում: Հետևապես, Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը:

Միջազգային հանրության՝ Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ անհանդուրժողականության դրսևորումների դատապարտման և միջազգային հանրության և կառույցների ուշադրության հրավիրման միջոցը դիտարկում ենք որպես Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներում վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հետագա ոչնչացման կանխման միակ մեխանիզմը:

Ակնկալում ենք միջազգային իրավունքի համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կանխման գործողություններ:

Կոչ ենք անում անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը:

Հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները:

Գիտաժողովի հարգելի´ մասնակիցներ,

Ապրելով իր սրբացած հողում՝ մեր ժողովուրդն աշխարհին ապացուցում է, որ Արցախը կա, ապրում է՝ պայքարելով իր երկրում ապրելու, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության իրավունքների համար։

Կրկին ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ մաղթում եմ արդյունավետ ու բեղուն աշխատանք:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31