Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ դիրքի ավագին թշնամու հետ շփոթելու ու կրակելու դեպքից

Հոկտեմբեր 11,2022 15:12

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 30-ին ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի ուղղությամբ կրակահերթ արձակելու դեպքից:

Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում՝ առաջնագծում: Համածառայակցի ուղղությամբ կրակոցներ արձակած ու անզգուշությամբ նրան մահ պատճառած զինծառայողը Արմավիրի մարզից էր, 19-ամյա զինծառայող, իսկ մահացածը դիրքի ավագն էր, 19 տարեկան:

Գեւորգ Մխիթարյան

«Մեր պաշտպանյալը, զգալով հակառակորդի հարձակում, ունենալով հակառակորդի կողմից դիվերսիա կատարելու կասկածանք, ինչը հիմնված է եղել իր ծառայակից ընկերներից մեկի կողմից ինչ-որ լույս խրամատում նկատելով եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ օրեր առաջ նույն հատվածում տեղի էին ունեցել զինված ընդհարումներ, մեր պաշտպանյալը մտավախություն է ունեցել, որ կրկին կկատարվեն դիվերսիոն հարձակումներ: Գիշերը՝ ուշ ժամին, ծառայակից ընկերների հետ մթության մեջ շրջել են խրամատում, ծառայակից ընկերներից մեկը առանց տեղեկացնելու մուտք է գործել խրամատային բջիջ, քիչ անց մեր պաշտպանյալը խրամատաբջիջի մոտով անցնելիս զգացել է ոտնաձայներ եւ հաշվի առնելով, որ տվյալ խրամատաբջիջը դիմացից ունեցել է մուտքի հնարավորություն, այսինքն՝ հակառակորդի դիրքն այնպիսին է եղել, որ կարող էր դիմացից մուտք գործել ու չնկատվել որեւէ կերպ, այդ հանգամանքների ազդեցության տակ ու հոգեբանական վախի մթնոլորտում, որ հնարավոր է հակառակորդի կողմից հարձակում կատարվեր, իր ու զինակից ընկերների կյանքն ու առողջությունը չվտանգելու նպատակով մեր պաշտպանյալը կրակ է բացել իր լսած ձայների ուղղությամբ: Ինչից հետո մուտք գործելով խրամատաբջիջ՝ տեսել է, որ ներսում ոչ թե հակառակորդն է, այլ իր զինակից ընկերը՝ դիրքի ավագը, որը որ խրամատով իր հետ շրջելիս իրենից առաջ է անցել ու ավելի շուտ է մտել տվյալ հատված՝ առանց զգուշացնելու ու այդ պայմաններում տեղի է ունեցել դեպքը: Բոլորը եղել են ժամկետային զինծառայողներ, դիրքը կահավորված չի եղել համապատասխան լուսավորությամբ, իրենք չեն ունեցել համապատասխան լապտերներ, որոնցով կարող էին ավելի լավ լուսավորել տարածքն ու մեկը մյուսի տեսանելիությունն ավելի ընդարձակ պայմաններ ունենար: Գործ ունենք անզգուշությամբ կատարված դեպքի հետ, չեմ կարող ասել հանցագործություն, որովհետեւ դա չի կարող բնութագրվել հանցագործություն »,- ասաց համածառայակցի ուղղությամբ կրակ արձակած, այս պահին կալանավորված զինծառայողի պաշտպան Գեւորգ Մխիթարյանը:

Փաստաբանը հույս ունի՝ այս դեպքով արդարադատությունը կհաղթի, եւ նմանատիպ դեպքերը կբացառվեն բանակի հրամանատարության կողմից թերացումների վերացման արդյունքում. «Օբյեկտիվ քննությամբ կպարզվի, որ իմ պաշտպանյալը քրեական օրենքով արգելված արարք չի կատարել: Դա կհաստատվի օբյեկտիվ հանգամանքների համապարփակ վերլուծության արդյունքում, երբ օբյեկտիվ հանգամանքները կհամադրվեն ու կվերլուծվեն ու գնահատական կտրվի իմ պաշտպանյալի արարքին: Խորին համոզմունք ունենք, որ նրա արարքում որեւէ հանցակազմ առկա չէ, ուստի նման պայմաններում չենք կարող խոսել պատժաչափի, խստության, համարժեքության մասին: Պաշտպանյալս մոտ մեկ տարվա ծառայող էր, 19 տարեկան: Գործ ունենք չփորձված, պատերազմի թոհուբոհով չանցած, ոչ սառնասիրտ մի երիտասարդի հետ: Ճիշտ է՝ օրենքով երեխա չի հանդիսանում, բայց իր տարիքային շեմը մեկ տարով է երեխայի տարիքից բարձրացել: Նա չէր կարող այնպիսի սառնասրտություն ցուցաբերել, բացի այդ՝ դիրքի կառուցվածքն էլ էր այնպիսին, որ չէր կարող նկատել մարդու շարժը իր տեսադաշտում: Իր կանգնած դիրքից ձայների ուղղությունից կարելի էր միայն ենթադրել, որ շարժվող կենդանի էակ է: Եթե հնարավորություն ունենար տեսնել, բնականաբար, չէր կրակի, ամեն ինչ եղել է վախի մթնոլորտի ազդեցության տակ»:

Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը ծանր հոգեվիճակում է, որովհետեւ ում ուղղությամբ կրակել էր՝ իր մտերիմ ընկերն էր. «Բավականին ծանր հոգեվիճակում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31