Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել:
«Սկզբունքային հարցերի շուրջ, որոնք հինգն էին, պայմանավորվածության հասել են: Դրանց թվում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը և այլն: Մնում է դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet հեռուստաալիքի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Անկարայի և Երևանի միջև կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև բանակցությունները չեն կարող լինել միմյանցից անկախ: «Մենք բազմիցս ասել ենք այդ մասին», -ասել է Չավուշօղլուն:
Հաղորդավարի հարցին՝ արդյոք դա Թուրքիայի համար «կարմիր գիծ» է, Չավուշօղլուն դրական է պատասխանել:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպումը դրական է անցել: Նրա խոսքով, սակայն, պաշտոնական Երևանի վրա ճնշում են գործադրում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ