Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը հայկական պահելու մեխանիզմը թող ՀՀ-ի եւ Արցախի ղեկավարությունն ասեն․ կարո՞ղ են»․ Սամվել Բաբայանը պնդում է՝ ինքը կարող է

Հոկտեմբեր 11,2022 12:01

Վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող բողոքի ցույցերի համատեքստում կարծիքներ են հնչում, որ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Արցախ է վերադարձել կոնկրետ նպատակով, եւ երբ Արցախում իրավիճակը խառնելու հարց է լինում, Սամվել Բաբայանին են ուղարկում։ Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հոկտեմբերի 10-ին անդրադառնալով այս կարծիքներին՝ Սամվել Բաբայանը նախ նշեց, որ պատերազմից հետո ինքը քանիցս եղել է Արցախում։

«Երկրորդ, նրանք, ովքեր համարում են, որ կա մեկը, որը կարող է ինձ գործուղել, կամ գլխից հիվանդ է, կամ․․․ինձ որեւէ մեկը չի կարող գործուղել»։ Նկատառմանն ի պատասխան, որ 2018թ․-ի հեղափոխությունից հետո ինքն ասել է՝ եթե ՀՀ իշխանությունն ուզի, որ ես գնամ Արցախ, ուրեմն կգնամ, Սամվել Բաբայանն ասաց․ «Այո։ Եթե ՀՀ իշխանությունը Սերժ Սարգսյանն էր, մարդը կտրուկ դեմ էր։ Իսկ ես չէի ցանկանա արցախցիներին հարվածի տակ դնել իմ անձի պատճառով։ 99-ին ես հենց դրա համար եմ հետ քաշվել։ Եթե դեմ չի, որ ես մասնակցեմ, ապա այո, կգնամ կմասնակցեմ։ Սա քաղաքական որոշում էր, ոչ թե նրա համար, որ թույլտվություն էի հարցրել։ Ավելին՝ Արցախի գործող նախագահը շատ լավ գիտի, որ ես ՀՀ վարչապետի հետ հանդիպել եմ ընտրություններից հետո «Լավանդայում» առաջին անգամ։ Խոսակցությունը 15 րոպե է տեւել։ Այս չորս տարին, որ ինքը ղեկավարում է, դեմ առ դեմ հանդիպել ենք պատերազմի ժամանակ, ընտրությունների ժամանակ եւ Երեւանում անվտանգության նիստի ժամանակ հինգ րոպե խոսել ենք։ Մի տարի՝ ոչ տեսնում եմ, ոչ խոսում»։

Սամվել Բաբայանը դիմեց բոլոր նրանց, ովքեր փորձում են իրեն վարկաբեկել․ «Դա ձեզ թվում է միայն։ Թող բառերս բան չհնչեն, բայց առանց ինձ կորած եք։ Լուծման մեխանիզմն Արցախը հայկական պահելու, իրագործելու ճանապարհ չունեք։ Թող ՀՀ-ի եւ Արցախի ղեկավարությունը, ընդդիմությունն ու դիմությունն ասեն, թե Արցախի ապագան ոնց են տեսնում։ Որեւէ մեկը կարո՞ղ է»։

Հարցին՝ ո՞րն է ձեր առաջարկը, այս օրերին Արցախում հանդիպումների մեջ եք, հարցերի պատասխաններն ունե՞ք, Սամվել Բաբայանը պատասխանեց․ «Այո։ Դեռ վաղուց էի բերել, երբ անվտանգության խորհրդի քարտուղար էի։ Այդ ժամանակ եմ մշակել իրավական ճանապարհը։ Արցախը պետք է մտնի միջազգային դատարան։ Մենք ունենք բոլոր իրավական փաստաթղթերը, որոնք անխոցելի են Ադրբեջանի համար։ Անգամ եթե Ալիեւը լինի միջազգային դատարանի դատավոր, միեւնույնն է, չի կարող Ադրբեջանին պաշտպանել, հասկանո՞ւմ եք։ Մենք ԽՍՀՄ սահմանադրությամբ դուրս ենք եկել դրա կազմից՝ հանրաքվեով։ ԽՍՀՄ սահմանադրության կետերից մեկի համաձայն՝ եթե հանրապետությունը, Ադրբեջանը, դուրս է գալիս կազմից, ապա հանրապետության կազմում գտնվող ինքնավարությունները նույն կերպ իրավունք ունեն դուրս գալու տվյալ հանրապետության կազմից։ Հիմա մենք դա արել ենք։ Ադրբեջանը վերադարձել է դեմոկրատական Ադրբեջանի 1918թ․-ի անկախության հռչակագրին։ Մեզ Ադրբեջանի կազմ մտցրել են 1921թ․ հունիսին։ Այդ օրինական թղթերը կան։ Հետեւաբար, հարց է առաջանում։ Այդ դեպքում Ադրբեջանը մեզ ինչպե՞ս է իր մաս համարում»։

Բացի դա, ինչպես Սամվել Բաբայանը նշեց, 1920թ․-ին Ադրբեջանը դիմել է Ազգերի լիգային ու Թբիլիսիում կայացած նիստում երկու հարց բարձրաձայնել՝ իր անվանումն ու այն տարածքները, որոնք նշել է, թե որպես իր տարածք է ուզում ճանաչել․ «Ազգերի լիգան պատասխանել է, որ Իրանում ինքնավարություն կա, որի անունը չենք կարող քեզ վրա դնել։ Երկրորդ, քո ասած տարածքների, Արցախի վերաբերյալ ազգամիջյան կոնֆլիկտ կա, իսկ կանոնադրության համաձայն՝ արգելվում է նման դեպքերում դրանք ճանաչել, մինչեւ հարցը քաղաքական լուծում չի ստանում։ Դրա համար Ադրբեջանին մերժել են եւ Արցախին համարել վիճելի տարածք։ Բոլոր փաստաթղթերն արխիվներում կան։ Ադրբեջանը 92թ․-ին մեզանից բողոքում է, թե Խոջալուի ցեղասպանություն ենք արել եւ դիմում է ՄԱԿ-ին։ Նույն թվականին ՄԱԿ-ն Ադրբեջանը ճանաչում է անկախ եւ ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը։ Դա քաղաքական որոշում էր, որում նույն կերպ գրված է՝ Ադրբեջանն իրավունք չունի․․․նույն կերպ, ոնց գրել էր Ազգերի լիգան։ Ժամերով կարող եմ 60 արխիվային թուղթ ներկայացրել։ Այս ողջ փաթեթն իրավաբաններով պետք է մտցնեն միջազգային դատարան»։

Ապա Սամվել Բաբայանը հիշեցրեց այս տարվա սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փաշինյանի կողքին նստած ժամանակ հնչեցրած հետեւյալ հայտարարությունը․ «ՄԱԿ-ի կանոնադրությունը խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Կոսովոյի ճգնաժամի ժամանակ Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում, որի համաձայն՝ եթե տարածքի որևէ հատված, երկրի մի մասը ցանկանում է հռչակել իր անկախությունը, ապա այդ հատվածը պարտավոր չէ թույլտվություն խնդրել իր երկրի կենտրոնական իշխանությունից։ Դա վերաբերում է Կոսովոյին»։

Սա, ըստ Բաբայանի, հուշում է նաեւ մեզ, որ իրավական ճանապարհով գնանք Արցախի դեպքում․ «Երեսուն տարի ինչո՞ւ չեն արել այդ նախագահները»։ Սամվել Բաբայանի խոսքով՝ եթե զենք չենք գնում եւ չենք ինքնապաշտպանվում, մնում է մտել մի գերտերության «անձրեւանոցի» տակ․ «Ոչ առաջինն արին, ոչ երկրորդը, ինձ էլ ժամանակին ռուսի շպիոն եւ դավաճան հանեցին։ Այդպես ասողները այսօրվա իշխանության մեծ մասն են։ Իսկ այսօր ամեն բառը Ռուսաստանի մասին են ասում։ Մի հատ դրանց հարցազրույցները նայեք։ Սա նշանակում է, որ հանուն պաշտոնի պատրաստ են սեփական երկիրը վաճառել։ Մի հատ նայեք՝ ովքե՞ր ինձ դավաճան ասեցին, երբ առաջարկում էի Արցախը ճանաչել ՌԴ մանդատային տարածք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արցախցի says:

    Շատ լավ է, որ հզոր փաստաթղթեր կան՝ գուցե ցույց տաք ՀՀ գործող իշխանություններին, որոնք տարբեր մակարդակներում և իրար հերթ չտալով հայտարարել են Արցախը ադրբեջանի մաս։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31