Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանանշման (միջազգային տերմինաբանությամբ՝ դելիմիտացիա եւ դեմարկացիա) մասին պարբերաբար խոսվում է, բայց հանրության լայն շերտերին այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո, ինչ է այս պահին կատարվում։ Փորձել ենք որոշ պարզաբանումներ ստանալ նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակից, ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ, այժմ՝ ԷԼՄԱ քարտեզագրման նախագծի հեղինակ, տ. գ. թ. Շահեն Շահինյանից, որն այս ընթացքում ակտիվորեն անդրադառնում է թեմային։
-Ընդհանրապես, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը միջազգայնորեն կարգավորված է, եւ դրանից առաջ պետք է բացառվեն ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը: Այսինքն՝ դելիմիտացիան եւ դեմարկացիան վատ բան չեն, բայց դրանք խաղաղ ընթացք են ենթադրում, մինչդեռ Ադրբեջանը օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում մեր նկատմամբ… Ի՞նչ իրավիճակում ենք այս պահին, գործընթացը սկսվա՞ծ է։
-Այս պահին սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ չեն ընթանում, քանի որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել ոչ մի հարցի շուջ։ Առաջին քայլը, որ պետք է արվեր, սահմանագծման աշխատանքների սկզբունքի ընտրությունն է։ Կողմերը առաջինը որ պետք է անեին, պայմանավորվելն էր, թե ինչն են հիմք ընդունելու սահմանազատման աշխատանքներում (սահմանազատման սկզբունքներ), օրինակ՝ ԽՍՀՄ 1926-1932 թթ. վարչատարածքային բաժանման քարտեզնե՞րը, այն քարտեզը, որով Հայաստանը եւ Ադրբեջանը խորհրդայնացվե՞լ են, թե՞ հետագա (1970) քարտեզները, թե՞ փաստացի իրավիճակը 1991 թ., թե՞ իրավիճակն այս պահին եւ այլն։ Հենց դրա հետեւանքն է, որ պրոցեսի «մեկնարկից» հետո ադրբեջանական կողմը առաջ է քաշում իրավական հիմք չունեցող 1919-1920 թթ. քարտեզ եւ առաջարկում դրանով առաջնորդվել։ Այստեղ մի տրամաբանական հարց եմ ուզում հնչեցնել. եթե Ադրբեջանը չի ճանաչում խորհրդային սահմանները, ապա այդ ինչի՞ հիման վրա 2020 թ. նոյեմբերին մեր զորքերը հետ քաշվեցին եւ տեղակայվեցին Սյունիքի մարզի ներսում։ Հենց այդ ժամանակ էր, որ պետք էր հստակ ֆիքսել, որ մեր զորքերը հետ են քաշվում դեպի Սյունիք, քանի որ այդ գիծը Ադրբեջանը (կողմերը) ճանաչում է (են) որպես պետական սահմանի նախնական տարբերակ՝ հիմք ընդունելով այսինչ թվականի քարտեզը…
-Ի՞նչ է պետք սահմանազատման գործընթացում հաջողելու համար։
Կարդացեք նաև
-Նախ՝ ոչ մի պետություն առանց քարտեզի պետական սահմանի սահմանազատում չի արել, երբեք։ Պետք է հստակ իմանալ, որ այս պրոցեսը շահերի բախում է, եւ կողմերը առաջնորդվելու են իրենց շահերով։ Խելացիները՝ պետական շահով, տգետները՝ անձնական։ Պետական շահի համար միշտ էլ կլինի հնարավորություն, իրավական հիմք ու մասնագիտական հիմավորում, սակայն պետք է ցանկություն։ Մենք հիմա կարիք ունենք միավորման։ Սահմանազատման պրոցեսում հաջողելու համար մեզ պետք է ուժեղ բանակի, ուժեղ դիվանագիտության եւ պետականամետ մասնագետների միավորում։ Եվ ամենակարեւորը՝ պետք է բանակցել այն մասին, ինչ ուզում ես, այլ ոչ թե այն մասին, ինչ քեզ տալիս (նետում) են։
-Էական հարց մնա՞ց, որ բաց թողեցինք խնդրո առարկայի՝ մասնագիտական տիրույթին վերաբերող շրջանակից։
-Չափազանց կարեւոր մի խնդիր դուրս մնաց. պետք է ձեւավորել այն թեզերը, թե որն ենք համարում հայկական տարածք։ Երբ խոսքը 29 800 քկմ-ի մասին է, փաստացի խոսվում է Սովետական Հայաստանի տարածքի մասին։ Ընդ որում, այն տարածքի, որը մնացել էր 1970-ական թվականներին, այսինքն ՝ փոփոխված, փոքրացած տարածքը։ Սակայն ասել, որ Հայաստանի տարածքը սա է, ճիշտ չէ։ Շատ էական կետեր կան. օրինակ՝ արդյո՞ք մեզ համար ընդունելի է Խորհրդային Հայաստանի սահմանը խորհրդային պետության գոյության վերջին տարիներին։ Արդյո՞ք ընդունելի ենք համարում այն, որ պետությունը կարող է մուտք գործել մի կառույց, տվյալ դեպքում՝ ԽՍՀՄ, մի մակերեսով, բայց դուրս գալ այլ մակերեսով։ Հաջորդ հարցը՝ արդյո՞ք մենք հրաժարվում ենք առաջին հանրապետության տարածքներից։ Պետք է ձեւավորենք՝ ի՞նչ սկզբունքի հիման վրա ենք գնում այդ աշխատանքներին, արդյո՞ք արդեն վերջնական որոշված ու ստորագրված է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Խորհրդային Միության վարչատարածքային բաժանման քարտեզներով։ Ի դեպ, Ադրբեջանը 2020-ից ակտիվորեն տարածում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության քարտեզները, որոնք 1918 թ. ներկայացվել են Ազգերի լիգա, բայց մերժվել են։ Ոչ մի երկիր չի ճանաչել այդ քարտեզները։ Իսկ Հայաստանի առաջին հանրապետությունն Ազգերի լիգա է ներկայացրել իր տարածքների քարտեզը, որը չի մերժվել։ Որոշ տարածքներ այդ քարտեզում համարվել են վիճելի, եւ հարցը պետք է լուծվեր միջազգային արբիտրաժի միջոցով։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, Ազգերի լիգան Հայաստանի քարտեզը չի մերժել։ Իսկ մեր քարտեզում բավական լուրջ հարցեր են բարձրացվում. այնտեղ կա Նախիջեւանը, որը վիճելի տարածք չի համարվել եւ ճանաչված է եղել որպես Հայաստանի առաջին Հանրապետության մաս, կա Լեռնային եւ Դաշտային Արցախի հարցը, Ախալքալաքի, Կարսի մարզի, Սուրմալու գավառի հարցերը։ Սկզբունքները հստակ ֆիքսելուց հետո նոր կարելի է խոսել հաջորդ քայլերի մասին, թե ինչ քարտեզների կիրառմամբ են իրականացվելու սահմանազատման աշխատանքները եւ ինչ մեթոդաբանությամբ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: