Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատառում Պրահայի հայտարարության վերաբերյալ. Արա Սահակյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2022 11:46

Պրահայի քառակողմ հայտարարությամբ (հոկտեմբերի 6) Հայաստանն ու Ադրբեջանը, հաստատելով իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, դրանց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Համառոտ` թե ինչ փաստաթղթեր են դրանք, եւ ում էր պետք դրանց վկայակոչումը:

ԱլմաԱթայի հռչակագիր

1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի առաջնորդները ստորագրեցին ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիր, որն արձանագրեց ԽՍՀՄ գոյության դադարումը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի եւ աշխարհաքաղաքական իրողության, եւ հայտարարվեց ԱՊՀ ստեղծման մասին: Այս իրադարձությանը հաջորդած մի քանի օրում նշված պետությունների խորհրդարանները վավերացրին համաձայնագիրը: Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենիայի եւ Ուզբեկստանի, ինչպես նաեւ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդները ստորագրեցին 2 փաստաթուղթ` ԱՊՀ նպատակների եւ սկզբունքների մասին հռչակագիրը եւ ԱՊՀ ստեղծման համաձայնագրին կից արձանագրությունը:

ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին կից արձանագրությունը, ըստ էության, բուն համաձայնագրի հիմնական դրույթների կրկնությունը կամ վերահաստատումն էր: Արձանագրությունը ենթակա էր վավերացման, հռչակագիրը` ոչ: Վավերացումը կրկին ընթացավ ժամանակի ոգուն համաձայն` արագ ու անվերապահ (Կենտրոնական Ասիայի 5 պետություն առաջարկեցին ԱՊՀ-ն կոչել Եվրասիական ԱՊՀ, մերժվեց):

Սակայն արձանագրության արագ ու անվերապահ ընթացքը Հայաստանում կոտրվեց: 1992թ. հունվարի կեսին ՀՀ ԳԽ-ում ներկայացված ընդդիմությունը շրջանառության մեջ դրեց մի քանի կետից բաղկացած վերապահումների առաջարկ: Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերով հանձնաժողովներում քննարկումից հետո, 1992թ. փետրվարի 18-ին ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին կից արձանագրությունը, որում հռչակվում էր համագործակցության շրջանակներում միմյանց տարածքային ամբողջականության եւ գոյություն ունեցող սահմանների ճանաչման եւ հարգման սկզբունքը: Այս դրույթը կարող էր առնչվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին, եթե չլիներ մեկ «բայց»… ՀՀ իշխանության բարձրագույն մարմինը` Գերագույն խորհուրդը, լայն համախոհությամբ ընդունեց Արցախի ինքնորոշման իրավունքի կենսագործման առումով սկզբունքային վերապահում. «Համաձայնագիրը բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջեւ, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ ԳԽ «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, եւ դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է ԱՊՀ` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով»։

Ամփոփենք: Պրահայի հայտարարության մեջ արձանագրության հիշատակումը, ըստ ամենայնի, անընդունելի է եղել Ալիեւի համար, քանի որ ասպարեզ կբերվեին Հայաստանի առարկությունները: Սակայն Փաշինյանին օդի պես հարկավոր էր որեւէ հղում, որը պատասխանատվության սլաքը կուղղեր 30 տարիների հեռուն, որպեսզի խաղարկեր «նախկիններն են Ղարաբաղը տվել Ադրբեջանին» կոչվող մարլեզոնյան բալետի հերթական ծիծաղելի արարը: Ուստի Ալիեւն ընդառաջել է նրան ու համաձայնել հիշատակել խորհրդարանների կողմից չվավերացված հռչակագիրը, որի նկատմամբ խիստ իրավական տեսանկյունից ՀՀ ԳԽ վերապահումները չեն տարածվում:

Արա ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31