Ամփոփել եմ եռամսյա հավաքների ժամանակ ի հայտ եկած անհաղթահարելի խոչընդոտները։
1) Խնդիրը համակարգային բնույթ է կրում։ Օրինակ` ես ինքս իմ աչքով եմ տեսել պետական հաստատություններ ուղարկած շրջաբերականներ առ այն, որ եթե ունեք անձ, որը մեկնել է եռամսյա հավաքների աշխատավարձ չվճարել։ Այնինչ ՊՆ-ն հավաքներից առաջ վստահեցնում էր իբրև թե կպահպանվի հավաքների մեկնած անձի նվազագույն աշխատավարձը։
2) Մասնավոր սեկտորում աշխատող և հավաքների մեկնած բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ ազատվել են աշխատանքից, սեզոնային աշխատանքով զբաղվող անձինք ասում են, որ զրկվել են իրենց միակ եկամուտից։
3) Եռամսյա հավաքների մեկնած ուսանողները դժգոհում են, որ կես կիսամյակ հետ են մնում կրթական ծրագրից և դժվարանում են հանձնել քննությունները։
Կարդացեք նաև
4) ՊՆ-ն հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին, վարչական և ուսումնաօժանդակ աշխատակիցներին ներգրավվելով եռամսյա հավաքներում՝ էականորեն խաթարում է կրթական գործընթացը։ Շատ են դեպքերը, երբ փոխարինող մասնագետներ կամ ուսումնաօժանդակ աշխատակիցներ դպրոցը չի կարողանում գտնել մինչև եռամսյա հավաքի մեջ գտնվող աշխատակցի վերադառնալը։
5) Վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիները ահազանգում են, որ եռամսյա հավաքներից հետո ընկնում են բանկային քաշքշուկների մեջ, քանի-որ հավաքների ընթացքում չեն կարողանում ստանալ համապատասխան չափի եկամուտներ` իրենց վարկերը մարելու կամ վարկերի տոկոսները ժամանակին սպասարկելու համար։
6) Որոշ քաղաքացիներ բողոքում են, որ ԶԿ- ները և ռազմաբժշկական հաստատությունները պատշաճ չեն իրականացնում հավաքների մեկնող անձանց բուժզննությունը։
7) Իսկ քաղաքացիների մի մասն էլ դժգոհում է, որ ոչ շարայիններին ընդհանրապես չեն բուժում հավաքներում ներգրավվելուց առաջ։ Ավելին, եռամսյա հավաքների ժամանակ ոչ շարայիններին ապօրինի կերպով ներգրավվում են մարտական հերթապահություն մեջ։
8 ) Իսկ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող քաղաքացիները նշում են, որ զրկվել են իրենց օրվա հացի փողը վաստակելու միակ հնարավորությունից, քանի որ կան դեպքեր, երբ այդ մեքենայի շահագործումն է իրենց հիմնական եկամուտի աղբյուրը, իսկ ՊՆ-ն այդ մեքենան վերցնում է հավաքների ժամանակ օգտագործելու նպատակով։
9) Քաղաքացիների մի մասն էլ պնդում է, որ հաշվի չեն առնում իրենց ընտանեկան կարգավիճակից բխող խնդիրները։
10) Կան նաև դժգոհություններ, որ քաղաքացիներին հավաքների կանչելուց ԶԿ-ները չեն պահպանում համապատասխան իրավական ընթացակարգերը։
Արծարծված խնդիրների մի մասի վերաբերյալ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ժամանակին հանդես է եկել առաջարկություններով, սակայն մինչև այժմ այդ խնդիրները չեն լուծվել։
Ամփոփում
Եռամսյա հավաքները ամբողջովին խնդրահարույց են թե՛ իրավական և թե՛ սոցիալական երաշխիքների տրամադրման առումով։ Ոլորտը կարգավորող իրավական նորմերը պետք է լրամշակվեն` կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վերջին օրենսդրական փոփոխություններով Կառավարության անդամները նույնպես օրենքի ուժով ազատվեցին վարժական հավաքների մեկնելու պարտականությունից։
Հասարակություն մեջ կան դժգոհություններ, որ խախտված է նաև սոցիալական համերաշխությունը` ունևորների և չինովնիկների զավակները կամ վերջիններս հետ փոխկապակցված անձիք ինչ-ինչ «կոռուպցիոն» մեխանիզմների գործադրմամբ չեն կանչվում կամ ազատվում են վարժական հավաքների մեկնելու պարտավորություններից։
Վանո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ