Արցախյան առաջին պատերազմի մասին խոսելիս կարծիքներ են հնչում, որ ՀՀ իշխանությունը դեմ էր հաղթելուն, բայց Արցախը կարողացավ հաղթել, իսկ 2020թ․-ի պատերազմի դեպքում ասում են, որ ՀՀ իշխանությունը դեմ է եղել հաղթելուն․ այս անգամ Արցախին ի՞նչը խանգարեց հաղթել։ Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի 10-ին պատասխանելով այս հարցին՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ասել է, որ Արցախի հաղթանակին որեւէ բան չի խանգարել։
«Արցախում քաղաքական-ռազմական այսպես ասած հեղափոխություններ չեն եղել։ Հրամանատարները նշանակված են եղել։ Ով ինչ ուզում է պատմի, դա իր խնդիրն է։ Ես գիտեմ՝ ում ո՞նց են նշանակել եւ ո՞ւմ առաջարկով։ Ի՞նչը խանգարեց հաղթելուն․ մեծամտությունը, անգրագիտությունը։ Դուք ոչ թե նշանակեցինք, որ ձեզ ծառայեն, այլ նշանակում էիք, որ թագավորին ծառայեն, թագավորի մարդը լինեն։ 2000թ․-ից, երբ բանակի գլուխը կտրին, մարդա մի լոմ վերցրին ու սկսին բանակը քանդել քսան տարի։ Սա փաստ է, որի հետ չես կարող չհամաձայնել։ Մարդը, որը ձեզ հաղթանակ էր բերել, հոկտեմբերի 19-ին մտել էր ՀՀ վարչապետի կաբինետ, 20 րոպե խոսել, առաջարկել, խնդրել, որ գոնե մինչեւ պատերազմի ավարտ ինձ նշանակի, ողջ պատասխանատվությունը դնի իմ վրա։ Պարտվեի՝ ես կլինեի մեղավոր։ Ասում է՝ «մտածենք»․․․դե, պարզ է ինչ են մտածում․․․զանգում են, փորձում հին ու նոր հասկանալ, ասում են՝ ախպեր, չենք դնի, լավ չի լինելու։ Այնպես որ, իմ հոգին էլ է մաքուր, իմացածս էլ։ Ես չեմ փախել պատասխանատվությունից։ Վերջին րոպեին էլ ասել եմ՝ տվեք, անեմ։ Չեն տվել»։
Սամվել Բաբայանի խոսքով՝ եթե իրեն չվստահելով հանդերձ վախեցել են, որ հետո իրենց դատարանի առաջ են կանգնեցնելու հանցագործությունների համար եւ մի ողջ ժողովրդի տանում էին պարտության, այսօր նրանց մնում է հանրության շրջանում կեղծ լուրեր տարածել, թե Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ թողել-գնացել է Արցախից․ «Իսկ դուք ի՞նչ եք արել։ Այս ու այնտեղ թաքնված էիք։ Ինձ համար հասկանալի չէր նախկին երկու նախագահների, եթե ոչ ամեն օր, ապա օր ու մեջ հանդիպելն ու ժամերով խոսելը։ Ինչի՞ց էին խոսում։ Ոչ ստրատեգ էին, ոչ ռազմավար։ Դրա համար դեռ շատ չխորանանք։ Քննություն է ընթանում։ Ես պատասխանը գիտեմ՝ մի մարդ կա, որ չգա, մնացածից ում ուզում եք բերեք, մերոնք են»։
Անդրադառնալով որակումներին, թե պատերազմից հետո ինքը ձեռքերը լվացել է եւ դուրս եկել Արցախից, Սամվել Բաբայանը նշեց․ «Արցախի եւ ՀՀ իշխանություններին մի մեծ դափոն փաթեթ եմ ներկայացրել քննարկման, բայց արդյունք չկա։ Չեն ասել՝ սխալ եմ, բայց արդյունք չկա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ