Մեր տնտեսությունն ինչպես զարգանում էր, այդ նույն տրամաբանությամբ էլ դեռ կշարունակի զարգանալ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը, որի կարծիքով, տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի:
«Պատերազմական իրավիճակները ցույց են տալիս, որ ռազմական գործը, պաշտպանությունն այսօր փոխել են սկզբունքները: Ավելի տեխնոլոգիական աշխատանք են ենթադրում պատերազմները՝ հենված, օրինակ՝ ճշգրտության վրա: Մենք առնչվել ենք պատերազմի ու առնվազն այս 2 տարվա ընթացքում պետք է հասկանայինք, որ էլի ենք առնչվելու: Խոսում ենք խաղաղությունից, բայց պետք է հասկանալ, որ երկիրը նոր որակի պաշտպանության կարիք ունի: Այսօր մենք խոսում ենք ռազմամթերքի մասին՝ մոռանալով, որ մենք ինքներս պետք է կարողանանք այդ ռազմամթերքի գոնե հիմնական մասն արտադրել, որը կապ ունի մասնավորապես ԱԹՍ-ների հետ: Հակառակ դեպքում մեզ համար ամեն ինչ ծախսատար կլինի, ու դժվար կլինի այդ ապրանքները գնել արտաքին շուկաներից: Որպեսզի ռազմական ԱԹՍ արտադրես, պետք է զարգացնես առնվազն 5 տեխնոլոգիական ոլորտ, որոնց թվում ճշգրիտ մեքենաշինության, ռադիոէլեկտրոնիկայի, օպտիկայի ոլորտներն են: Բայց զարգացնել՝ չի նշանակում ստեղծել արտադրություններ, որոնք իրենք իրենցով կսկսեն արտադրել»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարեն Ադոնցի խոսքով, պետք է փոխել տնտեսության կառուցվածքը, որպեսզի այդ ոլորտների համար պահանջարկ ձևավորվի: « Տնտեսությունն իր պահանջարկով պետք է ձևավորի նաև անհրաժեշտ ինժեներական մասնագիտական համախումբը, բայց ոչինչ չի արվում՝ փոխարենը փորձում են զարգացնել տուրիզմը: Մինչդեռ ռազմական գործը, պաշտպանությունն ապահովում են արդյունաբերական հասարակությունները:
Բանակը կազմակերպվածություն, ճշգրիտ կառավարում, ճշգրիտ ռազմամթերք, գրագետ պլանավորում է ենթադրում, որտեղ մասնագետներ պետք է լինեն: Ուկրաինական բանակում նիհար, ակնոցներով խելացի երեխեքը խաղում են կոմպյուտերային համակարգերի վրա՝ էկրանի վրա պատերազմ տանելով»,-նշեց նա՝ շեշտելով, որ մեր զինվորները ևս պետք է հանգիստ կռվեն: «Նրանք պետք է իրենց ուղեղով, գիտելիքով, տեխնոլոգիաներով կռվեն, ժամանակակից բանակն այդպիսին է, թեպետ մեր տղաները պատրաստ են իրենց մարմնով ու կյանքով պահել հայրենիքը»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։