Մեր հարցերին պատասխանում է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։
– Անցած շաբաթ Պրահայում կայացան Փաշինյան-Ալիեւ, Փաշինյան-Էրդողան հանդիպումները։ Հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ ԵՄ քաղաքացիական դիտորդներ են տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանին։ Նախ՝ դիտորդների մասին․ որքանո՞վ եք էֆեկտիվ համարում դա։
– Որոշումը՝ քաղաքացիական դիտորդների մասին, համապատասխանում է ԵՄ եւ Արեւմուտքի ցանկություններին՝ ՌԴ-ին դուրս մղել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բանակցային գործընթացից եւ այն շարունակել Արեւմուտքի միջնորդությամբ։ Այդ արեւմտյան միջնորդությունը շահավետ կլինի՞ արդյոք Հայաստանի համար՝ ես հիմա չեմ գնահատի, բայց քաղաքացիական դիտորդները, ի տարբերություն ռուս խաղաղապահների, որոնք հիմա Ղարաբաղում են, անզեն մարդիկ են։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կուզեին, բոլոր կլավիշների վրա խաղալով, մինիմումի հասցնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանում, որտեղ կա հասարակական կարծիք, որը մեղադրում է Ռուսաստանին՝ Ադրբեջանին զինված դիմադրություն ցույց չտալու համար։ Հայաստանում, ինձ թվում է, մարդիկ պետք է հասկանան, որ որոշակի առումով ցանկացած խաղ հնարավոր է, այդ թվում եւ՝ դրամատիկական, բայց պետք է հասկանաք, թե ինչն ինչի հետ եք փոխում։ Մի կողմից Հայաստանի հայերի ցանկությունը կա, որ իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնվի, ու Ադրբեջանի զինուժը վերադառնա իր ելման դիրքեր, որտեղից մի քանի կիլոմետր առաջ են գնացել, իսկ մյուս կողմից կա Ղարաբաղի բնակիչների կարծիքը, որ Հայաստանը ստորագրում է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ պայմանով, որ իր վրայից գցում է Ղարաբաղի համար պատասխանատվությունն ու Ղարաբաղի ճակատագիրը թողնում է Ռուսաստանին ու Ադրբեջանին։ Հիմա Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, որովհետեւ ՌԴ-ն չի սկսում պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, իսկ Ղարաբաղի հայերն այլ պաշտպանություն, քան Ռուսաստանի խաղաղապահներն են, չեն տեսնում ու վաղուց հույս չեն դնում Հայաստանի վրա։ Ահա եւ ողջ պատմությունը։ Մենք չենք շտապում պատերազմ սկսել Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ, որովհետեւ մեր դիրքորոշումն է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, սահմանային միջադեպերը բացառվեն։ Սակայն դրանով չի վերանում Արցախի խնդիրը՝ Արցախի կարգավիճակի, Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, որն այսքան տարի եղել է միջազգային բանակցությունների օրակարգում։ Մենք տպավորություն ունենք, որ դա էլ գլխավոր հարցը չէ Հայաստանի գործող իշխանության համար։
– Ինչպիսի՞ն եք տեսնում Ղարաբաղի ճակատագիրը, Ղարաբաղի ապագան, իրատեսական համարո՞ւմ եք, որ Արցախը դիմի Ռուսաստանին, ու Ռուսաստանը համաձայնի ընդունել այն իր կազմում։
Կարդացեք նաև
– Իհարկե, Արցախը բարդ վիճակում է եւ պատրաստ է ցանկացած տարբերակի, այլ հարց է, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում չի կարող Արցախն իրեն միացնել։ Մենք հիմա չենք կարող նման պատասխանատվություն վերցնել, որովհետեւ դա կնշանակի ուղիղ առճակատում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Չէ՞ որ մենք Հայաստանից չենք պահանջում, որ նա հանդես գա մեր կողմից Ուկրաինայի հետ կոնֆլիկտում։ Ես չեմ հաշվում, իհարկե, որ ինչ-որ կամավորականներ հիմա կռվում են ռուսական կողմից։ Հայաստանի հասարակությունը մեզնից պահանջում է, որ մենք անհապաղ ռազմական գործողություններ սկսենք Ադրբեջանի դեմ, որը խախտել է Հայաստանի սահմանը։ Բայց մենք գիտակցում ենք մեր դերն այդ գործողությունները կանգնեցնելու հարցում՝ ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանի սահմաններին։ Սակայն ինձ թվում է՝ Հայաստանը նախեւառաջ պետք է իր ներսում հարցերը լուծի։ Վերջերս այդտեղ ոգեւորություն կա Փելոսիի այցի, տարբեր հանդիպումների հետ կապված։ Մենք դրան չենք առարկում, հասկանում ենք, որ Հայաստանն ինչ-որ տարբերակներ է փնտրում՝ իր անվտանգությունն ապահովելու, բայց հույս ունենք, որ խելքը կհերիքի ինչ-որ տարբերակներ փնտրելով՝ մնալ Ռուսաստանի հետ սերտ կապերում։ Այն, ինչ այսօր կատարվում է, որոշ երեւույթներ վկայում են, որ ՌԴ-ի հետ կապված ամենը մեկնաբանվում է բավականին թեթեւամիտ ձեւով, ու հակազդեցություն դրան չի տրվում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: