Լրահոս
Օրվա լրահոսը

Թող նրանց մեծարելու առիթները նրանց կենդանության օրոք ստեղծվեն․ Արցախի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» 24-ամյակն է

Հոկտեմբեր 11,2022 10:39

Այսօր ողջ աշխարհում մասնագետների կողմից ընդունելի են փիլիսոփայության և իրավական մտքի նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Ալ. դե Թոքվիլի գաղափարները: Նա գտնում է, որ ամենաժողովրդավար երկիրն այն է, ուր «…մարդիկ ունակ են միացյալ ուժերով հասնելու իրենց նպատակների իրականացման բարձր մշակույթին, պատասխանատու են իրենց ընդհանուր ցանկությունների համար և հաճախակի են կիրառում կոլեկտիվ գործունեության մեթոդը»: Այս մեթոդի վառ արտահայտությունը հասարակական կազմակերպությունների օբյեկտիվ գործունեությունն է, երբ մի նպատակի, սկզբունքի շուրջ հավաքված մարդիկ ներկայացնում են հասարակության տվյալ շերտը և կատարում արդյունքի հասնելուն ուղղված որոշակի քայլեր:

Հանրային շահերի պաշտպանությամբ կամ ծառայությունների մատուցմամբ զբաղվող մասնագիտացված ՀԿ-ները կարողացան դառնալ պետական ապարատի և հասարակության միջև խնդիրների լուծման համար միջնորդ հասարակական համակարգի կառույցներ:

Արցախի Հանրապետությունում, թեև պետական գրանցում ստացած բազմաթիվ ՀԿ-ներ կան, սակայն դրանցից քչերն են, որ սիրական գործունեություն են կիրառում և հասարակության որոշակի պահանջներ են բավարարում: Այդպիսի կառույցներից է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ, որը հոկտեմբերի 10-ին նշեց իր կազմավորման 24-ամյակը: ՀԿ հիմնադիր- նախագահ Վերա Գրիգորյանը ջանասեր կին է, մայր է, որն արցախյան առաջին գոյամարտում կորցրեց իր միակ որդուն: Դա առիթ եղավ զբաղվել պատերազմի հետևանքով անհայտ կորածների հարցերով: Ինչպես տեսնում ենք՝ նա ծավալուն, հոգեպես ու ֆիզիկապես ծանր աշխատանք ձեռնարկեց:

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ն հիրավի, թանգարան է մեր բոլոր պատերազմներում անհետացած ազատամարտիկների՝ նրանց մասին պատմող հուշեր, մանրամասն հավաքագրված տեղեկություններ, անձնական իրեր, այս ամենն ուղղված է գտնելու, իսկ հակառակ դեպքում նրանց անմահացնելուն:

Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է լինել այդ միության շենքում և լսել տիկին Վերայի հուզումնալից խոսքը, հանդիպել անհայտ զինվորների հարազատների հետ, քանզի սա հայրենասիրական լավագույն դասերից է և այդ միության կատարած աշխատանքի արժանի գնահատական:

24 տարիների փաստահավաք գործունեությունը միության և նրա բոլոր անդամների ազնվագույն նվիրումի մասին է խոսում, ես չէի կարող անտարբեր անցնել դրա կողքով:

Հարգելի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ անդամներ, սիրելի տիկին Վերա, սրտանց շնորհավորում եմ Ձեր անխոնջ աշխատանքի 24 տարիները, ցանկանում եմ առողջ և արգասաբեր տարիներ, խոնարհումս բոլորիդ, քանզի ցավի միջից պատմություն եք ստեղծում, մեծարում, հիշում մեր մարտիկներին:

Արցախի պետականության, անկախության, մեր կյանքերի համար զոհաբերված, մարտի նետված յուրաքանչյուր ոք արժանի է խորին հարգանքի և մեծարման, այս գործին լծված յուրաքանչյուր ոք ինձ համար ամենա է:

Ձեր գործը միայն ներկա չէ, այլև՝ ապագա, քանի որ ժամանակի նավերով մեծ ժառանգություն է տեղափոխում մեր սերունդներին, որպեսզի հանուն հայրենիքի մարտի նետվածներից և ոչ ոք չմոռացվի, նրանց հիշեն և ճանաչեն: Միայն ժառանգություն ստեղծելով կարող ենք մեր լինելիությունն ու շարունակականությունն ապահովել:

Սիրելի տիկին Վերա, մեկ անգամ ևս շնորհավոր և Աստծո օրհնությունն անպակաս լինի ձեզանից:

Թող այլևս ոչ մի պատերազմ չխլի մեր եղբայրներին… թող նրանց մեծարելու առիթները նրանց կենդանության օրոք ստեղծվեն… թող մայրն այլևս չցավա անվերջ սպասումներից։

Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Արցախի, Հայաստանի, Բուլղարիայի գրողների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31