«Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էի, որ կամ ՌԴ-ն մեզ տալիս է զենք, կամ մենք ոչ մի բան չենք ստորագրում եւ դուրս ենք գալիս Արցախից։ Ասում էի՝ ոչ մի փաստաթուղթ մի ստորագրեք։ Ադրբեջանը, որ ասում էիք հաղթել է, ոչ, 50/50 է եղել։ Չլսեցին։ Հիմա Ալիեւն իր բերանով ասում է, որ դժվար մաս էին մտնելու, լեռնային տեղեր են, եւ այլն։ Բայց ինձ չլսեցին, չարեցին առաջարկածը»,-Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հոկտեմբերի 10-ին հայտարարել է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով 2020թ․-ի պատերազմի ընթացքում իր մասնակցությամբ որոշ դրվագների։
Նկատառմանն ի պատասխան, որ ինքը տեղյակ է եղել Թաղավարդով դեպի Շուշի ադրբեջանցիների առաջխաղացման մասին, բայց ոչինչ չի ձեռնարկել, Սամվել Բաբայանն ասել է․ «Ամեն ինչից էլ տեղյակ է, տեսել եմ, բացատրել եմ, թե որտեղ պետք է ականապատել, որտեղ ինչ անել։ Ցավոք, կատարողները զրոյական ուղեղ ունեին։ Շատ լավ էլ ձեռնարկել եմ, առաջարկել եմ, կազմակերպել եմ, բայց ադրբեջանցին 4-5-ը մտել է Շուշի։ Բոլորդ 5-6 եք ասում, բայց 4-5-ն է եղել։ Շոշ գյուղի դպրոցում խորհրդակցություն անցկացնելու ժամանակ ականանետի արկն ընկել է բակում։ Ով որ այնտեղ էր, գիտի դա։ Այսինքն, որ պետք էր Սղնախով դրանց ճանապարհը կտրել եւ հարցերը լուծել, որովհետեւ այլընտրանք չկար։ Գործող հրամանատարն այդ փուլում ասաց՝ դե դա Բաբայանի գործն է, դա ինքն է ուզում անի, դա մեր հետ կապ չունի, ես գիտեմ ինչ եմ անում․․․ դեմ տվեցին սարին՝ երեք օրում 500-600 զոհ տվեցին»։
Սամվել Բաբայանը նշեց, որ այս պահին քննություն է ընթանում եւ իր բոլոր վերոնշյալ ասածները քննության առարկա են․ «Բոլոր մասնակիցները գնում են ցուցմունքներ գրելու։ Եվ Հորադիզի ուղղությամբ կատարվածը, եւ Շուշիի օպերացիան, եւ դրա թիկունքը փակելը։ Ես գիտեմ, որ ովքեր գնում են, շատ վատ կարգավիճակում են։ Ինձ հարցրել են, ես նկարագրել եմ, թե ոնց է եղել։ Հետո այդ անձերին են կանչել, եւ ստացվել է, որ իմ ասածն է իրականությունը։ Իրենց ասածն իրականության հետ չի բռնում։ Վկայի կարգավիճակ ունեմ։ Մենք 1000 տոկոսով ճիշտ էինք։ Այստեղ մարդիկ կան, որոնք լրատվականներով ասում են, թե հեսա հերթն իմն է․․․ժողովուրդ, մի ծիծաղեցրեք։ Խայտառակ վիճակ է եղել։ Դուք պետք է ամաչեք խոսելուց»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ