Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ինչ է «վաճառում»

Հոկտեմբեր 11,2022 10:00

Բրիտանական հանրահայտ “Peaky blinders” սերիալում մեկը հարցնում է գլխավոր հերոսին՝ այդ ի՞նչ նախընտրական ցուցակ է, որտեղ կոմունիստի անունը հայտնվել է բուքմեյքերի անվան կողքին: Պատասխանը հետեւյալն է՝ գուցե դա այն մարդկանց ցուցակն է, որոնք աղքատների մեջ կեղծ հույսեր են արթնացնում:

Իսկապես որ՝ կոմունիստներն ու բուքմեյքերները աղքատներին առաջարկում են հարստանալու հեշտ տարբերակներ: Առաջին դեպքում՝ հարուստներից գումարներ խլելու, իսկ երկրորդ դեպքում՝ պարզապես մոլախաղի միջոցով: Ընդ որում, առաջին տարբերակն առաջարկում են ոչ միայն կոմունիստները: Ցանկացած պահի, երբ նկատվում է հասարակության լյումպենացում (ոչ միայն աղքատացում, այլեւ արժեքային կողմնորոշիչների կորուստ), հայտնվում են ուժեր, որոնք կարողանում են խաղարկել այդ տրամադրությունները: Նման «քաղաքական ապրանքը», սակայն, արագ է փչանում: Զանգվածները դեռեւս ոչ մի տեղ հեղափոխությունների միջոցով չեն հարստացել: Եվ դա շատ արագ պարզվում է:

Հետեւաբար, պետք է փոխվի ապրանքի փաթեթավորումը, բայց ոչ՝ էությունը: Ի՞նչ են ժամանակակից Հայաստանում փորձում վաճառել քաղաքական ուժերը: Նրանք այլեւս չեն կարող հարստանալու հույսեր արթնացնել, որովհետեւ այդ հեքիաթին այլեւս ոչ ոք չի հավատա: Ուստի նրանք «վաճառում են» թշնամանք եւ պառակտում:

Երբ վարչապետը հայտնվում է Ազգային ժողովի ամբիոնի առջեւ, արդյոք նա ասո՞ւմ է՝ սիրելի ժողովուրդ, ներկաներ եւ նախկիններ, իշխանություն եւ ընդդիմություն, հայաստանցիներ, արցախցիներ եւ սփյուռքահայեր, մեր պետությունը կանգնած է կործանման եզրին, եկեք մեր տարաձայնությունները ժամանակավորապես մոռանանք եւ տեսնենք, թե ինչ կարող է անել յուրաքանչյուրս, որպեսզի այդ վերջնական աղետը տեղի չունենա: Բայց վարչապետն այդպես չի վարվում: Նա մոտենում է ԱԺ ամբիոնին՝ հերթական սկանդալը սարքելու, փոխադարձ անվստահության եւ վիրավորանքների մթնոլորտը բորբոքելու համար: Եվ այդ նպատակով նա պարտադիր խոսում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին:

Իսկ ո՞րն է Փաշինյանի քարոզիչների թեման: Վերոնշյալ նույն երկու անձինք՝ գումարած «ռուսաստրուկների» հասցեին հայհոյանքները:

Իսկ ինչի՞ մասին են խոսում Փաշինյանի հակառակորդները՝ դավաճանների եւ հողատուների:

Նման կրքերի բորբոքումը, թեեւ լյումպենացված զանգվածներին հարստանալու հույսեր չի տալիս, բայց նրանց պարգեւում է հոգեկան բավարարվածություն, որն, ինչ որ չափով փոխարինում է նրանց «սննդին»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ընդհանրապէս որեւէ երկրի մէջ պէտք չէ Նոյն հաւասարութեան վրայ դնել բոլոր լծակներ ունեցող իշխանութիւնը եւ միայն խօսքի իրաւունք ունեցող ընդդիմութիւնը։

    Ես “իրար կ՝արժեն” ասույթը թէեւ կը հասկնամ, մանաւանդ Հայաստանի պարագային, բայց գործնականօրէն անիմաստ եւ բուն խնդիրն փախող վարուելակերպ է։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31