Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնք պետք է տուն ուղարկվեն»․ Շտեֆան Շենախ

Հոկտեմբեր 10,2022 22:07

«Մենք տեսել ենք, որ այս օրերին մարդիկ են զոհվել, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի տարածքում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում, քանի որ Ադրբեջանի կողմից օգտագործվել են ծանր զենքեր»,- ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ավստրիացի պատվիրակ Ստեֆան Շենախը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվեց  «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմայով ընթացիկ հարցերի շուրջ բանավեճ։

Ստեֆան Շենախը հորդորեց հայկական և ադրբեջանական պատվիրակություններին, ինչպես ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսն է ասում, օգտագործել ԵԽԽՎ նստաշրջանի այս շաբաթվա հնարավորությունը, որպեսզի դրական մտքերի փոխանակում կատարեն։

Նա կարևորեց, որպեսզի այս օրերին հաստատվի հրադադար։ Ավստրիացի պատգամավորն այս հարցում կարևորեց Թուրքիայի դերն ու ասաց․ «Մենք պետք է Թուրքիային կոչ անենք օգտագործել իր ներուժը՝ միջամտելու, որպեսզի հասնենք հրադադարի»։

Այնուհետև անդրադառնալով Ադրբեջանի պարտավորություններին և դրանց կատարմանը՝ ասաց․ «Կոչ ենք անում Ադրբեջանին շարունակել իրականացնել ռազմագերիների փոխանակումը, քանի որ դեռ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, և նրանք պետք է տուն ուղարկվեն»։ Նա հիշեցրեց՝ յոթ տարի Ադրբեջանի հարցերով զեկուցող է եղել ու ասաց․«Ամեն անգամ, երբ մենք պաշտոնական զրույցներ էինք ունենում, մենք միշտ հանգում էինք Լեռնային Ղարաբաղի հարցին։ Թշնամությամբ միմյանց կողքի ապրել հնարավոր չէ։ Ատելության թեման պետք է դուրս բերվի դպրոցական և համալսարանական ծրագրից, միայն այս կերպ հնարավոր կլինի կառուցել հարևանների միջև ապագա»։

Իսպանացի պատվիրակ Լորա Կաստելը վստահեցրեց՝ կան ապացույցներ, որ Ադրբեջանը կատարել է պատերազմական հանցագործություններ․ «Հստակ փաստեր կան, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կողմից իրականացվել է հանցագործություն ՀՀ ինքնիշխան տարածքում։ Սեպտեմբերի 12-14-ի ընթացքում շուրջ 300 զինծառայողներ են զոհվել։ Պետք է արձանագրենք, որ բոլոր բռնությունները տեղի են ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Բռնություններից ոչ մեկը տեղի չի ունեցել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում։ Ադրբեջանի սադրանքները հնարավոր չէ արդարացնել։ Ադրբեջանը շարունակում է բռնազավթած պահել ՀՀ ինքնիշխան տարածքը, որն անընդունելի է»։

Նա, հղում կատարելով հայ զինծառայողներին մահապատժի ենթարկելու մասին տեսանյութերին, այն սարսափելի փաստերին, որ Ադրբեջանը կատարել է դիախեղումներ, կարևորեց, որ այս բոլոր հանցագործությունների համար Ադրբեջանը կրի պատասխանատվություն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31