Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե մենք հետեւեինք դատարանի որոշմանը, ապա Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ՀՀ ողջ տարածքով հեռարձակվող TV-ներ չէին մնա»․ ՀՌՀ նախագահ

Հոկտեմբեր 10,2022 15:12

«Ես դա ցավով եմ նշում, որովհետեւ հեռուստաընկերությունները հավելյալ ռեսուրս են ծախսում, ինչը խոչընդոտում է նրանց աշխատանքը։ Կարծում եմ՝ հետագայում օրենսդրական, դատական իշխանությունների շատ հստակ ջանքերն են պետք՝ կարողանալու համար լուծել այս խնդիրը։ Շատ ժամանակ դատարաններն անգամ չեն գիտակցում հետեւանքները, որոնք վերաբերում են հանրապետական ծածկույթով հեռուստաաալիքների եթերազրկմանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հիշեցնենք, որ hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներն այսօր նորից են հայտեր ներկայացնում, որովհետեւ 2021թ․ հունվարին կայացած մրցույթի արդյունքների առնչությամբ մասնակից հեռուստաընկերություններից «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» դիմել էր դատարան․ մի մասով՝ անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները, ընկերությունը դատարանում հաղթել էր, իսկ երկրորդ հայցով՝ իրեն հաղթող ճանաչել մրցույթում, գործընթացը դեռ չի ավարտվել։ Այժմ՝ հայտերի ներկայացումից հետո, երկու ամսվա ընթացքում ՀՌՀ-ն պետք է որոշում կայացնի։

Տիգրան Հակոբյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մրցույթի չափորոշիչները նույնն են մնացել՝ տեխնիկական հագեցվածություն, ֆինանսական կայունություն, հայերեն լեզվի գերակայություն, ազգային արժեքների պահպանություն․ «Մեր համար ամենակարեւորն այն է, որ համեմատում ենք հեռուստաընկերությունների ստանձնած պարտավորություններն ու տեսլականը՝ իրական, խմբագրական քաղաքականության հետ, որովհետեւ կարելի է շատ գրագետ եւ գեղեցիկ տեքստեր գրել, բայց լիցենզիա ստանալուց երկու օր անց խախտել տեսլականն ու խոստումները։ Երկու ամիս մեր աշխատակազմը շատ մանրակրկիտ հայտերն ուսումնասիրելու է, տասնյակ գործոններ է համադրելու։ Բայց բոլորը հասկանում են, որ լիցենզիա ստանալու ամենաքիչ հնարավորություններն ունեն այն հեռուստաընկերությունները, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները, խախտում են բովանդակային սահմանափակումները, որոնք աշխարհում են ընդունված՝ ատելության խոսք, ապատեղեկատվություն, միակողմանի տեղեկատվություն, մարդկային արժանապատվության ոտնահարում, թշնամանք․․․։ Այդպիսիք պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ լիցենզիա կարող են չստանալ»։

Հետաքրքրվեցինք՝ հանձնաժողովը նշյալ խնդրի լուծման առնչությամբ դատական իշխանությանն ի՞նչ մեխանիզմներ է պատրաստվում ներկայացնել ու քննարկել։ Տիգրան Հակոբյանը նախ նշեց, որ հանձնաժողովը սահմանադրական, մասնագիտական մարմին է, որը երկու ամսվա ուսումնասիրությունների արդյունքում է որոշում կայացրել առաջին մրցույթի ժամանակ․ «Իհարկե, լուծումներ ունենք։ Օրենսդրական պահանջները պետք է հստակեցվեն։ Մրցույթների ամփոփման որոշումներում եւ մասնագիտական եզրակացություններում ներգրավված են 25-30 մասնագետներ։ Մենք նաեւ տասնյակ նամակներ ենք հղում՝ պարզելու համար ընկերության ներկայացրած ծրագիրը։ Միայն մեկ դատավոր շատ խավար է պատկերացնում մեդիայի աշխատանքը եւ դատական նիստերի ընթացքում հանձնաժողովից որեւէ մեկին չի կանչում որպես վկա՝ հասկանալու համար մեր գնահատականների հիմքը։ Գուցե իրավաբանորեն ճիշտ է որոշում ընդունել եւ արձանագրել, որ որեւէ կողմից չբողոքարկված մրցույթի արդյունքներն անվավեր են՝ ինչ-ինչ պատճառներով։ Եթե մենք դատարանի որոշումից բխող պարտավորություններին հետեւեինք եւ օգոստոսին անջատեինք ողջ ՀՀ տարածքով հեռարձակվող հինգ հեռուստաընկերություններին, կստացվեր, որ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ՀՀ-ում գրեթե չէր լինի հեռուստաընկերություն, որը հեռարձակվում է ողջ ՀՀ-ում։ Կմնային միայն հանրային հեռարձակողն ու ռուսական մեկ պետական հեռուստաալիք, եւ չեմ կարծում, որ այն մեր համար նպաստավոր, օբյեկտիվ տեղեկատվություն կտար։ Դատարանները պետք է հասկանան, որ հանրային մուլտիպլեքսը ռազմավարական օբյեկտ է, եւ անջատման մասին նման որոշումները պետք է շատ հիմնավորված լինեն։ Մենք այդ դատավճռում հիմնավորում չտեսանք»։

«Հայկական երկրորդ հեռուստաալիքի» ներկայացուցչի պարզաբանումը` այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31