Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների նկատմամբ սեռական բռնության թեման Հայաստանում շարունակում է տաբու լինել. JAMnews

Հոկտեմբեր 10,2022 10:51

JAMnews. Հայաստանում վերջին 5 տարիներին երեխաների բռնաբարության 25 դեպք է եղել։ Տարեկան միջինում սեքսուալ բնույթի տարատեսակ հանցագործությունների 75 դեպք է գրանցվում։ Միևնույն ժամանակ փորձագետները պնդում են՝ սա ամբողջական պատկերը չէ։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության թեման շարունակում է տաբու լինել։ Այն աստիճան, որ հաճախ ծնողները գերադասում են թաքցնել երեխայի հետ կատարվածը և չդիմել իրավապահ մարմիններին։

«Կմեծանաս, կմոռանաս։ Իսկ եթե ո՞չ»

«Մենք մի վատ խոսք ունենք՝ «կմեծանաս, կմոռանաս»։ Այդպես փորձում ենք մխիթարել երեխաներին, երբ նրանց հետ մի տհաճ բան է տեղի ունենում։ Ինձ մոտ հակառակն էր․ մեծացա ու հիշեցի։ Ես շուրջ 30 տարի չէի հիշել դեպքերը, որ տեղի էին ունեցել իմ կյանքում, ու, ըստ էության, հետագայում անդառնալիորեն ազդել անձնական կյանքիս վրա»,- ասում է 36-ամյա Անին՝ հիշելով իր նկատմամբ տեղի ունեցած սեռական ոտնձգությունն ու տասնամյակներ տևած իր լռությունը։

Անին ծնվել և մեծացել է Երևանում, արվարձանային հանգիստ ու խաղաղ միջավայրում, որտեղ երբեք որևէ վտանգ չի զգացել, ինչպես և իր ծնողները։ Պատմում է՝ 25-30 տարի առաջ ինքն ու մյուս երեխաներն օրվա մեծ մասը բակում էին անցկացնում, խաղում, միմյանց հյուր գնում։

«Դժվար է պատկերացնել ավելի անվտանգ միջավայր, քան փոքրիկ թաղամասը, ուր բոլորն իրար ճանաչում են։ Հիշում եմ, որ մեր փողոցում նոր բնակիչներ հայտնվեցին։ Վարձով էին ապրում հարևաններից մեկի տանը։ Նրանք իմ տարիքի աղջիկ ունեին, որին գրեթե երբեք թույլ չէին տալիս բակում խաղալ։ Հայրն ասում էր՝ ընկերներիդ մեր տուն բեր։ Այդպես ես էլ մի քանի անգամ նրանց տուն գնացի։ Ինչ-որ կերպ հասկանում էի, որ այս մարդիկ նման չեն իմ ընտանիքին, բայց ես շատ փոքր էի այդ տագնապային ազդանշանները հասկանալու համար։

Հիշում եմ, որ մի անգամ, երբ մենք այդ աղջկա հետ խաղում էինք, նրա հայրը մեզ հետ նույն սենյակում նստած էր, հետո վեր կացավ և սկսեց մերկանալ։ Ամբողջությամբ մերկ մի քանի րոպե կանգնեց մեր դիմաց, հետո ասաց, որ գնում է լոգանք ընդունելու։ Գնաց բաղնիք և չփակեց դուռը։ Մեկ ուրիշ անգամ, արդեն փողոցում, ինձ կոնֆետ հյուրասիրեց։ Երբ մոտեցա նրան, տաբատի ճարմանդը բաց էր, սեռական օրգանը դուրս։ Բարեբախտաբար, կողքի տներից մարդիկ դուրս եկան, և նա անակնկալի եկավ։ Մինչև հիմա շատ հստակ հիշում եմ բառերը՝ «արի սա իր տեղը դնենք դեռ»»,– պատմում է Անին։

Հիմա է հասկանում՝ դրանք իր լռությունը փորձարկելու ձևեր էին, որոնք նախապատրաստում էին հաջորդ քայլերը, որոնք, հավանաբար, տեղի կունենային, քանի որ ինքն իր հետ կատարվածի մասին ոչինչ չէր պատմել ծնողներին։ Բարեբախտաբար, կարճ ժամանակ անց նոր հարևանները տեղափոխվեցին այդ թաղամասից։

Անին ասում է՝ այս պատմությունը հիշել է միայն հոգեբանի հետ երկար ու ծանր աշխատանքից հետո, 32 տարեկանում։ Ու չգիտի՝ ինչու է այսքան տարի ինքն իրենից թաքցրել այս դեպքերը․ «Հոգեբանի աջակցությունն ու ամուսնուս համբերատարությունը օգնեցին ինձ լիարժեք ապրել»։

Անին կարծում է՝ ինքն ու իր նման երեխաները հատկապես անպաշտպան են, որովհետև նրանց սովորեցնում են լուռ ու համեստ լինել, չհակաճառել և միշտ լսել մեծահասակներին․

«Մեծերին ենթարկվելը ամենավատ բանն է, որ կարելի է սովորեցնել երեխային։ Փոխարենը մեր երեխաներին պետք է սովորեցնենք, որ նրանք ամեն ինչ կարող են մեզ պատմել՝ առանց ամաչելու ու վախենալու: Կարող են գոռալ, երբ վախենում են, կարող են թույլ չտալ, որ իրենց դիպչեն, անգամ բարեկամները, եթե դա նրանց դուր չի գալիս։ Սրանք շատ պարզ բաներ են, որ կարող են փրկել մեր երեխաներին»։

Տաթևիկ Աղաբեկյանը շեշտում է՝ երեխաների նկատմամբ սեռական բռնությանն արձագանքելու բավարար հմտություններ և մեխանիզմներ չունի ո՛չ իրավական համակարգը, ո՛չ կրթական. «Մենք դեպք ունեինք, երբ երեխան սեռական բռնության հետևանքով ֆիզիկական խնդիրների առջև էր կանգնել և, բնականաբար, չէր կարողանում դպրոց գնալ։ Դպրոցում նրա հեռացման հարցն էր դրվել՝ բացակաների պատճառով։ Մինչդեռ բռնության ենթարկված երեխային չի կարելի կտրել իր միջավայրից, որովհետև դա նրա կողմից ընկալվում է որպես պատժի ձև, այդպիսով նրա մոտ տպավորություն է ստեղծվում է, թե մեղավորն ինքն է եղել»։

Բացի այդ, չկա երեխայի անձնական կյանքի գաղտնիությունը երաշխավորելու որևէ մեխանիզմ։ Բռնության ենթարկված երեխային անվճար բուժօգնություն ստանալու համար ուղղորդում են համայնքային պոլիկլինիկաներ՝ առանց ստուգելու՝ արդյոք դրանք համալրվա՞ծ են անհրաժեշտ սարքավորումներով, հնարավո՞ր է արդյոք ապահովել երեխայի անանունությունը և այլն։
Հասմիկն ապաստարանում։ Հայաստանում գործող կենդանիների ապաստարան

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» նախագահն ասում է՝ իրավապահ մարմինների նկատմամբ անվստահություն է ձևավորվել. «Իրավապահ համակարգում չկա խնդրի գիտակցում։ Բոլոր գործերը քննվում են՝ ինչպես կքննվեր գողությունը։ Տպավորություն է, որ ամբողջ համակարգն աշխատում է տուժողի սուտը բռնելու, մեղքի բեռը նրա ուսերին թողնելու վրա։ Որպես օրինակ ուղղակի նշեմ, որ տարիներ առաջ երեխայի նկատմամբ սեռական բռնության դեպք ունեինք։ Գործը վարում էր կին քննիչը, որը մեր հոգեբանին միայն մեկ հարց էր տվել, թե ինչպե՞ս է կարելի բռնել երեխայի սուտը։ Փաստորեն՝ սա նրան անհանգստացնող միակ բանն էր եղել երեխայի հետ աշխատանքում։ Այսինքն՝ նրանց համոզմունքը մեկն է՝ երեխան խաբում է»։

Այսօր Հայաստանում սեռական բռնության ենթարկված անձանց որևէ ծառայություն չի մատուցվում պետության կողմից։

Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31