Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ից դուրս գալը գլխացավանք չէ, որովհետև ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»․ Տիգրան Խզմալյան

Հոկտեմբեր 09,2022 22:55

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության կազմակերպած այսօրվա լուռ բողոքի ակցիային մասնակցում էր նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:

Նա, ներկայացնելով իր պահանջն, ասաց․ «Մենք հիմա ՀԱՊԿ-ի, որից դուրս գալու պահանջով ենք եկել բոլորս, նախագահողն ենք, և վարչապետ Փաշինյանը վերջերս ինքնահեգնանքով ակնարկեց, որ շատ բարդ վիճակում եմ, որովհետևՀԱՊԿ-ի նախագահող լինելով հանդերձ՝ ես պիտի բացատրեմ ինքս ինձ՝ որպես Հայաստանի վարչապետին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի օգնել Հայաստանին։

Ես թողնեմ նրան այդ հռետորաբանական վարժանքները, բայց պարզ է, որ ՀԱՊԿ-ն իրականում մականուն է, իրականում խոսքը գնում է ոչ թե  ՀԱՊԿ-ից դուրս գալու, այլ Ռուսաստանը Հայաստանից դուրս բերելու, որովհետև 102-րդ բազան դա ՀԱՊԿ-ը չէ, դա ռուսական զորքն է։ Սահմանապահ զորքերը դրանք ՀԱՊԿ-ը չեն, դա Ռուսաստանի զորքն է, նրանց դուրս բերելու խնդիրն ենք փորձում լուծել։

Ես երկրորդ անգամ պատիվ ունեմ իր գործընկերների հետ մասնակցելու այսպիսի մի ցույցի։

Առաջին անգամ որպես Եվրոպական կուսակցության նախագահ՝ ես եկել եմ այստեղ 2019 թվականի հունվարին և մեր ձեռքում հայերեն և ռուսերեն պաստառներ կային՝ «Զավթիչ ռուսական բանակը դուրս Հայաստանից»։

Մենք կրկնում ենք հիմա այդ կարգախոսը»։

Aravot.am-ը Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ո՞ր մի կառույցում է տեսնում Հայաստանին։

«Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում»,-ասաց պարոն Խզմալյանը։

Մեր ճշտող հարցին, թե կկարողանա՞նք Թուրքիայի հետ համատեղ անդամակցել ՆԱՏՕ-ին, մեր զրուցակիցն ասաց․ «ՆԱՏՕ-ն բավական բարդ կառույց է, և Թուրքիան այնտեղ շատ թուլացած և թուլացող դիրքեր ունի։

Վերջերս Շվեդիայի և Ֆինլանդիայի ընդունման պայմաններում մենք տեսանք, թե իրականում ինչպես են վերաբերում Թուրքիային ՆԱՏՕ-ում։ Թուրքիան ՆԱՏՕ-ում կարևոր էր որպես զսպող գործիք Սովետ Միության դեմ, հիմա Թուրքիան կորցրել է այդ գործառույթը։ Այդ գործառույթը հիմա անցնելու է Ուկրաինային։ Այնպես որ մենք բոլորովին այլ տարածաշրջանում ենք հայտնվում՝ Հարավ-Արևելյան Եվրոպա՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան։ Հայաստանով Եվրոպան և Ամերիկան դուրս են գալիս դեպի Իրան, ահա մեր առաքելությունը, ահա մեր հեռանկարը»։

Մեր այն հարցին էլ, թե շատ քաղաքական գործիչներ ՀԱՊԿ-ից դուրս գալը գլխացավանք են համարում Հայաստանի համար,  Տիգրան Խզմալյանն ասաց․ «ՀԱՊԿ-ից դուրս գալը գլխացավանք չէ, որովհետև ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, այսօր առավոտյան Ղրղըզստանն էլ է հրաժարվել մասնակցել ՀԱՊԿ-ի ինչ-որ ռազմավարժություններին, այնպես որ փաստորեն ՀԱՊԿ-ը գոյություն չունի, դժվար չէ դուրս գալ մի բանից, որը գոյություն չունի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31