Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարազիտների, անկյալների  համար ՀԱՊԿ-ից դուրս գալը գուցե և գլխացավանք է»․ Բողոքի ցույց՝ Գյումրու ռազմաբազայի դիմաց

Հոկտեմբեր 09,2022 21:56

«Դուրս ՀԱԿՊ-ից» նախաձեռնության անդամներն այսօր  բողոքի լուռ ակցիա անցկացրեցին Գյումրու 102-րդ ռազմաբազայի դիմաց՝ «ՀԱՊԿ-ում վտանգավոր է», «Կամ Հայաստան, կամ ՀԱՊԿ»  ցուցապաստառներով։

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը պարզաբանեց, որ «Դուրս ՀԱԿՊ-ից» նախաձեռնության շուրջ համախմբված են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձինք, որոնց միավորում է ՀԱՊԿ-ից դուրս գալու և ընդհանրապես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության դեմ նախաձեռնությունը։

Արման Բաբաջանյանը շեշտեց, որ այս նախաձեռնությունը որևէ մեկի կողմից չի ֆինանսավորվում,  ոչ էլ  որևէ մեկի փողի կարիքն ունեն․ այդպիսի խնդիր  չեն դրել իրենց առջև։

Այս նախաձեռնությանը միացած «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանն էլ պարզաբանեց, որ նման ձևաչափով  Հայաստանում առաջին անգամ են  հանդես գալիս, ատելության այնպիսի մթնոլորտ է տիրում մեր երկրում, որ մարդիկ դժվարանում են անգամ իրար հետ խոսել հայերեն լեզվով ու հասկանալ  միմյանց։

«Այս նախաձեռնությանը միանալու համար շատ բան պետք չէ, ուղղակի ձեր խղճի առաջ քննություն հանձնեք և պատասխանեք մի պարզ հարցի՝ դուք ուզո՞ւմ եք, որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավար, թե ոչ։ Եվ այս նախաձեռնությունը որևէ մեկի շահը չի սպասարկում, բացի Հայաստանի Հանրապետության շահից»,- ասաց  Թեհմինե Ենոքյանը։

«Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում» էլ նախաձեռնության մասնակիցները հանդես եկան մամուլի ասուլիսով՝ խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության, անվտանգության հարցերի, Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքների  ու ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկերի, միաժամանակ անհրաժեշտության մասին։

Արման Բաբաջանյանը նշեց,  որ մեր իշխանությունը պետք է հստակ գույքագրի՝ ՀԱՊԿ-ում մնալու դեպքում է սպառնալիքն ավելի շատ, թե՞ դուրս գալու։

Ըստ նրա, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման փաստ է տեղի ունեցել, սակայն ՀԱՊԿ անդամներից և ոչ մեկը հանդես չի եկել դատապարտող հայտարարությամբ։

Ավելին, ըստ բանախոսի, նրանք կասկածի տակ են դրել Հայաստանի ամբողջականությունը՝ հայտարարելով, որ այդ միջադեպերը կապ ունեն սահմանազատման և սահմանագծման իրավիճակի հետ՝ արդարացնելով Ադրբեջանի ագրեսիան։

«Նրանցից և որևէ մեկը, Ռուսաստանից  սկսած՝ ցավակցական գեթ մեկ խոսք չեն ուղղել քաղաքացիական անձանց, զոհերի, քաղաքական ենթակառուցվածքները թիրախավորելուն՝ հիվանդանոցներ, շտապօգնության մեքենաներ, եկեղեցի, մատուռ, դպրոց։ Այս իրողությունները չեն  կարող մեզ համար այդ ռիսկերը գնահատելու գործընթացում էական նշանակություն չունենալ։

Հետևաբար ես կարծում եմ՝ եթե մեկ շաբաթ առաջ, մեկ ամիս առաջ  կամ երեք ամիս առաջ նույնիսկ կարող էինք մտածել ՀԱՊԿ-ը գեթ մի կառույց է , մենք էլ մեր անդամակցությունը կարող ենք ժամանակի ընթացքում տեսնել՝  ինչ պիտի լինի, կարծում եմ եկել  է մի պահ, երբ այլևս ՀԱՊԿ-ում գտնվելը ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար», -ասաց Արման Բաբաջանյանը։

Նա համոզմունք հայտնեց՝  եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր երկրի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ու տարածքային ամբողջականությունը, ապա պիտի դուրս գալ այդ կառույցից։

«ՀԱՊԿ-ը նրա համար է, որ մեր թևերը կապեն, գցեն թուրքերի, ադրբեջանցիների և ռուսների առջև, իրենց ոտերի տակ և այդ երեքով միասին մտածեն, թե ոնց են ջախջախելու, ոչնչացնելու Հայաստանի պետականությունը», -ասաց Արման Բաբաջանյանը։

Aravot.am-ը պարոն Բաբաջանյանից հետաքրքրվեց՝ եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից, ո՞ր կառույցին անդամակցենք՝ ՆԱՏՕ-ի՞ն, որի անդամ է նաև Թուրքիան։

«Կարելի է այդպիսի ցանկություն ունենալ, բայց դա իրատեսական չէ այս պահին, և մենք իրատեսական դաշտում պիտի դիտարկենք առհասարակ Հայաստանի անվտանգային կարիքները գնահատելիս։

Այս պահին գործող  հայ-ռուսական բարեկամության և փոխօգնության  պայմանագիրը կա, բազմաթիվ անվտանգային, ռազմական և ռազմատեխնիկական պայմանագրեր կան՝ Միացյալ զորախումբ, հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ և այլն։ Դրանք գործարկելու, դրանց մեխանիզմներն աշխատեցնելու ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվում այս պահին,որովհետև կարծում եմ երկու կողմերն էլ ՝ Հայաստանն էլ, Ռուսաստանն էլ անիմաստ են համարում, որովհետև ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ միմյանց շահերի դեմ որևէ գործողություն չանելու դրույթը, որը տեղ է գտել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջին՝ փետրվարի 2-ին կնքված պայմանագիրն,  առհասարակ կասկածի տակ է դնում մնացած Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագրերի մեխանիզմների գործարկման հնարավորությունը։ Ըստ իս, մենք նախ ռուսների հետ պիտի խոսենք, այս պայմանագրերը կա՞ն, թե՞ չկան։

Ըստ իս, ՀԱՊԿ-ից դուրս գալն ամենևին հակոտնյա չէ հայ-ռուսական երկկողմ ձևաչափով հարաբերություններին,  և ես կարծում եմ, որ մենք չպիտի շտապենք որևէ այլ ռազմաքաղաքական դաշինքում հայտնվել։ Մենք պիտի փորձենք աշխատեցնել երկկողմ հարաբերությունները։

Ի վերջո,  մենք ՀԱՊԿ-ում գտնվել ենք, որովհետև Ռուսաստանին է այդպես պետք եղել, որովհետև մեզ զեղչերով զենք են տվել, հիմա այդ զենքը չկա։

Այդ զենքը չի կարողանում  իրականացնել մեր պատկերացրած անհրաժեշտ պաշտպանությունը և հարձակումը, որովհետև Ադրբեջանը մեզանից  մի քանի անգամ ավել տեխնոլոգիական հագեցվածությամբ սպառազինություն է  կարողանում ձեռք բերել, ուստի մենք պիտի սրան համարժեք մեր քայլերը ձեռնարկենք։

Իսկ դա հնարավոր է անել բացառապես այն պարագայում, եթե մենք օրինակ՝ այդպիսի երկկողմ գործընկերություն փնտրենք Հնդկաստանի հետ, որն արդեն մեզ սպառազինություն է մատակարարում քառորդ միլիոն դոլարի չափով կամ Միացյալ Նահանգների հետ, ում հետ պետք չէ անպայման մենք ռազմական համագործակցության պայմանագիր հաստատենք։ Եթե Միացյալ Նահանգների հետ մենք կարողանանք քաղաքական հարաբերություններ հաստատել, որից կարելի է ենթադրել, որ կբխի նաև տնտեսական համագործակցությունը՝  ենթակառուցվածքների ուղղությամբ, ատոմային էներգիայի, էներգետիկայի առհասարակ, տիեզերական համագործակցության, սրանից կարող է արդեն բխել նաև ռազմական համագործակցություն։

Մեր ժողովուրդը հիմա առանձնահատուկ  կենտրոնացել է զենքի, սպառազինության վրա, թող Ամերիկան, Ֆրանսիան մեզ զենք տա, բայց մեզ առաջարկվող համագործակցությունը շատ ավելի ընդգրկուն է, շատ ավելի  հիմնարար հարցերին, մարտահրավերներին կարող ենք  պատասխանել, եթե օրինակ՝ նույն Միացյալ Նահանգների հետ մենք դիտարկենք գործընկերային և ինչու չէ՝ ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ։

Ի՞նչն էր խանգարում մինչև օրս օրինակ՝ բարեկամ Ֆրանսիայի հետ այդպիսի գործընկերություն, այդպիսի դաշնակցային հարաբերություններ հաստատել, ուստի ՀԱՊԿ-ից դուրս գալն ամենևին չի ենթադրում, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ պիտի դառնանք։

Ես կարծում եմ, որ հիմա  շատ ավելի արդյունավետ գործում են երկկողմ ձևաչափով անվտանգային հարաբերությունները և այդ իմաստով մենք հատկապես այդ ուղղությամբ պիտի աշխատենք ։

Եվ նաև չափազանց կարևոր է իրանական ուղղությունը, մենք Իրանի հետ նաև անվտանգային հարցերի շուրջ և ռազմավարական գործընկերային հարաբերություններ պիտի դիտարկենք շատ մոտ ապագայում»։

Մեր այն  հարցին էլ կա՞ արդյոք շատ լուրջ վտանգ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում․ տարբեր քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալը վտանգավոր է, գլխացավանք է, նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահը հիմարություն անվանեց,  Արման Բաբաջանյանն ասաց․ « Իհարկե, ես չեմ բացառում, որ իր խորքում,այո, վտանգներ կան, բայց այդ վտանգների աղբյուրը որտեղ է, Ռուսաստա՞նը։ Այսինքն՝ պատկերացնո՞ւմ ենք վախից շարունակում ենք գտնվել մի կառույցում, որը մեզ հնարավորություն չի տալիս անհրաժեշտ պաշտպանական և ինքնապաշտպանական կարողություններ ձեռք բերել։

Միևնույն ժամանակ ումից որ մենք վախենում ենք, մեր ռազմավարական դաշնակիցն է, որ պիտի շահագրգռված լինի, որ իր դաշնակիցը համապատասխան կարողություններով օժտված լինի։ Հիմա հերիք չէ մենք կարողացել ենք բացահայտել 2020 թվականի պատերազմի հիմնական նպատակը և այդ նպատակի հիմքում փաստորեն կանգնած է Ռուսաստանը, որը սկուտեղի վրա Թուրքիային բերել, Հարավային Կովկաս է  մտցրել, այսինքն՝ մեր թշնամիները թիվը  ռեգիոնում ավելացրել է, միևնույն  ժամանակ վախում ենք ՀԱՊԿ-ից դուրս գալ և այդ վախի աղբյուրը Ռուսաստանն է։

Հիմա պիտի հստակ նստենք, մտածենք Ռուսաստանը մեզ դաշնակի՞ց է, թե՞ վախի առարկա է։ Եվ այդտեղ մենք պիտի հստակ հասկանանք, գնահատենք, շիփ-շիտակ ռուսների հետ նստենք, սկսենք աշխատել․ Ռուսաստանը, որ տարածաշրջանում մեզ դիտարկում էր որպես իր հիմնական հենարան, այլևս այդպիսին դիտարկո՞ւմ է, թե՞ ոչ։ Հայաստանը որպես սուվերեն միավոր իր համար կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում կա՞, թե՞ չկա, որովհետև, ըստ այսպես կոչված հավաստի աղբյուր,  Ռուսաստանն ուզում է մեզ  իր մասը դարձնել՝  կամ Ռուսաստան-Բելառուս միութենական միության մասը դարձնել։ Կա՞ այդպիսի բան, թ՞ չկա և դրանից պիտի  բխեն մեր գործողությունները։

Ասել, որ գլխացավանք  է, իհարկե, անգործների, պարազիտների, անկյալների  համար գուցե և գլխացավանք է, բաց մենք չենք կարող շարունակել գտնվել ՀԱՊԿ-ում և ստիպել, որ մեր երեխեքը կյանքով վճարեն և մեր երկիրն էլ հողով վճարի, որովհետև ՀԱՊԿ-ում մեր գտնվելը, որը թույլ չի տալիս մեզ անհրաժեշտ պաշտպանական և ինքնապաշտպանական կարողություններ ձեռք բերել, մենք վճարում ենք կյանքերով և հողով։

Իհարկե, հիմարություն է  սա Ռոբերտ Քոչարյանի համար, որն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում միայն մեր ռազմավարական կարողությունները և հիմնական ակտիվները բաշխում էր Ռուսաստանին և Ադրբեջանի հետ բանակցում էր մեր տարածքները Ադրբեջանին տալու հեռանկարը՝ չգիտեմ ինչի դիմաց։

Ես հույս ունեմ, որ այսպիսի մտայնությունը մեր քաղաքական միջավայրում գոնե միջնաժամկետ հեռանկարում այլևս տեղ չի ունենա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31