Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորը գրկաբաց է ընդունել ՌԴ-ից ժամանած Տերլյակով ամուսիններին. «Սա երկիր է, որը մեզ մոտ է գտնվում եւ հեշտ է հասնել այնտեղ»

Հոկտեմբեր 09,2022 19:35

Ինչպես շատերն, այնպես էլ Ստանիսլավ Տերլյակովը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում թողեց հայրենի երկիրն ու եկավ Հայաստան: Ասում է՝ չի ցանկանում ապրել մի երկրում, որը հարձակվում է մեկ այլ երկրի վրա: Ստանիսլավը Մոսկվայից Հայաստան է եկել է կնոջ հետ: Ուսումնասիրել են Վանաձորը, քաղաքի եղանակային պայմանները, բնությունն ու որոշել՝ հենց այստեղ էլ կապրեն. «Առաջին հերթին ես չեմ ուզում մնալ մի երկրում, որը որոշել է հարձակվել մեկ այլ երկրի վրա: Ես կարծում եմ, որ դա անթույլատրելի է: Մի բան է, որ իր վրա հարձակվեն, որ ինքը պաշտպանվի, բայց որ ինքն է հարձակվել, 21-րդ դարում դա անթույլատրելի է»,- ասում է Ստանիսլավն ու նշում, որ վարձով բնակարան են գտել, մտածում են նաեւ, որ այստեղ էլ կշարունակեն ապրել. «Ես այստեղ եկել եմ կնոջս հետ: Այժմ ոչ մեկը ծանոթ չեն: Վանաձորում ցուրտ է: Ես երբ ուզում էի գալ Հայաստան, այս քաղաքը իմ տեսակետից ամենալավ եղանակային պայմաններն ունի: Իսկ ինչո՞ւ հենց Հայաստան, քանի որ այստեղ գալն առավել հարմար էր, վիզայի կարիք չկար, եւ նաեւ Մոսկվայից շատ հեռու չէ»:

Ստանիսլավը IT ոլորտի մասնագետ է, աշխատում է հեռավար տարբերակով. «Ես վեբ ծրագրավորող եմ, ծրագրավորում եմ էլեկտրոնային կայքեր: Այս պահին հեռավար աշխատում եմ Եվրոպական գործակալությունում: Միանգամից պատվիրատուի հետ չեմ աշխատում, գործակալության միջոցով եմ կապվում իրենց հետ: Ռուսաստանից ունեմ ծանոթներ, որոնք նույնպես հետաքրքրված են այս աշխատանքով»:

Երիտասարդ ամուսինները տեղյակ են, որ իրենց նման շատ ռուսներ են բնակություն հաստատել Վանաձորում, բայց դեռեւս չեն հասցրել ծանոթանալ ու շփվել նրանց հետ: Դժվարանում է ասել նաեւ, թե ինչ խնդիրներ կարող են ունենալ այստեղ իր հայրենակիցները: Նախատեսում է մի քանի օրով գնալ ՌԴ՝ փաստաթղթերի հետ կապված որոշ հարցեր կարգավորելու նպատակով: Ասում է՝ եթե փաստաթղթերդ նորմալ են, ամեն ինչ շատ արագ է կազմակերպվում. «Ես առանց ծննդյան վկայականի եմ եկել Հայաստան: Արդեն մի քանի տարի է կորցրել եմ: Այստեղ թույլտվությունն առանց այդ թղթի չի կարելի: Պետք է գնամ, որպեսզի վերականգնեմ»:

Երիտասարդներն արշավներ են սիրում, կնոջ հետ արդեն մի քանի տեղեր եղել են, սակայն բախվել են տրանսպորտի հետ կապված խնդիրների. «Տաքսի գտնելն այստեղ խնդիր է, հաճախ տաքսիները չեն գալիս քո նշած վայրը, կամ, երբ փորձում ես հետ վերադառնալ, էլ տաքսի չես գտնում: Դրա համար էլ, որոշել եմ մեքենա վարել սովորել: Երբ ստանամ ծննդյան վկայականը, կգնամ կմասնակցեմ նաեւ վարորդական վկայականի քննություններին»:

Տերլյակով ամուսինները Վանաձորում հանդիպել են նաեւ հայերի ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքին։ Առաջիկայում էլ նախատեսել են միանալ հայերենի ուսուցման դասընթացներին. «Շատ գեղեցիկ քաղաք է, եւ բացի այդ, այստեղ հայկական ավանդական ուտեստները շատ համեղ են պատրաստում: Եվ Վանաձորում ամենագեղեցիկ տեսարանն է, որ ես տեսել եմ՝ Շվեյցարիայի նման է: Բայց սա երկիր է, որը մեզ մոտ է գտնվում եւ հեշտ է հասնել այնտեղ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31