Aravot.am-ը բեմադրիչ, դերասան Սամսոն Ստեփանյանից հետաքրքրվեց՝ եթե 2018-ին իմանար, որ մեր երկիրը նման ծանր վիճակում է հայտնվելու, կորցնելու ենք Արցախը, նույն ոգեւորությամբ կընդունե՞ր «թավշյա» հեղափոխությունը եւ կսատարե՞ր նրա առաջնորդներին: «Ես երբեւէ որեւէ մեկի կողքին չեմ եղել: Իսկ հեղափոխությունը, այո, ընդունել եմ ոգեւորությամբ եւ չեմ թաքցում ու երբեք էլ չեմ թաքցրել: Բայց եթե ես հանկարծ իմանայի, թե հետո ինչ է տեղի ունենալու, բնականաբար կփոխեի իմ տեսանկյունը: Իհարկե, սա մի քիչ երկար խոսակցության թեմա է, եւ երկու բառով հնարավոր չէ ձեւակերպել»,-ասաց նա:
«Ես ասել եմ, ու էլի կասեմ՝ այս ամենը տեղի է ունեցել 1991 թվականից հետո եւ կաթիլ առ կաթիլ է հավաքվել: Այնպես որ կտրելը ու կոնտեսքստից դուրս հանելը այս թեման, որ տեղի ունեցավ միայն 2018թ, կլինի կարճատեսություն: Երբ ջուրը գալիս, հավաքվում է մի տեղ եւ արդեն հնարավոր չի լինում պահել այդ ջրի հոսքը, մի բան, որ տեղի ունեցավ երեսուն տարի շարունակ, ինչ-որ թույլ տեղից պայթում է, եւ ջրհեղեղ է լինում: Մենք հիմա ականատես ենք այդ ջրհեղեղին:
Որեւէ մեկը չէր ուզի, որ լիներ այս ջրհեղեղ, ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ նոր իշխանությունները երբեք չէին ուզենա տալ Ղարաբաղը… Կա այսպիսի մի հասկացություն… Երբ մենք գտնվում ենք ռուսական լծի տակ, իսկ ես դա համարում եմ իսկապես լուծ՝ երեսուն տարի եւ դրանից առաջ՝ յոթանասուն տարի եւ դրանից առաջ հարյուր հիսուն տարի: Այդ լուծը թոթափել երկու-երեք տարում, շատ դժվար է: Ուստի մեր առաջիկա խնդիրը պետք է լինի պարզապես այդ ճորտատիրական լծից ազատվելը: Այդ երկիրը 1861թ ընդունեց ճորտատիրության վերացումը, բայց դա թղթի վրա մնաց, առ այսօր Ռուսաստանը ճորտատիրական երկիր է, իսկ մենք՝ լինելով ֆանտաստիկ մի ազգ, որը ունի աներեւակայելի պոտենցիալ, գտնվում է ճորտատիրական երկրի տիրապետության տակ, այ սա է մեր ամենամեծ խնդիրը: Մնացած հարցերը լուծվում են աստիճանաբար եւ հերթականությամբ, եթե դուրս ենք գալիս ռուսական լծի տակից: Կարեւորը սա է: Իսկ թե ով կլինի իշխանություն, դա արդեն երկրորդական է՝ համեմատած այս գլոբալ խնդրի հետ»,-ասաց Սամսոն Ստեփանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ