Կաթսայաջուր գետի ափին գտնվող Աշոցքի Մեծ Սեպասար գյուղն իր ուրույն դիմագիծն ունի․ այստեղ դեռ պահպանվում են Վարդավառի ու Զատիկի ուրախ ծեսերը, շարունակվում «Դարի սուրբ» կոչվող սրբարանում զոհաբերությունները, աղբյուրների մասին ավանդազրույցները։
Բնակիչների ասելով՝ գյուղը հիմնադրվել է 1827-1828 թվականներին, երբ պապերը ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գաղթել, եկել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Շիշթափա և Մոլլա Սլեման գյուղերից։ Պատահական չէ՝ Մեծ Սեպասարը նախկինում կոչվել է Շիշթափա՝ իրենց ծննդավայրի անունով։ Մեծ Սեպասար վերանվանվել է 1946 թվականին։
Այս գյուղը հայտնի է վաղբրոնզիդարյան (մ․թ․ա․ 28-26-րդ) սրբարան-բնակատեղիով, որը եզակի հուշարձան է։ Շիրակի երկրագիտական թանգարանը 2004 թվականից այստեղ պեղումներ է կատարել ու «Դարի սրբի» գլխին հայտնաբերել 5000 տարվա Սուրբ տաճարը՝ զոհարաններով, օջախ-կրակարաններով ու զոհաբերված յոթ գայլերի գանգերով, որոնցից վեցը կողք կողքի դրված են եղել հատակին, իսկ մեկն՝ առանձին։ Գայլերի զոհաբերության ծեսն ուղեկցվել է տարբեր արարողակարգերով։ Գայլը դիտվել է որպես Աստծո կենդանի, այն, ի տարբերություն ընտանի կենդանու, չի պատկանել մարդուն։
Կարդացեք նաև
Այժմ էլ նույն սրբի գագաթին մարդիկ զոհաբերություններ են անում, սակայն ոչ թե գայլ, այլ գառներ, աղավնիներ են մատաղ անում՝ խնդրելով Աստծուն կատարել իրենց ուխտը։
Բնակիչներն այն բնութագրում են որպես «մուրազների սրբատեղի»։ Նրանք նշում են, որ անգամ արտերկրում ապրող իրենց գյուղացիներն են գալիս «Դարի սուրբ», մատաղ անում ու ողջ գյուղին բաժանում։ Ով փորձանքից է պրծնում, բարձրանում է «Դարի Սուրբ»՝ Աստծուն լիաթոք շնորհակալություն հայտնելու, ով նպատակ ունի, դարձյալ դիմում է Սրբի օգնությանը։
Տարիներ շարունակ հենց այս «Դարի սրբում» են նշել Վարդավառը՝ կենդանի երաժշտությամբ՝ դհոլ-զուռնայով, ծիսական պարերով։
Մեծ Սեպասարի դպրոցի տնօրենը՝ Հրանտ Մելիքյանը, պատմում է․«Համարյա ամբողջ Շիրակի մարզից ամեն տարի հավաքվում էին, կենդանի հնչողությամբ՝ դհոլ-զուռնայով, առավոտից մինչև իրիկուն նվագում էին, ամբողջ գյուղով պար էին բռնում։ Ամենավատը չակերտավոր ասած՝ վերջում կռիվն էր ջահել տղերքի միջև, հատկապես, երբ սիրուն աղջիկ էին տեսնում, կռիվը կար ու կար։ Սա մեր ավանդույթներից ամենակարևորն էր։ Մատաղ էին անում, ողջ գյուղին բաժանում։ Դա մինչև երկրաշարժի տարին՝ 1988 թվականը։
Հիմա ավելի շատ կերուխում են անում, բայց մոմավառությունը պարտադիր է»։
Գյուղի տարեց տղամարդկանցից մեկն էլ՝ 86-ամյա Պետրոս Մելիքյանը, իր ընտանիքի օրինակով է հիշում, որ «Դարի սրբում»՝ որպես մատաղ, նույնիսկ խոստանում էին իրենց զավակներին։
«Մեր գյուղն ունի մուրազների սրբատեղի․ հյուսիսային մասում գտնվող սարի վրայի «Դարի սուրբ» կոչվող մատուռը կատարում է մարդկանց ուխտը, շատերը սրբի նկարներով, նվերներով են բարձրանում սրբատեղի։
Հիմա սրբի մեջ մի քար կա, դա գերեզմանաքար է, վերևում կանգնեցված է խաչքար, մարդիկ երբ նպատակ են դնում, հատկապես Վարդավառի տոնին գնում, քար են կպցնում դրան։ Երեք անգամ փորձելուց հետո եթե քարը կպնի, ուրեմն այդ նպատակը կկատարվի Աստծո կողմից։ Այսպիսի պաշտպամունք են ունեցել, մինչև օրս պահպանվում է էդ հավատալիքը։
Վարդավառին հավաքվում էին շրջակա բոլոր գյուղերի բնակիչները, տոնախմբություն անում, գյուլաշ` կոխ կպնում, նաև կենդանի երաժշտությամբ՝ նվագախմբով, պարերով հենց էդտեղ անցկացնում էին Վարդավառը»։
Մեր զրուցակցի ասելով՝ սարի վրա եղել է փոքր կառույց, տարիների ընթացքում մարդիկ զգալով, որ դա պաշտամունքի վայր է, բարեկարգել են ու պաշտել։
Նույնիսկ տարիներ առաջ սրբատեղին ծածկով են պատել։
«Մարդիկ իրենց երազներում նույնիսկ տեսնում են, որ Դարի Սուրբը գալիս, ասում է՝ մի հուսահատվի, մի վախեցի, քո տղան ուր որ է կգա կամ ասենք՝ քո հարսը կծննդաբերի, դուք տղա եք ուզում, անպայման տղա կունենաք։ Այսպիսի բաներ շատ են լինում։
Հորեղբորս կինը Հայրենական պատերազմ է ուղարկում իր երեք որդիներին, երկուսն ամուսնացած էին, մեկն՝ ազապ։ Կինը բարձրանում է «Դարի սուրբ» ու ասում՝ «Դարի սուրբ» ջան, մեռնեմ քո զորությանը, էն երկուսը, որ ամուսնացած են և երեխեք ունեն, թող էս ծանր պայմաններում վերադառնան տուն, իսկ ազապ տղաս թող մատաղ լինի Աստծուն։ Էդպես էլ եղավ, Մելիքյան Ստեփանը զոհվեց»,- պատմում է Պետրոս Մելիքյանը։
Վարդավառից զատ գյուղի ամենածիսական, ամենաուրախ տոներից մեկն էլ Զատիկն է։ Այն մինչև օրս էլ, ըստ գյուղացիների, նշում են Մեծ Սեպասարին հատուկ ծեսով․ հարևանների տան երդիկներից պարանով զամբյուղ են կախում, որի մեջ ձվեր են։ Ձու կախողը գալիս ու ասում է․ «Քրիստոս Հարյավ ի մեռելոց», տանտերերը, լսելով շնորհավորանքը, մոտենում են ձվերը վերցնելու ու զամբյուղի մեջ պատադիր նվեր են դնում՝քաղցրավենիք՝ թխվածք, կոնֆետ։ Ձու բերողին էլ խնդրում են երգել զատկական երգեր։ Ձու բերողը սկսում է երդիկից երգել, իր նվերը վերև քաշել ու Փառք տալ Աստծուն։
Դպրոցի տնօրենն ասում է՝ հիմա փոքր-ինչ փոխվել է ծեսը․ տան դռներն են բացում, դռան արանքից ներս գցում կաթոլիկները՝ մետաղյա փոքր տարաները։ Ձու չտվողներին գյուղում անիծում են․
« Ով տա, շեն մնա,
Ով չտա, սև հավի քամակին դեմ մնա»։
Ձվերակռիվ մինչ օրս գյուղի ամենատարածված ու սիրված խաղերից է։
Մեծ Սեպասարից դեպի հեռավոր Չինաստան․ ինչպես երիցուկը բուժեց Նիկոլայ ցարի զինվորներին
Մեծ Սեպասարը հայտնի է իր բուժիչ բույսերով։ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից այստեղ ոտք դնելուն պես՝ կտավատ են մշակել, բնական ձեթ ստացել՝ օգտագործելով աղիքային հիվանդությունների, փորկապության, կանացի խնդիրների դեմ։
86-ամյա Պետրոս Մելիքյանը հիշում է, որ իր աշխատանքային տարիներին ցանել, մշակել են կտավատը, որից ստացված բնական ձեթն անգամ Երևանից են եկել ու տարել։
«Մեր կողքի գյուղերում կան մարդիկ, որոնք դեռ մշակում են, արտադրանքը վաճառում են խանութներին, առևտրի կետերին։ Մեր գյուղն ունեցել է ձիթհանք, ես տեսել եմ ձիթհանք կոչվող կառույցը, բայց չեմ տեսել՝ ինչպես էին հանում։
Բայց տատիկ-պապիկները պատմում էին, որ խարկում էին, նոր հանում, սառեցված վիճակում չէին հանում, խարկածի յուղն օգտագործում էին սննդի մեջ, իսկ սառեցված վիճակում հանում էինք Գոգհովիտում՝ պրես արած, այսինքն սեղմելով։
Կտավատի մշակումից հետո այստեղ անասնապահությունն է զարգացել, գոմեշներ են պահել։ Հենց Ալաշկերտից եկել են այստեղ, փորձել են գոմեշներ պահել, բայց լինելով նորեկ՝ առաջին տարին պայմաններին չեն համակերպվել, գնացել են Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղում են մնացել, նաև գոմեշներին են տարել հետները։ Բայց գոմեշները կարճ ժամանակահատվածում համակերպվել են այս բնության հետ, մարդիկ էլ տեսել են, որ ջուրը լավն է, բուսականությունը՝ նույնպես, այնտեղից փախել, եկել են էստեղ։ Մտածել են՝ եթե գոմեշներին համար է էս գյուղը, ուրեմն մենք պիտի մնանք ու բնակվենք էստեղ։ Բացի դրանից տեղանքը համընկել է Ալաշկերտի Մոլլա Սլեման գյուղի տեղանքի հետ․ ջրառատ է, հյուսիսային կողմից սար կա, որը գյուղը պաշպանում է ցրտերից»,-ասում է Պետրոս Մելիքյանը։
Նա նաև հպարտանում է Մեծ Սեպասարի բուժիչ բույսերով, հետաքրքիր մի պատմություն հիշում իրենց դաշտերի՝ հրաշագործություններ կատարող երիցուկի մասին։
«Մի պատմություն կա, որն անմիջապես կապված է հայրիկիս հետ, հայրս ծառայել է Նիկոլայ ցարի մոր՝ Մարիա Ֆեոդորվնայի զորամասում, 7 տարի ծառայել է՝ 1911-1918 թվականները։ Այն ժամանակաշրջանում էր, երբ 1917 թվականին հեղափոխությունը Ռուսաստանում հաղթանակեց, դրանից հետո նոր զորացրվել է։ Ռուսական կայազորը տարել են մինչև Չինաստան, հայրս որպես հեծելազոր՝ չինական Շան Հայ քաղաքում ծառայելիս է եղել։ Պատմում է, որ այնտեղ իր ծառայության ժամանահատվածում ստացել են մի փոշի, որը պատրաստվել էր Մեծ Սեպասարում։ Հայրս Չինաստանում էդ փոշին է ստացել, որը բերել, զինվորների համար աշխատահանման միջոց են օգտագործել։ Զարմացել է, երբ տեսել է, որ Մեծ Սեպասարում պատրաստված դեղը հասել է Շան Հայ։ Այդ փոշին մեր երիցուկ էր պատրաստված։
Մեր սարերում ալպիական շատ ծաղիկներ, բույսեր կան, բայց դրանց միջից այս գյուղի բնակչությունը հիմնականում ընտրել է երիցուկը, որը տարբեր գույների է եղել, հիմնականում ոչ թե սպիտակ, այլ կապույտ։ Ժամանակին գյուղի բոլոր կանայք ու աղջիկները երիցուկը հավաքել են․ մեր գյուղում եղել է մի ջրաղացպան՝ լեննագանից, իր սեփական ջրաղացն է ունեցել էստեղ, կոչվում էր «Ավետիքի ջաղաչ», ջրաղացում երիցուկից փոշի են ստացել, որը դեղամիջոց է հանդիսացել ոջիլների ու լվերի դեմ։
Մեր գյուղում հազար ու մի տեսակի բուժիչ ծաղիկներ կան, մեր լեզվով ասած ծիտրենն է, դաղձն է, շուշանն է, եզան լեզուն է։ Եզան լեզվով վերքերն ենք բուժում, այտուցների վրա ենք դնում, որ վերքը բացվի, բորբոքային մասը դուրս գա։ Տատիկներն էին պատրաստում, թեև մինչև հիմա էլ որոշ մարդիկ այդ բաղադրատոմսերը պահպանում են։ Վաղինակն (зверабой) էնքան շատ է մեր սարերում, դա էլ շատ բուժիչ է։ Տարբեր հիվանդություններ բուժելու համար մարդիկ գալիս, մեր սարերից ծաղիկներ են հավաքում։ Գյուղում ժամանակին կային հեքիմներ, բայց մահացան, նոր սերունդն ավելի շատ հիվանդանոցներ է դիմում»։
Գյուղացիները նաև նշում են, որ իրենց սարերի բույսերով յուրատեսակ համով կերակուրներ են պատրաստում, Մեծ Սեպասարի խոհանոցային գաղտնիքները մինչև օրս պահպանվում են։
«Բույսերով՝ սիբեխով, զոխով հազար ու մի տեսակի ճաշատեսակներ ենք պատրաստում, իսկ սովորական բազուկից՝ բորանի։ Բորանին պատրաստելու համար կարմիր բազուկի տերևները կտրում ենք, իհարկե, հենց հասունան, տապակում ենք ձվով, սխտորով մածունն էլ վրան ենք լցնում, մի համեղ ուտելիք է ստացվում։ Մինչև օրս պատրաստում ենք, անգամ ես եմ պատրաստում։
Մեր գյուղի հայտնի կերակրատեսակներից է հարիսան, կոնչոլը, որը բորշի պինդ տեսակն է։ Այն լցնում ենք կավից սարքած ամանների՝պուտուկների մեջ, դնում թոնրի տակ, դա պապենական համեղ ուտեստ է։ Հնում աշխատանքից վերադառնում էին, գալիս, նստում, միասին էին ճաշակում։ Շատ համեղ ճաշատեսակ է՝ կաղամբն է, ձավարը, կարտոֆիլը։ Կճուճի մեջ համն ուրիշ էր, կճուճի մեջ ավելուկով ճաշ էինք պատրաստում՝ կավե ամաններով, ինչ էլ պատրաստեին այդ ամաններով, համով էր։
Էսօրվա դրությամբ գյուղերում վառարանների վրա հաց են թխում, մեկը չկա թոնիր վառող, հաց թխող, առիթից առիթ են լավաշ թխում։ Իսկ առաջ թոնիրները դրած էին, թոնիրների կողքի հետ էլ փոքր թոնրի պես մի բան կար, թաղալ էր կոչվում, անընդհատ պիտի վառվեր՝ այդ ճաշերը պատրաստելու համար։ Ճաշը մշտապես դրա վրա պիտի լիներ, որ տաք մնար, դե գազ չկար, էներգիա չկար, բնականաբար աթարով վառած թոնիրներն էին»,- ասում է Պետրոս Մելիքյանը։
Մեր զուցակից հիշում է նաև իրենց գյուղի գուսաններին՝ Դվալի Մուկուչին ու Պուլիկ Պողոսին, որոնք հարևան գյուղում՝ Կրասարում բնակվող Գուսան Շահենի հետ ստեղծագործում էին ու իրենց երգերը տարածում։
«Պուլիկ Պողոսը շատ քաղցր ձայնով էր երգում․
Գնա արտը, վարին աշե,
Վնաս տվող քարին աշե։
Պուլիկ կոչվել է կավից սարքած նեղ ամանը, որով աղջիկը մածուն է տարել հոր համար դաշտ, հետ բերելուց ամանը գլորվել, կոտրվել է։ Երաժշտություն են կապել Գուսան Շահեին հետ, դա են երգել։ Նրանց երաժշտությունը շատ տարածված է եղել մեր ժողովրդի մեջ։ Գուսան Շահենը հարևան Կրասար գյուղից էր։
Ինքնաստեղծ երգի ու պարի խմբակներ ունեինք՝ ակումբին կից, ժողովրդական գործիքներ էին նվագում՝ դհոլ, կլառնետ, զուռնա, և այդ ինքնաստեղծ խումբը շրջագայում էր բոլոր գյուղերը, ելույթներ ունենում։ Կյանքն ուրախ էր, բոլորը մասնակցում էին՝ թե՛ հարս, թե՛ աղջիկ։ Հարսանիքներին էլ դհոլ-զուռնայով էին գնում հարսի հետևից, փեսայի տուն բերում, ափսե պիտի ջարդեին, ուսերին լավաշ գցեին, բոլոր ծեսերը տեղին կատարում էին, երեք օր հարսանիք էին անում։ Հարսանիքները պարտադիր հրավիրատոմոսով էին։ Հիմա ձևափոխվել է, ռեստորաններում են նշում»։
Գյուղի տարեց տղամարդը հիշում է, որ կենդանիներին գովաբանող երգեր ևս կային։
«Երգեր կային նաև նվիրված եզներին, հիմա բառերը մոռացել եմ, բայց գովերգում էին անասուններին՝
Եզ ջան, քաշի՛ր, քո հոգուն մատաղ,
Երկինքն ամպեց, քաշի՛ր, ջանիդ մատաղ»։
Մեծ Սեպասարի կենարար ջրերն ու պատժող «Ժամի աղբյուրը»
Մեծ Սեպասարի բնակիչները պարծենալով են խոսում նաև իրենց բուժիչ, հանքային աղբյուրների մասին, պատմում «Ժամի աղբյուրի» շուրջ պտտվող ավանդազրույցը, ըստ որի՝ Աստված պատժել է ջրի ակունքը քանդողներին։
Մեծ Սեպասար ու Կրասար գյուղերն իրար կապող Եռաթռիչք կամուրջ մոտ՝ ձախ հատվածում, Աշոցքից հոսող ջրերն են, իսկ դաշտի մեջ կա հանքային ջուր՝ ընդերքից դուրս եկող, որը կոչվում է Ջերմուկ։
«Եթե գնաս, 4-5 տարեկան երեխաներին անգամ հարցնես՝ ձեր Ջերմուկը որտեղ է, կտանի հանքային ջրի մոտ, մատնացույց կանի։ Սովորույթ կար, որ մարդիկ պիտի գնային ոտքերը դնեին ջրի մեջ, եթե ցավ կար, ցեխը պիտի քսեին ոտքերին, պառկեին, վաննա ընդունեին։ Բագդանովկայի շրջանում մալականներ կային, ձմեռը գալիս էին, ֆլականերով (40 լիտր տարողությամբ ջրի մետաղյա տարա) հիվանդների համար Ջերմուկից ջուր էին լցնում, տանում, լողացնում էին։ Եվ որպեսզի ջուրը իր քիմիական հատկությունը չկորցներ, պողպատից ասեղ կամ բուլավկա էին գցում մեջը։
Հիմա էլ մեր գյուղերում մարդիկ կան, որոնք երբեմն գնում, ոտքերը կախում են էդ ջրի մեջ։ Մեր համագյուղացի Լևոնը վերջերս մահացավ, ամեն օր գնում էր, ոտքերը կախում ու ասում ՝ինչ լավ թեթևացան ոտքերիս ցավերը։ Հիմա էլ՝ Վարդավառի ժամանակ, գնում, լողանում են, տարբեր տեղերից գալիս են Ջերմուկ։ Հանքային ջրերը շատ են, տարբեր մարդկանց անուններով աղբյուներ կան՝ «Դվալի աղբյուր», «Դարի աղբյուր», «Տխրեի չայիրի աղբյուր», նա գյուղի հիմնադիրներից մեկն է»,-ասում է Պետրոս Մելիքյանը։
Գյուղացիները պատմում են նաև «Ժամի աղբյուրի» մասին, որը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց 200 մետր հեռավորության վրա է՝ դեպի գերեզմանոց գնացող ճանապարհին։ Այն ընդերքից բխող ջուր է, որը կոչվում է «Ժամի աղբյուր»։ Ըստ գյուղացիների, երբ Ալաշկերտից գաղթել են այս տեղանք՝ «ժամի աղբյուրից» են խմելու ջուր կրել խանթարով` հաստ փայտի վրա ամրացրած դույլերով։ Աղբյուրը եղել է նաև ժամադրավայր․ գյուղի տղաները հարսնատես են եկել ջուր կրող աղջիկներին։
Աղբյուրի հետ կապված մի խորհրդավոր պատմություն կա։ Մեծ սեպասարցիների ասելով, երբ իրենց երկու համագյուղացիները աղբյուրի ակունքը փակել են՝ ձկնաբուծարան սարքելով, Աստված պատժել է նրանց, մահացել են։
«70-ական թվականներին եկան, էդտեղ արհեստական լիճ սարքեցին՝ ձկնաբուծարան՝ ձկնարդյունաբերություն կազմակերպելու նպատակով։ Կառուցողները երկու հոգի էին, մեր գյուղից, մահացան, ժողովուրդն ասում էր՝ եկան, եկեղեցու աղբյուրը քանդեցին, Աստված նրանց պատժեց։
Այսօրվա դրությամբ լիճն այդպես մնացել է, ոչ մեկը ռիսկ չի անում օգտագործել, թեև շատ համար է ձկներ բուծելու համար, բայց մարդիկ վախենում են պատժվելուց»,-ասում են գյուղացիները։
Ի դեպ, Աշոցքի այս տեղանքը հայտնի է նաև իր այսպես ասած սթափեցնող, կյանք երկարացնող աղբյուրներով, դրանցից մեկը «Խոնկյուռի աղբյուրն» է։ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանն ասում է, որ պարկի արևելյան տեղամասի հարակից տարածքում՝ Ղազանչի բնակավայրի Խոնկյուռի հատվածում ընդերքից բխող ջուրն օրվա տարբեր ժամերի տարբեր երանգ է ստանում։
«Կաթնային ֆոն ունի, բայց այնքան սառն է, այնքան որակյալ, մարդիկ ասում են, որ դաշտի աշխատողները հենց գալիս են, շունչ պիտի քաշեն, նոր ջրից օգտվեն, քրտնած մարդու համար շատ վտանգավոր է, էդ կարգի սառն է ջուրը։ Կարծես գետնի տակից սառույց է դուրս գալիս։ Աղբյուրը կոչվում է «Խոնկյուռի աղբյուր», մեր տարեցներին հենց հարցնես՝ ի՞նչ ես ուզում, կասեն՝ կարո՞ղ ես մի բաժակ ջուր բերել «Խոնկյուռի աղբյուրից»։ Իրենք հավատում են, որ այդ ջուրը խմելով՝ կյանքը կերկարի, Աստված իրենց առողջություն կտա։ Դա սարերից բխող անաղարտ ջուրն է, որը մաքրամաքուր է․ ջինջ է, մարդու ձեռք գրեթե չի հասնում»,-ասում է Մուշեղ Մուրադյանը։
Նյութը պատրաստեց Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ
Նյութը պատրաստվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվ․ պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը ԿԳՄՍՆ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրով։