ԵՊՀ սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի նորովի մշակմանը միտված հետազոտություն է իրականացրել, եւ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը դրա հեղինակներից երկուսն էին՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Գեւորգյանը։
Հետազոտության շրջանակում 2022թ․ մայիս-հունիս ամիսների ընթացքում կազմակերպվել է հարցում․ ներգրավելով փորձագետների, որոնց գիտական հետաքրքրություններն առնչվում են անվտանգության խնդիրների։ Հարցմանը մասնակցած շուրջ 60 փորձագետների մեծ մասը կարծում է, որ Հայաստանի անվտանգային խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ինքնիշխանության որոշ տարրեր պատվիրակել վերազգային կառույցներին։ «Պետք է կարողանալ անվտանգային այս շղթայում տեսնել՝ մենք ի՞նչ կողմնորոշումներում ենք փնտրում այդ անվտանգությունը, դրանք ի՞նչ հավաքական միությունների կազմում են փնտրվում,– ասաց Հայկ Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք սա ինքնիշխանության զիջո՞ւմ չէ։– Դա օբյեկտիվ երեւույթ է ողջ աշխարհի կտրվածքով։ 200–ից ավելի ճանաչված–չճանաչված պետություններում, տարածքներում 47 միավորումներ կան կամ ամենատարբեր միություններ․․․ Ինքնիշխա՞ն՝ դա այսօր գրեթե գոյություն չունի։ Տնտեսության կառավարման ինչ–ինչ հատվածներ պատվիրակվում են։ Եվ այս իմաստով՝ կողմնորոշումների կամ համագործակցության նախապատվելի ուղղությունների շարքում մենք փնտրում ենք՝ գտնելու լավագույնը»։
Ռուբեն Գեւորգյանը հավելեց․ «Աշխարհի ամենահզոր երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ այլն, պատվիրակել են իրենց ինքնիշխանության որոշակի հատված՝ Եվրամիության մեջ են գտնվում։ Օրինակ՝ չունեն տարադրամ, որն ինքնիշխանության կարեւորագույն տարր է, արտաքին քաղաքականությունն են ինչ որ մասով պատվիրակել ԵՄ կառույցներին։ Այսինք, դա նորմալ երեւույթ է աշխարհում։ Այստեղ երկու հարց է առաջանում՝ ինչքա՞ն եւ ինչպե՞ս պատվիրակել․ սա կարող է գիտական հետազոտության առարկա լինել, ինչին մենք անդրադարձել ենք։ Այս առաջին հետազոտությունը հենց այն հարցն է, թե որքանով է հնարավոր ըստ ոլորտների պատվիրակել; Ինչպե՞ս պատվիրակել՝ դա էլ է հարց․ լինել ֆեդերացիայի՞, կոնֆեդերացիայի՞ անդամ, թե՞ ինչ-որ միություն, որն ամորֆ է, թե երկկողմանի պայմանագրերով՝ տարբերակները շատ են»։
Հարցմանը մասնակցած փորձագետների կարծիքով Հայաստանը ներկա իրավիճակում կարող է շարունակել կոմպլեմենտարության քաղաքականությունը՝ չնայած արևմուտքի և Ռուսաստանի միջև սրված հակամարտությանը։ Ռուբեն Գեւորգյանի կարծիքով՝ «Այսօր կոմպլեմենտար քաղաքականությունն ունի մի շարք շատ լուրջ ռիսկեր հենց անվտանգության հետ կապված։ Հետազոտության ընթացքում հարցված փորձագետների 85 տոկոսը կարծում են, որ հնարավոր է շարունակել կոմպլեմենտար քաղաքականությունը։ Չգիտեմ՝ ինչպես է բացատրվում։ Մենք նրանց չենք հարցրել բացատրությունները։ Բայց հասարակական քննարկումներում բացատրությունները բավական հաճախ հնչում են՝ փորձել հնարավորինս օգուտներ քաղել այդ կոմպլեմենտար քաղաքականությունից։ Անձամբ ես կարծում եմ, որ դա միամիտ քաղաքականություն է։ Օգուտներ քաղելու շանսերը շատ ավելի փոքր են, քան վնասներ ձեռք բերելու»։
Կարդացեք նաև
Այսօր հնչում են կոչեր ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ–ից դուրս գալու, բայց արդյոք տեսանելի՞ է դրանց այլընտրանքը, որ դուրս գալու դեպքում՝ կհայտնվենք ավելի բարենպաստ իրավիճակում։ «Փորձագետների մեծ մասը թե տնտեսական, թե ռազմական անվտանգության առումով՝ ինքնիշխանությունից հետո հաջորդը ԵԱՏՄ–ն ու ՀԱՊԿ–ն են տեսնում որպես այն կառույցներ, որոնք պետք է պահպանել»,– ասաց պրն Գեւորգյանը։
Իսկ Հայկ Սարգսյանը լրացրեց․ «Անմտություն է այսօր շատ ուժեղ թռիչքն այս տիրույթից մյուսը՝ դա թանկ է արժենում ընդհանրապես հասարակությանը․․․ Ի՞նչ է նշանակում կողմնորոշման փոփոխություն։ Դրան պետք է պատրաստվել, դրա նախադրյալները պետք է լինեն»։ Եվրասիական կառույցից դուրս գալու առնչությամբ մի քանի տվյալներ վկայակոչեց․ «Ռուսներն այսօր տիրապետում, տնօրինում, օգտագործում, կառավարում են մեր սեփականության գրեթե 70 տոկոսը՝ ընդերքից մինչեւ երկաթուղի եւ այլն։ Եվ մեր առեւտրաշրջանառության 1/3-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ ՀԱՊԿ–ին մի կողմ թողնենք՝ այն ռազմաքաղաքական կառույց է; Բայց տնտեսական առումով՝ մենք չենք կարող այսօր Եվրոպա հանել մեր արտադրատեսակները․ դրանք պարզապես պահանջված չեն։ Ուրիշ սերտիֆիկացիա են պահանջում․․․ Խտանյութն է պահանջված՝ ուրիշ գրեթե ոչինչ»։
Հետազոտության եւս մի եզրահանգում․ «Հակամարտությունների սրումը բերում է իրավիճակների, երբ փոքր երկրների ինքնիշխանությունից մնում է միայն արտաքին ատրիբուտիկան, առանց սեփական ճակատագրի վրա իրական ազդեցություն ունենալու հնարավորության»։ Ռուբեն Գեւորգյանի կարծիքով՝ սա հենց այն իրավիճակն է, որում Հայաստանն է։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ