Այսօր Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում տեղի ունեցավ խաչքարի բացում՝ ի հիշատակ զոհված զինվորների: Մարգահովիտի բնակիչ Հրաչ Մարանդյանի ու իր հասակակից երիտասարդների նախաձեռնությամբ գյուղում բացվեց խաչքար-հուշակոթող՝ նվիրված այն 6 տղաներին, որոնք հերոսացան հանուն հայրենիքի. «Սովորաբար միշտ լավագույններն են նահատակվում: Հայրենիքի համար զոհվելն ինքնին պարտք է, սուրբ պարտականություն է ասելն այնքան հեշտ է, բայց իրականում, երբ որ երիտասարդներ են զոհվում, ցավալի է բոլորիս համար: Նրանք բոլորը մեր լույս երեխաներն էին, դպրոցի պարծանքը, համայնքի սիրելիները՝ օժտված ու շնորհքով աշակերտներ, կարգին քաղաքացիներ: Մենք կորցրինք ոչ միայն երիտասարդ սերնդին, այլեւ վաղվա հրաշալի նկարչին, գիտնականին, բժշկին: Վերջիվերջո Մարգահովիտի պատվավոր քաղաքացուն կորցրինք: Իսկ նման կորուստներն անվերադարձ են»,- ասում է Մարգահովիտի միջնակարգ դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը:
Հուշաքարի վրա տեղ են գտել այն տղաների անունները, որոնք 2020-2022 թվականներին նահատակվեցին հանուն հայրենիքի:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ