Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաքուն ռազմավարական սերտ փոխհարաբերություններ է հաստատել Թել Ավիվի հետ. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 08,2022 11:40

1991 թ. ԽՍՀՄ-ի փլուզմամբ ու Ադրբեջանի անկախությունից ի վեր Թեհրան-Բաքու փոխհարաբերություններն ընթացել են ելեւէջներով, ինչը պայմանավորված է նրանց ազգային, անվտանգության շահերի հակասությամբ։ Ավելին՝ Իրանն ի սկզբանե դեմ է եղել իր նահանգներից մեկին համանուն, Օսմանյան կայսրության ջանքերով Հարավային Կովկասում անկախ երկիր ստեղծելուն, ինչի առնչությամբ պաշտոնապես բողոք է ներկայացրել թուրքերին։ Այլ կերպ ասած՝ Թեհրանն ի սկզբանե գիտակցել է, որ այդ քայլի նպատակն Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններն են, ինչը նորաստեղծ երկրի գլխավոր առաքելությունն է 1918-ից ի վեր, այդ թվում՝ խորհրդային տարիներին։

Այժմ էլ համաթյուրքական այդ երազանքն իրականացնելու համար թիրախավորվել են Իրանն ու Հայաստանը, ինչին երկուսն էլ տեղյակ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով դրա դեմն առնելու ուղղությամբ, թերեւս, որեւէ լուրջ քայլ չեն կատարել։ Պարզապես շուրջ 30 տարի կողմերը շարունակաբար հայտարարել են, թե երկու տարբեր կրոններ ունեցող երկրները կարող են օրինակելի, բարեկամական փոխհարաբերություններ ունենալ, փաստորեն անտեսելով երկու երկրների ռազմավարական ու ազգային անվտանգության շահերը։

Մինչդեռ Բաքուն, հաշվի առնելով Իրան-Իսրայել թշնամական փոխհարաբերությունները, առաջնորդվելով «թշնամուս թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով եւ շահերի համընկնմամբ, ռազմավարական սերտ փոխհարաբերություններ է հաստատել Թել Ավիվի հետ։ Սա՝ այն դեպքում, երբ նրանք ոչ միայն տարբեր կրոններ են դավանում, այլեւ պատմամշակութային աղերսներ չունեն, անգամ այդ երկրների կառավարման համակարգերն են հակասական. Բաքվում՝ բռնապետական, Իսրայելում՝ ժողովրդավարական։ Այլ կերպ ասած՝ երկրների միջեւ փոխհարաբերությունները լինում են կողմերի համար արդյունավետ, երբ կառուցվում են համընթաց շահերի թելադրմամբ եւ ոչ թե ընտրովի։

Ահա թե ինչու Թել Ավիվ-Բաքու փոխհարաբերությունները շարունակաբար ընդլայնվել, դարձել են ռազմավարական ու շահավետ։ Ադրբեջանին զենք վաճառող երկրների ցանկում Իսրայելն առաջին տեղում է, իսկ վերջինիս արտահանման ցանկում Բաքուն՝ Հնդկաստանից հետո, երկրորդը։ Ինչպես նշում է ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Դալգա Խաթինօղլուն, 2016-2020 թթ. Իսրայելից Բաքվի գնած սպառազինության ծավալը 2000-2015 թթ. համեմատությամբ աճել է 12 անգամ, իսկ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթի պահանջարկի 40 տոկոսը։ Նա հավելում է, թե երկու երկրների փոխհարաբերություններում սպառազինությունը շատ կարեւոր է, մանավանդ որ 2020 թ. պատերազմում Ղարաբաղի «ազատագրման» հարցում մեծ նշանակություն են ունեցել իսրայելական «մահապարտ» ԱԹՍ-ները։

Խաթինօղլուն նշել է, որ Ստոկհոլմի խաղաղության հարցերի ուսումնասիրությունների (SIPRI) տվյալներով՝ Ադրբեջանի զենքերի 70 տոկոսն իսրայելական է, եւ հավելել, թե Ալիեւը գոհունակություն է հայտնել այդ զենքերի որակի առնչությամբ, ընդգծել, որ դրանք շատ դյուրին ոչնչացրել են Հայաստանի C- 300 հակաօդային կայանքները, որոնք համարվում են ռուսական արդիական զենքերից։ Բացի այդ, ըստ Խաթինօղլուի՝ մեծ արագությամբ զարգանում են երկու երկրների փոխառնչությունները գիտության, առողջապահության, գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որոնցում Իսրայելն աշխարհում առաջատարներից է։

Ըստ ադրբեջանցի մասնագետների՝ Իսրայելը լուրջ աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսության (ոռոգման), այդ թվում՝ հմուտ կադրեր պատրաստելու հարցերում։ Ահավասիկ, Բաքվում Իսրայել-Ադրբեջան ուսումնական հաստատությունում արդեն տարիներ է, ինչ Իսրայելը լավագույն արդյունքներ ունեցող ադրբեջանցի 1500 ուսանողների ու ավագ դպրոցի 200 սաների համար ապահովել է մասնագիտական որակյալ կրթություն։ Բացի այդ, Իսրայելի ընկերությունները Կովսականում (Զանգելան) կառուցում են դիջիթալ ավան՝ հենց Իրանի սահմանի մոտ։ Ընթացիկ տարվա հունիսի 18-ին Իսրայելի գյուղատնտեսության նախարար Աուդ Ֆուրը Բաքվում էր։ Նա այցելել է նաեւ կառուցվող այդ ավան, որն Իրանի սահմանից ընդամենը 7 կմ հեռավորության վրա է։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31