Այս՝ որբի, ծեծվածի ու հալածվածի կերպարից դուրս գալու համար պարտադիր չէ, որ դու 120 հազարանոց հզոր բանակ ունենաս եւ միջուկային զենք։ Սրա համար միանգամայն բավարար է, որ դու 20 հազարանոց պատրաստված ու կոփված բանակ ունենաս, նվազագույն զենք-զինամթերք եւ սահմանին պաշտպանական կուռ կառույցներ։ Չէ որ թշնամին տեսնում է, որ քո 19-ամյա անզեն ու անպաշտպան զինվորիկները քնում են կարկատած վրաններում, որ դու հույսդ դրել ես խաղաղություն մուրալու քաղաքականության վրա, որ նվազագույն զենք չունես եւ բոլոր դաշնակիցներիդ հետ խնդիրներ ունես։
Եթե գոնե 2 տարվա ընթացքում սահմանային կառույցներ ստեղծած լինեիր՝ անհեթեթ միջոցառումներ ֆինանսավորելու եւ պորտաբույծ պաշտոնյաներին պարգեւավճարներ տալու փոխարեն։ Եթե սահմանին զորավարժություններ անեիր, այդ թվում՝ ռուսական ու իրանական բանակի հետ։ Եթե տեսնեին, որ քո ՀՕՊ-ը կազմ-պատրաստ է, չի թողնելու, որ ամենապրիմիտիվ ԱԹՍ-ներն օդից քեզ խոցեն։ Եթե համարձակ լինեիր, չվախենայիր եւ խաղաղություն չմուրայիր․․․ Թշնամին, մինչեւ քո սահմանը խախտելը եւ քո սահմանամերձ գյուղերի վրա կրակելը, տասն անգամ կչափեր։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Հարգելի Արմինե Օհանյան, Դուք ամեն ինչ դիպուկ և ճիշտ եք գրել: Բայց որպեսզի Ձեր թվարկած բոլոր եթե-ներով մտահոգությունները դրական լուծում ստանային կամ գոնե հիմա լուծում ստանան (դեռևս ուշ չէ), անհրաժեշտ է, որ հայերս պահանջատեր և հայրենատեր լինենք: Մենք հանրահավաքներին հաճախ վանկարկում ենք «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը, բայց մեզ ավելի շատ երևի ոգևորում է դրա հնչեղությունը, իսկ բուն բովանդակությունն իրագործելու համար ոչ մի ջանք չենք գործադրում և առանց պայքարի թույլ ենք տալիս այս անկարող իշխանությանը, որ նա շարունակի մսխել մեր երկրի մնացած բոլոր ռեսուրսները:
2018-ին մենք ազգովի, դը՛մփ-դը՛մփ-հու՛-երով թատերականացված իշխանափոխություն արեցինք, իշխանության ղեկին բերելով ճառ ասողին և ոչ թե՝ զանգ կախողին:
Մեզնից ոմանք երևի կարմիր բերետավոր բարեկամ կամ ազգակից կունենանք, որին հանդիպելիս հավանաբար հետաքրքրվում ենք նրա առողջությամբ, ընտանիքի վիճակով, բայց երբեք մեզ թույլ չենք տալիս նրան ամոթանք տալ՝ պատերազմում զոհվածների ծնողներին եռաբլուրում քարշ տալով հեռացնելու համար:
Մենք ունենք ընդդիմադիր կուսակցություններ, որոնք մեր երկրի համար այս բախտորոշ պահին սսկված հետևում են եռակողմ, քառակողմ կոչված հանդիպումներին և համբերատար սպասում են, թե երբ է ինչ-որ բանից զայրացած ժողովուրդը լցվելու փողոցները, որպեսզի իրենք էլ վերցնեն բարձրախոսները և լիդերություն անեն: Իսկ ժողովուրդն էլ իր հերթին հեշտությամբ թույլ է տալիս, որ իշխանությանը քննադատող համայնքապետերին, սպաներին, կամավորականներին, հանրահավաքների ակտիվ մասնակիցներին ուժային կառույցները ձերբակալեն, իսկ քննչական մարմիններն էլ նրանց վրա շինծու գործեր կարեն և բողոքի ալիք չի բարձրացնում:
Քանի դեռ այս ամենը մենք թույլ ենք տալիս, հիվանդագին ավանդույթները շարունակվելու են: