Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության վիճակը Հայաստանի և մասնավորապես մայրաքաղաք Երևանի համար մի քիչ տարօրինակ է․ «Փաստ»

Հոկտեմբեր 08,2022 10:26

Որևէ երկրի առաջընթաց միավեկտոր գործընթաց չէ. այն բազմակողմանիության մեջ պետք է դիտարկել, քանի որ խնդիրները մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Անտեսելով ներկա բարդագույն վիճակում արտաքուստ մանր թվացող հարցերը՝ ի վերջո, գլոբալ առումով որևէ խնդրի այդպես էլ լուծում չի տրվելու: Դրանցից մեկն էլ երթևեկության թեման է, ինչին տարբեր երկրներում վերջին տարիներին հատուկ ուշադրություն են դարձնում։ Հայաստանում նույնպես այս թեմայի որոշ ասպեկտներ ուշադրության են արժանի։ Ընդ որում, ամենակարևոր հարցն առաջին հերթին վերաբերում է խցանումներին։ Հասկանալի է՝ երևանյան խցանումներին: Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ Երևանի կենտրոնում շատ մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են տեղակայվել, և դա է պատճառը, որ շատ հաճախ մեքենա կանգնեցնելու տեղ չկա, կամ էլ մեքենաները կանգնեցված են շատ անհարմար վայրերում՝ անգամ մայթերի վրա։

Պարզ է՝ խորհրդային ժամանակաշրջանից մնացած փողոցները նախատեսված են եղել փոքր թվով մեքենաների համար, իսկ հիմա իրավիճակը փոխվել է, և այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Ու հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ աշխատանքի սկսվելու և վերջանալու ժամերին մարդիկ ահռելի ժամանակ են անցկացնում խցանումների մեջ։ Իսկ երբ պատահար է տեղի ունենում, ապա վթարված մեքենաները (եթե նույնիսկ քիչ են վնասվել) կանգնած մնում են տեղում, մինչև ոստիկանությունը, ԱՊՊԱ գործակալները գան և արձանագրեն։ Իսկ այդ ժամանակ հսկայական խցանումներ են գոյանում։ Պատահում են նաև դեպքեր, երբ էլեկտրականության անջատումների կամ այլ պատճառներով լուսացույցները չեն աշխատում, ինչի հետևանքով երկար խցանումներ են գոյանում։

Եթե նման խցանումներ լինեին մեծ մեգապոլիսներում, կարելի էր ինչ-որ չափով ընկալելի համարել, բայց շատ դեպքերում նույնիսկ բազմամիլիոնանոց քաղաքներում երթևեկությունն արդյունավետ կարգավորվում է։ Ուստի, նման վիճակը Հայաստանի և մասնավորապես մայրաքաղաք Երևանի համար մի քիչ տարօրինակ է, քանի որ կարելի էր ժամանակի ընթացքում քաղաքը բեռնաթափել, իսկ երթևեկությունն ապակենտրոնացնել, օգտագործել խելացի լուսացույցներ և այլն։ Միևնույն ժամանակ, մեքենաների քանակի կուտակման թեթևացումը կնվազեցնի նաև աղտոտման մակարդակն ու աղմուկը։ Իսկ երթևեկության ապակենտրոնացման համար հարկավոր է որոշ կարևոր հաստատություններ տեղափոխել այլ վայրեր, և դա անել խելամտորեն, այլ ոչ թե կամայականորեն։

Օրինակ՝ իշխանությունները ցանկանում են համալսարանները Աշտարակ տեղափոխել։ Այդ դեպքում արդեն դեպի Աշտարակ տանող ճանապարհն է խցանվելու, իսկ երթևեկության կաթվածահար վիճակը մասամբ տեղափոխվելու է Աշտարակ՝ միևնույն ժամանակ չլուծելով Երևանի երթևեկության խնդիրը։ Պետք է նաև լուծել կայանատեղիների խնդիրը և կայանման համար այնպիսի տարածքներ առանձնացնել, որ ճանապարհների բեռը թեթևացվի։ Հակառակ պարագայում հատկապես նեղ փողոցներում ամբողջ երկու շարք փաստացի զբաղեցվում է կայանված մեքենաների կողմից՝ ավելի բարդացնելով վիճակը: Վերջերս կառավարությունը որոշել է փոփոխություններ անել «կարմիր գծերի» մասով. ԱԺ-ի կողմից համապատասխան օրենսդրական փոփոխություններն ընդունելու դեպքում, ամենայն հավանականությամբ, Կենտրոնում կայանումը էապես կթանկանա: Սա ճիշտ որոշում է, սակայն պակաս կարևոր չէ, որ թանկացումը վերաբերի երկարաժամկետ կայանման դեպքերին, այլ ոչ մինչև մեկ ժամ կայանմանը:

Եվ հետո՝ Երևանի մետրոպոլիտենի ցանցը, ցավոք, թույլ չի տալիս այնպիսի արմատական լուծումների գնալ, որ սեփական ավտոմեքենայով Կենտրոն «իջնելը» ձեռնտու չլինի… Մյուս խնդիրը վերաբերում է վարորդների իրազեկվածությանը, ինչի բացակայությունը հաճախ պատճառ է դառնում ոչ միայն խցանումների առաջացման, այլև վիճաբանությունների և դժբախտ պատահարների։ Օրինակ՝ որոշակի պահանջներ և քննություններ են դրված վարորդական իրավունք ձեռքբերելու համար, սակայն համապատասխան աշխատանքներ չեն տարվում «գործող» վարորդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և ընդունված կանոնները պահելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների նախաձեռնության արդյունքում վարորդների համար բալային համակարգ ներդրվեց, որը ընդամենը պատժելու համար է, սակայն միայն պատժի համակարգի ներդրումը բավարար չէ։ Ուշադրություն չի դարձվում նաև անվտանգության միջոցառումներին։ Մեկ այլ պրոբլեմատիկ հարց էլ ճանապարհներին է վերաբերում։

 

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31