Լրահոս
Օրվա լրահոսը

Նվարդ Թումանյանից մինչև Վլադիմիր Կիրակոսյան, Անահիտ Վարդանյան․ թումանյանագիտության երախտավորների անկյուն՝ Թումանյանի թանգարանում

Հոկտեմբեր 08,2022 10:10

Հովհաննես Թումանյանի թանգարանում օրերս բացվեց թումանյանագիտության երախտավորների անկյուն։ Այս տարի լրացավ Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի ծննդյան 130-ամյակը։ Նա առաջին թումանյանագետներից մեկն է։ Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց՝ որպես Թումանյանի ընտանիքի ներկայացուցիչ և թումանյանագետների առանցքում կանգնած անձ՝ թանգարանի նախաձեռնությամբ որոշվել է Նվարդ Թումանյանի հոբելյանի առիթով  թանգարանում ունենալ մշտական անկյուն՝ թումանյանագիտության երախտավորների վառ հիշատակը պահելու համար։

Այս անկյունում են ամփոփված Նվարդ Թումանյանի, Էդվարդ Ջրբաշյանի, Արամ Ինճիկյանի, Հրանտ Թամրազյանի, Լևոն Հախվերդյանի, Վլադիմիր Կիրակոսյանի, Հասմիկ Աբեղյանի, Անահիտ Չարենցի, Անահիտ Վարդանյանի և այլոց անձնական իրերը։

Անվանի գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանի դուստրը՝ Լյուբա Կիրակոսյանը, թանգարանում կազմակերպված ցերեկույթի ընթացքում գրականագետի անձնական իրերից հանձնեց Թումանյանի թանգարանին։

Aravot.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն իր այս նախաձեռնության մասին ասաց․ «Պարբերաբար թանգարանում հավաքվել են մարդիկ, որոնք մշտապես իրենց գործունեության ընթացքում ծառայել են Թումանյանին և թումանյանագիտությանը: Ուստի միտք ծագեց ինչ-որ կերպ շնորհակալ լինել թումանյանագիտության երախտավորներին և այն սենյակում, որտեղ այսօր էլ թանգարանի աշխատակիցները շարունակում են զբաղվել թումանյանագիտությամբ, որպես նրանց խրախուսման, ոգևորման, ոգեշնչման աղբյուր, բացվեց այդ անկյունը, որ ամեն անգամ այդ պատկառելի մեծերին՝ թումանյանագիտության երախտավորներին նայելով՝ իրենք լցվեն էներգիայով և շարունակեն այն, ինչ իրենք ստացել են»։

ԵՊՀ հայ գրականության պատմության  ամբիոնի պատվավոր վարիչ, բ. գ. դ., պրոֆ., Սամվել Մուրադյանը, խոսելով թումանյանագիտության երախտավորներ Նվարդ Թումանյանի, Վլադիմիր Կիրակոսյանի և Անահիտ Վարդանյանի մասին, ասաց․ «Մի մեծ աշխարհ է Նվարդ Թումանյանը, մի ուրիշ մեծ աշխարհ Վլադիմիր Կիրակոսյանը, մի ուրիշ աշխարհ է Հասմիկ Աբեղյանը։ Նվարդ Թումանյանի «Հուշեր և զրույցներ» գիրքը շատ կարևոր է թումանյանագիտության համար։ Եվ աղջիկների հարցում Թումանյանը բախտավոր էր՝ հակառակ տղաների դժբախտ ճակատագրի։ Լավ գիտենք, թե ինչպես են 37-ին շատերի հետ ստալինյան բռնաճնշումներին զոհ դառնում Թումանյանի երեք զավակները։ Նվարդն ու Աշխենն իսկապես Թումանյանի կենսագրությունը, նրա կյանքի դրվագները հավաքելու և գրավոր փոխանցելու առումով, թումանյանագիտության հիմքերը դնելով՝ մեծ դերակատարություն են ունեցել, քանի որ հետագայում թումանյանագետները հենվել են նրանց հավաքած տվյալների վրա»։

Խոսելով անվանի գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանի մասին` պրոֆեսորն ասաց․ «Վլադիմիր Կիրակոսյանն իր ողջ գիտակցական կյանքում ծառայել է հայ գրականությանը և նրա մեծ դեմքերին ու հատկապես Թումանյանին։ Գրականության ինստիտուտի հետ համալսարանի կապը հիմնականում իրականացվում էր նրա միջոցով ու ջանքերով։ Տեսնում ենք մեծ ներդրում, մանավանդ, որ մեծ հեղինակների մասին գրելու իրավունք նվաճել էին այն ժամանակների մեծ գրականագետները, իսկ Վլադիմիր Կիրակոսյանին մնում էր սև աշխատանքը, որ այդքան էլ հաճելի չէր, բայց դա անում էր հաճույքով։ Գերագույն հաճույքով նա 1965-ին կարողացավ հրատարակել Ռուբեն Սևակի մասին իր աշխատությունը։ Այդ հինգհատորյակը եթե բացեք, հետագա բոլոր հատորներում այլ գրողների բոլոր բաժինները գրվել են նրա ձեռքով»։

Անի Եղիազարյանն էլ իր խոսքում նշեց․ «Անահիտ Վարդանյանն առաջիններից մեկն է, որը հիմնավորապես ուսումնասիրել է Թումանյանի հեքիաթները։ Այս անկյունում Լուսիկ Կարապետյանն է՝ Թումանյանի՝ հատկապես հասարակական գործունեության մեծածավալ աշխատանքներով և խոշորացույցով արած իր գործերով։ Այստեղ պարոն Վլադիմիր Կիրակոսյանի անկյունն է։ Ինձ համար գիտական աշխարհում համալսարանական, պրոֆեսորադասախոսական կազմից հետո ակադեմիայի միջավայրում եղավ պարոն Կիրակոսյանը, և իմ՝ այս աշխարհում լինելու մղիչ ուժերից մեկը, եթե ոչ հիմնականը, ինքն է եղել։ Մեծագույն աշխատանքը Գրականության ինստիտուտի թումանյանագիտության բաժինը կատարել է պարոն Կիրակոսյանի ղեկավարությամբ՝ կազմելով տարեգրության այս քառահատորյակը, դրանք թումանյանագիտության անկյունաքարային կոթողներ են, որոնք օրինակ են լինելու այսուհետ որևէ մտավորականի, գրողի գրական ժառանգության կյանքի տարեգրության կազմման համար»։

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հովհաննես Թումանյանի կյանքի և գործունեության տարեգրության խմբի ղեկավարը երկար տարիներ Վլադիմիր Կիրակոսյանն էր։ Այժմ խումբը ղեկավարում է բանասիրական գիտություններ դոկտոր Եվա Մնացականյանը։ Նա, խոսելով թումանյանագիտության երախտավորների մասին, նկատեց․ «Մեր երախտավորները բոլորը կարծես թե ինչ-որ մի հետաքրքիր ընդհանրություն ունեն, և դա կապում եմ թումանյանական ընդհանրության հետ։ Բոլորը բարի, ազնիվ նվիրյալներ էին և պատրաստ էին իրենց դիմող ցանկացած մարդու օգնել։ Այնքան սեր ու ջերմություն ունեին, որ դա բավարար էր բոլորի համար»։

Թումանյանագիտական անկյունում անվանի գրականագետների անձնական իրերի կողքին դրված են այս պահին մեր կողքին արարող մարդկանց գիտական աշխատանքները, որոնք ըստ Անի Եղիազարյանի՝ ապացուցում են նաև այդ մեծ ժառանգության շարունակականության ապահովումը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31