Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քառակողմ հայտարարության կողմերը

Հոկտեմբեր 08,2022 10:00

«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Այս արձանագրումն է արվում Պրահայում կայացած Փաշինյան-Ալիեւ-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպման արդյունքներով հրապարակած հայտարարության մեջ:

Գուցե ես սխալվում եմ, բայց ինձ թվում է՝ Ալմա-Աթայի Հռչակագրին հղումը կատարվել է հայկական կողմի առաջարկով: Ես այդպես եմ կարծում, որովհետեւ այդ հղումը համապատասխանում է իշխանության հիմնական քարոզչական թեզին, համաձայն որի, «նախկինները» (տվյալ դեպքում՝ Տեր-Պետրոսյանը) վաղուց արդեն ամեն ինչ հանձնել-պրծել են:

Եկեք, սակայն, չզլանանք եւ բացենք այն փաստաթուղթը, որը 11 երկրների ղեկավարները ստորագրել էին 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում (Բալթյան հանրապետությունների մասին խոսք, բնականաբար, չկար, իսկ Վրաստանն այդ Հռչակագրին միացել է 1993 թվականին): Ըստ այդմ, անկախ պետությունները ձգտում են «կառուցել ժողովրդավարական իրավական պետություններ, որոնց միջեւ հարաբերությունները զարգանալու են պետական ինքնիշխանության եւ ինքնիշխան հավասարության, ինքնորոշման անօտարելի իրավունքի (ուշադրություն դարձրեք այդ կետի վրա-Ա.Ա.), իրավահավասարության եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու… փոխադարձ ճանաչման եւ հարգանքի վրա»: Եվ առանձին կետ կա՝ «ճանաչելով եւ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անքակտելիությունը»:

Համաձայնեք, մեծ տարբերություն կա, երբ 1991 թվականին տարածքային ամբողջականության մասին խոսվում է ինքնորոշման անօտարելի իրավունքի (неотъемлимое право) եւ ուժ չկիրառելու հետ զուգահեռ, իսկ 2022 թվականին նշվում է միայն տարածքային ամբողջականությունը՝ այն պարագայում, երբ մենք ունենք 120 հազար հայրենակիցներ, որոնց գլխին մահացու վտանգ է կախված: Էլ չասած, որ տարածքային ամբողջականությունը ճանաչելու թեզն առաջ է քաշվում այն դեպքում, երբ ադրբեջանական զինուժը գտնվում է Հայաստանի տարածքում, եւ հարեւան երկիրը հավակնություններ ունի, այսպես կոչված, «անկլավների» նկատմամբ:

Բայց հայտնի է, որ դիվանագիտության մեջ այսպես է՝ ինչ- որ բան տալիս ես, ինչ-որ բան ստանալու դիմաց: Ընդունենք, որ մեզ համար «փոխհատուցումը» հետեւյալն է (մեջբերում եմ նույն քառակողմ հայտարարությունից). «Հայաստանը համաձայնություն է հայտնել՝ նպաստելու ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ՝ որքանով որ առնչություն կունենա։ Առաքելության աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամսով»:

Արդյոք դա երաշխի՞ք է, որ այդ երկու ամսում ադրբեջանական կողմը սադրանքներ չի իրականացնի: Վստահ չեմ, եւ դրա մասին անուղղակիորեն խոսում է այն հանգամանքը, որ այդ քաղաքացիական առաքելության նկատմամբ կողմերի վերաբերմունքը տարբեր է՝ Հայաստանը նպաստում է, Ադրբեջանը համագործակցում է՝ վերապահումով: Բայց եթե հերթական զիջման գինը մեր սահմաններում հարաբերական հանգստությունն է, դա, թերեւս, ոչ փայլուն, բայց գոնե ինչ-որ չափով դրական արդյունք կլինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ամեն մեկի հետ պետք է խոսել նրան հասկանանալի լեզվով, մեկը հասկանում է մարդկային լեզուն, մյուսը հասկանում է վայրի կենդանու լեզուն, չի կարելի վայրի կենդանու հետ խոսել մարդկային լեզվով, եւրոպաների հետ պետք է խոսել մարդկային լեզվով, իսկ ուժի լեզվով պետք է խոսել միայն այդ լեզուն հասկացողների հետ, պոլիգլոտ 🙂 պետք է դառնալ, ինչքան շատ լեզու գիտես, այնքան քեզ կհարգեն ու կլսեն:

  2. Հայկ համբարձումեան says:

    “ինչ- որ բան տալիս ես, ինչ-որ բան ստանալու դիմաց:”

    Բուն խնդիրը ձեր այս տողին մէջ է որ կը յայտնուի.
    տուողը ով է գիտենք, բայց ստացողը ո՞վ է։ Ձեր յաջորդ տողը կ՝ըսէ «մեզ». իսկապէ՞ս. ձեր կարծիքով իշխանութեան այս բոլոր տուած յանձնածները «մե՞զ» համար են. այսքանէն ետք արդէն ծիծաղելի է։

    Իսկ յօդուածի վերջին տողը արդէն զարհուրելի անկում է. ոչ իսկ կը գրեմ ինչու, դուք վերակարդացէք ձեր գրածը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31