Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Խալաթյան․ «Ջրբաժանին ենք, կասեի՝ վիհի եզրին, և մի աննշան ցնցումն իսկ կարող է կործանարար լինել»․ «Փաստ»

Հոկտեմբեր 08,2022 09:37

Այս օրերին հաճախ ենք լսում՝ հայտնվել ենք լինել-չլինելու ջրբաժանին: Դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանն ասում է՝ շատերին թվում է, թե լինել-չլինելը մոգոնած է կամ չափազանցված, և կարճատեսորեն չեն հասկանում, որ դա վաղն իսկ գոյություն չունենալը չէ, այլ քայքայիչ, բարոյալքող գործընթաց է, որը մի ինչ-որ պահի դառնում է անկասելի և կործանում է պետականությունդ, մշակույթդ ու ազգը:

«Այո, դրա ջրբաժանին ենք, կասեի՝ վիհի եզրին, և մի աննշան ցնցումն իսկ կարող է կործանարար լինել: Տևական ժամանակ թե՛ ներսից՝ ազգի ցեցերի կողմից, թե՛ դրսից՝ մասոնասորոսական ու աշխարհաքաղաքական վերադասավորումների ձգտող ուժերի կողմից, նախ՝ հանրությանը մղեցին մոլի ընչաքաղցության, դրա հետ ազգային արժեքների բարոյալքման, դարավոր հավատքի նկատմամբ դրժողականության: Օգտագործվեցին հանրության վրա մեծ ազդեցություն գործող համակարգեր՝ սորոսական ՀԿ-ների բազմաճյուղ քայքայիչ գործունեություն, աղանդավորության տարածում, «աշխարհի քաղաքացի» լինելու խայծ, որով ներմուծվեց «եվրոպական արժեքներ» աղբը՝ միասեռականություն, անբարո և անարվեստ մշակույթ և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:

Ընդգծում է՝ 88-ից ի վեր, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երկրորդ պլան էր մղվել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործը, ի լրումն՝ այդ բնագավառում ներմուծվեցին ուսուցման և գնահատման սաղր արդյունքներ տվող համակարգեր:

«Դրանց իրագործմամբ հրատարակվեցին նոր դասագրքեր, մեթոդական ուղեցույցներ, և այսօրվա հասուն տարիք ունեցողները՝ ակտիվ իրադրության տերերը, դրա զոհերն են կամ, ավելի ճիշտ, դրա հետևանքով անկիրթ, բարոյահոգեբանորեն հաշմանդամ դարձածները: Գունավոր հեղափոխության գաղափարը հասունացվեց կոռումպացված իշխանությունը փոխելու անկասելի ցանկությամբ, «կախարդական փայտիկով» ոսկե սարեր խոստանալով: Կոռումպացված իշխանությունը, որի հենարանները «բիրդան-աղա» օլիգարխներն էին, պատեհապաշտներն ու պաշտոնամոլները, չկարողացավ դիմադրել և զիջեց իր տեղը: Իշխանափոխությունից հետո «կախարդական փայտիկը» դարձավ մուրճ, պետության քայքայումն ու ժողովրդի բարոյալքության գործը շարունակվեց արդեն նորօրյա իշխանիկների միջոցով՝ գրականության, պատմության դասաժամերը պակասեցնելուց, կրոնի պատմության դասավանդումը արգելելուց սկսած մինչև իշխանության, իրավապաշտպան ու դատական համակարգերի ու բանակի քայքայումը: Այս ամենն ուղեկցվեց ժողովրդին սև-սպիտակի բաժանելով՝ միմյանց դեմ թշնամական դիրքորոշում ստեղծելով, նախկին իշխանավորների նկատմամբ մեծ ատելություն սերմանելով, նրանց կողմից երբևէ կատարած դրական գործերը ժխտելով, ճշմարիտ գործիչներին ու մտավորականությանը վարկաբեկելով, դաշնակիցներից երես թեքելով, արտաքին քաղաքականությունը ձախողելով»,-նշում է նա:

Հավելում է՝ դարավոր թշնամին, որ այս բոլոր վերաձևումներում իր գաղտնի մասնակցային դերն ուներ, պատերազմ սանձազերծեց: «Ամոթալի, դավաճանական հայտնի և անհայտ դրվագներով պարտություն կրեցինք՝ տալով հազարավոր զոհեր: Ժողովուրդն ընկճախտի մեջ հայտնվեց: Մասնագիտորեն գիտակից կադրերն ու բարոյահոգեբանական արժեքների նախկին սյուներն արդեն չկան, որոնց վրա հենվելով՝ կարողանանք ոտքի կանգնել: Երկրի տնտեսությունն ու բանակի հզորությունը քայքայված են, և ներքին կարգուկանոնը պահպանելու, ձախողված իշխանությունը պաշտպանելու համար, բնական է, որ ոստիկանական ուժերը պիտի հզորացվեին: Թիվ մեկ դաշնակցի «գլուխը խառն է», բացի այդ, իր շահերը հետապնդելով՝ տարածաշրջանում «իր ոտքի տեղն» արդեն արել է, և նա, ում դեմ մեր արևմտադավանները սկսել են ժխտողական, ատելության ակցիաներ իրականացնել, թքած ունի, թե դու լինել-չլինելու տառապանքի մեջ ես: Երբ հարկ կհամարի՝ կմիջամտի, իսկ առայժմ թույլ է տալիս, որ «վայելես» քո անհեռատեսության ու անխելքության պտուղները: Եվ ահա, այս մթնոլորտում, իշխանությունները պարտադրվա՞ծ, թե՞ ծրագրած քայլերով զիջումների են գնում թշնամուն: Հիմա՝ ջրբաժանի՞ ենք հասել, թե՞ կործանարար վիհի եզրին»,-հավելում է դրամատուրգը:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31